Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի թողարկած պարտատոմսերը տեղաբաշխվել են նախատեսված ժամկետից շուտ․ ո՞րն է թողարկման նպատակը

Փետրվար 14,2024 14:28

ՀէՑ-ի թողարկած պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, ընկերությունը դարձել է ամենաբարձր վարկանիշով թողարկողը Հայաստանում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Դեկտեմբերի 11-ին մենք ներկայացրեցինք պարտատոմսերի թողարկումը։ Թողարկել ենք 32 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ պարտատոմսեր, որոնք սպառվեցին, տեղաբաշխվեցին նախատեսված ժամկետից ավելի սեղմ ժամկետում։ Եվ տեղաբաշխվեց շատ բազմազան ներդրողներով։ Ձեռքբերումների 36,1 տոկոսը բանկերն են, 53 տոկոսը կենսաթոշակային հիմնադրամները եւ 10,8 տոկոսը՝ մանրածախ ներդրողները։ Բայց ներդրողների քանակը ընդհանուր 311 է, որից 14-ն են միայն բանկեր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ, մնացած 297-ը ֆիզիկական ու իրավաբանական անձինք են»,- ասաց նա։

Կարեն Հարությունյանը նշեց, որ սա ամենաբարձր վարկանիշով թողարկումն է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ՀԷՑ-ն ունի ամենաբարձր վարկանիշը՝ ըստ միջազգային գնահատող «Մուդիս» կազմակերպության։ Նաեւ սա հանրապետությունում ընդհանրապես խոշորագույն դրամային պարտատոմսերի թողարկումն է։

«Թողարկման ծավալը եւ եկամտաբերությունը համադրելի են ՀՀ պետական պարտատոմսերի հետ։ Մեր տեղաբաշխման հնարավորությունը չի ավարտվում պարտատոմսերի ձեռքբերմամբ, արդեն կլինեն բորսայում, եւ բոլոր ցանկացողները կկարողանան երկրորդային շուկայից ձեռք բերել մեր պարտատոմսերը։ Ինչպես նաեւ, գիտեք, բանկերը կատարելու են երկրորդային շուկայից ձեռքբերումներ, դրանք պետական պարտատոմսերի հետ միասին կիրառվելու են որպես ռեպո գործիք, որպես կարճաժամկետ կամ երկարաժամկետ գրավի առարկա՝ պետական պարտատոմսերի հետ հավասար չափորոշիչներով»,- հավելեց ՀԷՑ գլխավոր տնօրենը։

Պարտատոմսերի թողարկման նպատակը ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաեւ ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին եւ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829