Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր «առաջին բույրից»․ արդյո՞ք ֆերոմոններն իսկապես աշխատում են

Փետրվար 14,2024 09:42

Այսօր ամենուր կարելի է հանդիպել ֆերոմոններ պարունակող օծանելիքների, որոնք, ըստ արտադրողի, կարող են գրավել զուգընկերոջը, խթանել նրա սեռական ցանկությունը և այլն, և թեև չկան անհերքելի ապացույցներ, որ ֆերոմոններն իսկապես ազդում են մարդու սեռական վարքագծի վրա, բայց և դրանց ազդեցությունը չի էլ բացառվում գիտնականների կողմից։

Ֆերոմոնների հանդեպ հետաքրքրությունը սկսվեց XIX դ-ում, երբ ֆրանսիացի միջատաբան Ժան Անրի Ֆաբրը առաջինը ենթադրեց, որ արու միջատներն էգերին գտնում են բույրերի միջոցով։ Նրան ոչ մեկը չէր հավատում, մինչև որ 1950-ական թթ․ դոկտոր Ադոլֆ Բուտենանդտի ղեկավարությամբ չսկսեց աշխատել գերմանացի հետազոտողների խումբը։ Ֆաբրի հիպոթեզի հիմնավորումը բավականին բարդ էր, դրա համար պահանջվեց մի քանի տարի և արդյունքում ոչնչացվեց գրեթե կես միլիոն շերամի որդ՝ համոզվելու համար, որ հենց ցնդող հատուկ նյութերն են ստիպում արուներին կորցնել գլուխն ու սլանալ էգերի մոտ։

Ժան Անրի Ֆաբր

Հետազոտության ընթացքում միջատների սեռական գեղձերից ստացված սպիտակուցային միացություններից մեկն էլ հենց ֆերոմոնն էր, որը, հայտնաբերվելով 1959 թ․-ին, անվանվեց բոմբիկոլ՝ ոչնչացված հազարավոր շերամի որդերի պատվին, որոնց անունը լատիներենով հնչում է Bombyx mori։ Բոմբիկոլն արտադրվում է էգ շերամի օրգանիզմում և նախատեսված է արուներին գրավելու համար։ Ինչպես պարզվել էր, անգամ շատ ցածր խտությամբ ֆերոմոնային ազդանշանները կարող են տարածվել հսկայական տարածություններով՝ կատարելով իրենց առաքելությունը։ Ոգեշնչված գերմանացի գործընկերների հաջողությամբ՝ գիտնականներն աշխարհի տարբեր անկյուններում սկսեցին փորձեր իրականացնել այլ միջատների վրա՝ բացահայտելով բոմբիկոլի նման այլ միացություններ։

Շերամ

Կաթնասունների վրա կատարված փորձերը ցույց տվեցին, որ նման մեխանիզմներ աշխատում են նաև մկների դեպքում, այնուհետև ենթադրվեց, որ դա նաև կարող է գործել մարդկանց դեպքում։ Սակայն միջատների ֆերոմոնային համակարգը հասկանալն ավելի հեշտ էր, քան կաթնասունների դեպքում, որոնք չունեն միջատների կարծրատիպային վարքագիծը։ Սակայն հետազոտողները նկատել էին, որ կաթնասունները կարողանում են հայտնաբերել ֆերոմոնները քթում տեղակայված օրգանի միջոցով, որը կապված է հիպոթալամուսի հետ։

Գերմանացի բժիշկ-հիգիենիստ Գուստավ Յագերն առաջին գիտնականն էր, որն առաջ է քաշել մարդկանց ֆերոմոնների գաղափարը՝ դրանք անվանելով անտրոպիններ։ Յագերը դրանք բնորոշում էր որպես մաշկի և ֆոլեկուլների հետ կապված լիպոֆիլային միացություններ, որոնք պայմանավորում են մարդու անհատական բույրը․ լիպոֆիլային միացություններ են համարվում այն միացությունները, որոնք կապվում են լիպիդների կամ ճարպերի հետ՝ լուծվելով դրանց մեջ։

Ֆերոմոնների ազդեցությունը մարդկանց վարքագծի վրա ստուգելը դժվար էր, սակայն գիտնականները հետաքրքիր լուծում գտան․ կանանց առաջարկեցին հոտոտել տղամարդկանց հագած շապիկներ՝ ընտրելով իրենց համար ավելի հաճելի բույր ունեցող օրինակը։

Հետաքրքիր էր, որ արդյունքում մասնակից կանայք ընտրեցին իրենցից գեներով առավելագույնս տարբերվող, բայց իրենց ռասայի ներկայացուցիչ հանդիսացող տղամարդկանց շապիկները։ Սակայն, այնուամենայնիվ, դժվար է հստակորեն սահմանել ֆերոմոնների դերը սեռական ձգողականության հարցում։ Մարդու գլխուղեղը շատ զարգացած է, ի տարբերություն հոտառության, ուստի դժվար է որոշել մարդկանց սեռական վարքագծի վրա ֆերոմոնների ազդեցության աստիճանը։

Չնայած տվյալների բացակայությանը, ապացույցները բազմաթիվ են, թե ինչպես են բույրերն ազդում զուգընկերոջ ընտրության վրա։ Այժմ ընդունված է համարել, որ մարդկային ֆերոմոններն, այնուամենայնիվ, գոյություն ունեն և իրենցից ներկայացնում են սեռական հորմոնների և մաշկի վրա ապրող մանրէների փոփոխված մոլեկուլների համադրություն։ Քանի որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմի միկրոֆլորան յուրահատուկ է, յուրահատուկ է նաև տվյալ մարդու բույրը․ պատահական չէ, որ աշխարհին դեռ լիովին անծանոթ նորածինը անսխալ ճանաչում է իր մորը։ Ինչ վերաբերում է ֆերոմոններով օծանելիքներին կամ խնամքի այլ միջոցներին, դժվար թե դրանք ազդում են այնպես, ինչպես նկարագրում են արտադրողները, քանի որ բույրերի աշխարհում ամեն ինչ շատ անհատական է, և դժվար է հաստատել, որ մեկ միջոցը կարող է ունիվերսալ լինել բոլոր կանանց ու տղամարդկանց համար։

Ի վերջո, ի՞նչ են ֆերոմոնները

Ֆերոմոնները քիմիական նյութեր են, որոնք, արտադրվելով կենդանի օրգանիզմում, ազդում են նույն տեսակի կենդանի օրգանիզմի վարքագծի վրա։

Մասնագիտական գրականությունում ֆերոմոնները բնութագրվում են որպես վարքագծի վրա ազդող ագենտներ, սակայն ի տարբերություն հորմոնների, որոնք ազդում են այն օրգանիզմի վրա, որի կողմից արտադրվում են, ֆերոմոններն ազդում են դիմացինի վրա։ Ըստ այդմ, Ֆերոմոնները համարվում են էկտոհորմոններ։

Փաստեր ֆերոմոնների մասին

  • Ֆերոմոնները նման են հորմոններին, բայց գործում են օրգանիզմից դուրս։
  • Դրանք ակտիվություն են առաջացնում այլ օրգանիզմների մոտ, օրինակ՝ խթանում են սեռական ցանկությունը։
  • Բազմաթիվ միջատներ շփման համար օգտագործում են ֆերոմոնները։
  • Կան ֆերոմոնների 4 տեսակներ՝ ազդանշանային, առաջնային, ուղենշող, տարածքային։

Կենդանիների կողմից արտազատվող ֆերոմոնները մի շարք գործառույթներ են իրականացնում, օրինակ՝ 

  • տագնապ են հնչեցնում՝ հայտնելով մոտալուտ վտանգի մասին,
  • զգուշացնում են սննդի մասին,
  • սեռական ցանկություն են առաջացնում,
  • տարածք են նախանշում և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1,2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829