Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ սուտ են խոսում «բանակի բարեփոխումների» մասին, կամ…

Փետրվար 14,2024 10:00

ՔՊ-ական քարոզչությունը գլուխ է գովում, որ պաշտպանության վրա այսօր երեք անգամ ավելի շատ գումար է ծախսվում, քան 5 տարի առաջ: Որ բանակը «բարեփոխված է»՝ նկատի ունենալով, հավանաբար, որ ելակի եւ ներքնաշորերի խնդիրը լուծված է վերջնականապես: Բայց ամեն ինչի մասին պետք է դատել ըստ արդյունքների: «Չբարեփոխված», «թալանված», առանց ելակի եւ ներքնաշորերի բանակը մինչեւ 2018 թվականն իր խնդիրներն անհամեմատ ավելի լավ էր լուծում, քան դրանից հետո:

ՔՊ-ականներից մեկը պնդում է, որ այժմ Հայաստանում արտադրվում է 4-րդ, 5-րդ, թե 6-րդ սերնդի զենք: Ուզում եմ հավատալ, որ դա այդպես է: Դե, ուրեմն, եկեք այդ 4-5-6-րդ սերնդի զենքով դուրս շպրտենք ադրբեջանցիներին մեր ինքնիշխան տարածքից, որտեղից նրանք սպառնում են մեր անվտանգությանը եւ սպանում են մեր զինծառայողներին: Հակառակ դեպքում ես հակված կլինեմ մտածելու, որ «բարեփոխումների», զենքի եւ բյուջեի կտրուկ ավելացման մասին խոսակցությունները բլեֆ են՝ ուղղված ներքին լսարանին: Թե՞ ՀՀ իշխանությունները պատրաստվում են այդ ամենն օգտագործել մեկ ուրիշ տեղ, ասենք, Հյուսիսային բեւեռում:

Խնդիրն, իհարկե, բանակը չէ: Նորմալ քաղաքական ղեկավարության պարագայում ներկայիս վիճակով էլ բանակը կարող է ապահովել մեր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

Մեկ այլ ՔՊ-ական ասում է, որ երեկ առավոտյան Ներքին Հանդում զոհվածներն ու վիրավորը ԵԿՄ անդամ էին: Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ: Մենք կանոնավոր բանակ չունե՞նք, որ դիրքեր ենք ուղարկում հասարակական կազմակերպության անդամներին: Ո՞ւր մնացին այդ դեպքում պետականության եւ ինքնիշխանության մասին ճամարտակությունները:

Ես համաձայն եմ Փաշինյանի հետ, որ մենք ականապատ դաշտում ենք, եւ ամեն մի սխալ քայլ հանգեցնելու է պայթյունի: Բայց այս 5 տարվա ընթացքում նա մի քանի ականի վրա արդեն իսկ կանգնել է՝ առաջացնելով հզոր, սարսափելի եւ աղետալի պայթյուններ: Եվ շարունակում է ականների վրա կանգնել: Գիտելիքները չեն հերիքում՝ դրանք տեսնելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խնդիրը, բանակը՝ է:

    Անցած երեք տարիների կացութեան մէջ, Հայաստանին բաղդատելի ուրիշ որեւէ երկրի մը պարագային, Բանակը ստանձնած կ’ըլլար իշխանափոխութիւն կատարելու ազգային կենսական պարտականութիւնը:

    ՀՀ ԶՈՒ-ի բարձրագոյն սպայակազմի անդամները, աւելի ստորին չեն կրնար ըլլալ: Իսկ այդ պաշտօնէն դուրս շպրտուածները՝ այդքան խեղճուկրակ:

    Այդպիսի ռազմական ղեկավարութեամբ – որ ենթարկւում է վերեւի նկարին վրայ երեւցող նախարարի մը, եւ նրա տիրոջ նման մի տիրոջ -, բանակը, բանակ չէ: Այլ միայն՝ լաւագոյն մարդկանց սպանդանոց:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ruben says:

    Ժողովուրդն ընտրում է ծառային, ով պետք է ղեկավարի իրեն։ Ծառան ղեկավարում է ժողովրդին։ Աբսուրդ (անհեթեթություն): Ծառան կարող է ղեկավարել միայն ծառաներին (Օհլոսը միայն օհլոսին): «Պետությունը» ղեկավարում է ծառան: Բայց այդ ծառան ունի տեր: Եվ ծառան որոշեց «ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱ» – ի պես խորամանկել կամ և՛ հյուսիսային, և՛ հարավային արնագույն տերերին «քցել» (խաբել):
    «Ես համաձայն եմ Փաշինյանի հետ, որ մենք ականապատ դաշտում ենք, եւ ամեն մի սխալ քայլ հանգեցնելու է պայթյունի:»
    Ականների մասին: Կոնտինգենտի մեծ մասը հետևակն է՝ լինի դա հանրահավաքներում, թե մարտի դաշտում: Օրինակ, եթե ցանկանում եք չօգտվել մերձկասպյան նավթից ու գազից, չազատագրել մերձկասպյան ժողովուրդներին ստրկությունից, պետք է կիրառել հայկական ասացվածքը.՝ «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է»: Օրինակ՝ Ազգային-ազատագրական շարժման վերածննդին, Արարատի ստորոտով, Նախիջևանի կողքով, ցատկելով Շուշիի վրայով, կհայտնվեք Ստեփանակերտում։ Այդ «պատվերն» իրականացվեց առաջին ականի կողմից: Առաջին ականը դառնալով «ոսկյա», հրամայեց մետաղի ջարդոնի «արքային», Վանոյի թեւատակին դնել իր նմանակ «բրոնզե» պահուստայինին, բայց դանդաղ գործողության: Երկրորդը («արծաթյա») հայտնվեց այն պահին, երբ առաջինը սկսեց կորցնել փայլը։ «Բրոնզը» զբաղեցրել է երրորդ տեղը պատմական ականապատ դաշտում: Գունավոր մետաղները պահպանելու համար արտադրողը դրանք փոխարինեց «չուգունով»: Ղեկը չուգունից, անիվները դուբից, ծղոտե շարժիչ, Էշի կարդան… և իրենց ամենակարեւոր կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ: Ապագա կա»:
    Ով ստեղծվել է սողալու համար` թռչել չի կարող…

  3. Հ.Շ. says:

    այն ժամանակ, երբ որ վարչակարգի այսօրուայ ամենախիստ քննադատներից շատերը, տակաւին չէին արտայայտուեր…՝

    *Թագաւորը մերկ է (բայց զինուորները նոր տարազներ ունին…)* – 20.01.2019
    https://haytougchamlian.home.blog/թագաւորը-մերկ-է-բայց-զինորները-նոր-տար/
    հատուած՝
    « Ի դէպ, ոմանք ուրախ են որ բանակում երեխէքը մի քիչ աւելի լաւ են ուտում, աւելի լաւ շորեր ունեն… Այդ ամէնը ի՞նչ արժէք ունի, եթէ իրենց այդ ուտելիքն ու շորերը տուող իշխանութիւնը իսկ, իր անփութութեան եւ անատակութեան պատճառով, այդ նոյն երեխաները պիտի տանի դէպի ռազմադաշտի ջարդ ու եղեռն…

    Աւելի կուշտ ու լաւ հագուած որ լինեն մեր այդ տղերքը, աւելի ընդունելի՞ կը դառնայ որ, նուազագոյնը՝ քաղաքական ապուշութեան պատճառով, զինծառայութիւն իսկ չկատարած անձերի իշխանատենչութեան, փառասիրութեան որպէս գին, մեր ապագայի երաշխիք, մեր այդ ջահելները անիմաստօրէն կորսնցնեն իրենց կեանքերը… Նոր շորերի վրայ, աւելի սիրո՞ւն է արդեօք արիւնը… Երեւի այո, PR-ի տեսակէտից: »

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829