2023 թվականի նոյեմբերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին: Ըստ հաղորդագրության՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի եւ քննությամբ դեռեւս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու եւ դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն եւ այլ հանրավտանգ արարք, ինչպես նաեւ զավթել եւ պահել ՀՀ պետական նշանակության եւ այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը: Միեւնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում»…
Նախաքննությունը շարունակվում է:
Կալանավորվածների մեջ է Ս.Մ-ն՝ 65-ամյա Սերգեյ Մկրտչյանը (լուսանկարում):
Նրա կալանքի ժամկետը մարտի 1-ին լրանալու է, նախաքննական մարմինը անցած տարվա դեկտեմբերին երկու ամսով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը:
Մկրտչյանի դուստը՝ Ծաղիկ Մկրտչյանը, «Առավոտին» պատմում է, որ հայրը վիրահատվել էր մեկ շաբաթ առաջ: Նա ասաց, որ տան խուզարկության ժամանակ միայն ռազմական հագուստ են տնից գտել: Իսկ դա պատահական չէ, քանի որ հայրը 44-օրյա պատերազմին է մասնակցել. Սերգեյ Մկրտչյանը Ասկերանի շրջանում աշխահազորայինների հրամանատարի տեղակալն էր մարտական գծով: Նա մասնակցել է Ջաբրայիլի պաշտպանության մարտերին, Հորադիզի մոտ ճակատամարտի ժամանակ ազատամարտիկ Վազգեն Հայրումյանի հետ շրջափակումից ազատել է 21 ազատամարտիկի:
Ստեփանակերտի աշխարհազորի հրամանատար Արամ Ավագյանի, շտաբի պետ Աշոտ Սարգսյանի տեղեկանքի համաձայն՝ նա 2020թ. նոյեմբերի 19-ի հրամանագրով Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
Կարդացեք նաև
Մասնագիտությամբ իրավաբան Մկրտչյանը պատերազմից հետո էլ ՊՆ զորամասերից մեկում մարտական հերթապահության էր գնում՝ երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի համաձայն:
Նա նաեւ «Արծիվ» մահապարտների միության անդամ է, պարգեւատրվել է «Հայոց արծիվ» մեդալով:
1990 թվականի հունվարից մինչեւ 1994թ. մայիս ամիսը կամավորական Մկրտչյանը (նախ՝ «Խալդի» ջոկատում՝ որպես կամավոր-Ռ.Մ.) հատուկ նշանակման խմբի հրամանատարն էր, մասնակցել էր ՀՀ սահմանների, ապա ԼՂ Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների ազատագրմանը, Շահումյանի շրջանի Ղարաչինարի ազատագրական մարտերին, Շուշիի բարձունքների գրավմանն ու ազատագրմանը…
Երեք անգամ վիրավորվել է Ղարադաղլուի ազատագրման ժամանակ, երկու անգամ բեկորային վիրավորում է ստացել Մարտակերտի հինգ գյուղերի ազատագրման ժամանակ … Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա պարգեւատվել է «Վազգեն Սարգսյան» շքանշանով…
«Հայրս եւ մայրս խաղաղ մարդիկ են, նրանք որեւէ տեղ չէին գնում: Մայրս, հայրս տարիքով մարդիկ են, նրանց տնից որեւէ բան չեն գտել: Գաղտնալսել են մերոնց»,-ասում է ծանր հանցագործության գործով կալանավորվածի դուստրը: «Վնասազերծման ժամանակ» Ս. Մկրտչյանի մոտ արյունահոսություն է սկսվել, տեղեկացնում է դուստրը, որը մեզ է տրամադրել բազմաթիվ հետազոտություններ, որոնք արվել են «Արմենիա» բշկական կենտրոնի կողմից, ուր հայրը դիմել էր կալանավորվելուց առաջ…
Առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տեղեկանքներից մեկի համաձայն՝ նա 27.10.2023-ին դիմել է կենտրոն, բուժվել է ուռոլոգիայի բաժանմունքում: Հիվանդության պատմության համաձայն՝ գանգատներն ի հայտ էին եկել վերջին մեկ ամսիների ընթացքում: Մինչ այդ նա դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պլանային կարգով հետազոտման և ստացիոնար բուժման համար: Նշված էին վիրահատությունները՝ շագանակագեղձի ՏՈՒՌ, հրազենային վիրահատություններ:
Սերգեյ Մկրտչյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Մարատ Ատոմյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2024