Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակվում է Սինգապուրում եւ Մալայզիայում, գործունեություն ծավալում ողջ աշխարհում

Փետրվար 14,2024 13:00

Հարցազրույց դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի հետ

– Պարոն Բաբախանյան, շուրջ երեք տարի է բնակվում եւ ստեղծագործում եք Սինգապուրում եւ Մալայզիայում։ Իհարկե, որոշ լուրեր ունենք արտասահմանում ձեր գործունեության մասին, բայց կուզեինք դուք ներկայացնեք։ Կուզեինք նաեւ, ի վերջո, բարձրաձայնեք հայրենիքից հեռանալու ձեր պատճառները։ Յուրաքանչյուր բարձրակարգ մասնագետի, ձեր դեպքում՝ դաշնակահարի եւ պրոֆեսորի, երկրից հեռանալը իսկապես կորուստ է։

– Հայրենիքից հեռանալու մասին խոսելը վաղուց փակված թեմա է ինձ համար։ Իհարկե, շատ ծանր եմ տարել այն։ Եղել են ինձ համար որոշ անընդունելի հարցեր, բայց նշեմ, որ դրանք կապ չեն ունեցել կոնսերվատորիայի հետ։ Ես շատ եմ հարգում ու գնահատում այժմյան ռեկտորին՝ Սոնային։ Այսքանը։

Այո, բնակվում եմ Սինգապուրում եւ Մալայզիայում, ունեմ աշակերտներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից։ Ասեմ, որ հիմա ասիական տարածաշրջանը շատ լուրջ թեմա է, հիմա չինացի եւ կորեացի երաժիշտները ամենաբարձր տեղերն են գրավում հեղինակավոր մրցույթներում։ Նրանք իսկապես ֆենոմենալ երաժիշտներ են։

Իսկ կատարողական բնագավառի ծրագրերս կապված են հիմնականում Եվրոպայի հետ, դրանք ե՛ւ շատ կարեւոր համերգներ են, ե՛ւ ձայնագրություններ։ Օրինակ՝ ձայնագրության եմ պատրաստում եմ Պրոկոֆեւի սոնատների ամբողջական հավաքածուն, դրանք տեղ կգտնեն երեք տարբեր ձայնասկավառակներում, իսկ լույս կտեսնեն հավանաբար այս տարեվերջին։

Համերգներով մեծ շրջագայության եմ պատրաստվում ԱՄՆ-ում եւ Իսպանիայում, որոնք կզուգահեռվեն վարպետության դասերով, հետո ծրագրված է ելույթս Սինգապուրի ազգային նվագախմբի հետ եւ այլն։


– Փաստորեն, ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում, ձեր կյանքը չի փոխվել՝ համերգները զուգահեռում եք մանկավարժությամբ եւ հակառակը։

– Այո, միշտ փորձել եմ գործունեությունս հավասարապես բաժանել՝ 50 տոկոս իմ նվագն է եղել, 50-ը՝ դասավանդումը։ Երաժիշտը, ով ունակ է փոխանցել իր գիտելիքներն ու փորձը եկող սերնդին, պարտավոր է դա անել։ Ի վերջո, ուղիղ ասած՝ նվագդ անցողիկ է, լավագույն դեպքում դառնում է ձայնասկավառակ, այլ բան է երիտասարդ սերնդի հետ աշխատանքը… Այլ զգացողություն է, երբ տեսնում ես ու վայելում ուսանողներիդ հաջողությունները, ձեռքբերումները, նվաճումները։


– Շուրջ տասը տարի առաջ ձեր գեղարվեստական ղեկավարությամբ Հայաստանում հիմնվեց «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը։ Այն 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին (դաշնամուր, ջութակ, թավջութակ) բացահայտելու եւ աջակցելու միտում ուներ։ Ավելին, դա միջոցառումների համալիր շարք էր, ուղղված բնականոն սերնդափոխությանը եւ միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը։ Իսկ հիմա…

– Հիմա էլ շարունակում եմ գործունեությունս այդ ծրագրում։ Դա, իհարկե, կրթական ծրագիր է, որտեղ մեր երիտասարդ տաղանդավոր երեխաների հետ պարապում են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից ժամանած լավագույն մասնագետները։ Իսկ երեխաների աճը տեսանելի է, նրանցից շատերն ուսումը շարունակում են աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում։ Արդեն հաշիվը կորցրել ենք, թե քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ ենք ունեցել։ Ծրագրի շրջանակներում մենք նրանց պատրաստում ենք աշխարհին ներկայանալուն ու դրսից լավագույնը վերցնելուն։ Մենք չենք կարող փակվել ու ասել, թե մեզ մոտ, մեր երկրում ամեն ինչ ամենալավն է։ Ո՛չ, դպրոցները տարբեր են, մոտեցումները՝ նույնպես, երիտասարդները պետք է ստանան, այսպես ասած՝ «համակրթական» ծրագիր։


– Օրերս ներկա էինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Մոցարտի թիվ 20 դաշնամուրի կոնցերտի ձեր մեկնաբանմանը։ Ասել, թե հիանալի կատարում էր՝ կնշանակի ոչինչ չասել… Բարձրարվեստ ներկայացվեցին նաեւ Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը եւ Շուբերտի 9-րդ սիմֆոնիան։ Ճի՞շտ ենք մտաբերում, որ ֆիլհարմոնիկի հետ վերջին անգամ ձեզ ունկնդրել ենք շուրջ 20 տարի առաջ։

– Ես էլ կոնկրետ թվականը չեմ կարող մտաբերել, բայց, այո, դա 2000-ականների սկզբին էր։ Ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո նման հնարավորություն ընձեռնվեց, ու նվագախմբի հետ միասին ներկայացրինք Մոցարտի լավագույն դաշնամուրային ստեղծագործույթուններից մեկը։ Անկեղծ ասած՝ այդ համերգին աննկարագրելի զգացողություններ ունեցա թե՛ այդ գործը ներկայացնելու, թե՛ ֆիլհարմոնիկի հետ ելույթի առումով։ Իսկ ավելի ուրախ ու հպարտ եմ, որ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ ի դեմս ֆիլհարմոնիկի, ունենք իսկապես միջազգային բարձր մակարդակի նվագախումբ։

Պատրաստեցին
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ եւ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարները՝ Արմեն Բաբախանյանի եւ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի օրերս կայացած համերգից։

«Առավոտ» օրաթերթ
13.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829