Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր փառատոնը հնարավորություն է տալիս մասնագիտորեն ճիշտ ներկայացնել վոկալ արվեստը

Փետրվար 14,2024 12:30

Հարցազրույց «Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության
հանրապետական մրցույթ-փառատոնի համահիմնադիր եւ գեղարվեստական
ղեկավար, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ Արտյոմ Հարությունյանի հետ

– Ինչպե՞ս ծնվեց Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոն հիմնադրելու գաղափարը:

– Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնը, Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական քոլեջի եւ «Արտպրոգրես» մշակութային ՀԿ կողմից հիմնադրած մշակութային ծրագիր է, որը հիմնադրվել է այս 2 կառույցների համագործակցության արդյունքում։ 2023թ-ը Հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140 եւ վերջինիս անունը կրող քոլեջի հիմնադրման 100-ամյակն էր։

Փառատոնի նախագահն է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, իսկ գեղարվեստական ղեկավարի գործառույթներն իրականացնում եմ ես։

Մինչեւ այս տարվա հոկտեմբերի 5-ը, որը կոմպոզիտորի ծննդյան օրն է, շարունակվելու են հոբելյանական միջոցառումները, եւ այս ծրագիրը Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի բազմաթիվ ծրագրերից մեկն է, նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին, սակայն առաջինը՝ մեր ՀԿ-ի հետ փոխգործակցությամբ։

– Ո՛րն է փառատոնի նպատակը:

– Փառատոնը նպատակ ունի բացահայտելու երաժշտական ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգեցողության» բաժնում սովորող տաղանդավոր եւ շնորհալի սաներին, ովքեր մրցութային մասից հետո համերգային եւ մասնագիտական ծրագրերի արդյունքում պիտի ճանաչելի դարձնեն Ռոմանոս Մելիքյանի եւ հայ դասական ռոմանսի մեր ունեցած մեծ եւ լայն ստեղծագործական ժառանգությունը, որը համոզված եմ, մեր ազգային հարստություններից է եւ մեր մշակութային ինքնության անքակտելի մասը։

– Ովքե՞ր կարող են մասնակցել փառատոնին, ե՞րբ է այն մեկնարկում:

– Փառատոնին կարող են մասնակցել երաժշտական եւ արվեստի ուսումնական հաստատությունների «Ակադեմիական երգ» բաժնի 15-25 տարեկան սաները 2 տարիքային խմբով. առաջին տարիքային խմբում հանդես կգան 15-18 տարեկան, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 19-25 տարեկան սաները եւ ուսանողները։
Փառատոնը մեկնարկում է մայիս ամսին եւ տեղի կունենա Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դահլիճներում։

– Ի՞նչ է սպասվում փառատոնի հաղթողներին:

– Փառատոնի մրցանակակիրներին եւ հատուկ մրցանակ ստացած մասնակիցներին տրվում է մասնագիտական եւ մշակութային ծրագրերին մասնակցելու հնարավորություն ամբողջ տարվա ընթացքում։ Իսկ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դափնեկիրներիներին սպասվում են համապատասխանաբար ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ։

– Ի՞նչ ձեւաչափով է անցկացվելու փառատոնը:

– Փառատոնն անցկացվում է 2 փուլով եւ հստակ մասնակցային ծրագրով, որտեղ պարտադիր ներգրավված են Ռոմանոս Մելիքյանի եւ Կոմիտասի վոկալ ստեղծագործությունները։ Բացի այդ՝ մասնակիցները ներկայացնում են նաեւ հայ եւ համաշխարհային երաժշտական ստեղծագործական ժառանգության օրինակներից այնպիսի ժանրերում, ինչպիսիք են օպերային եւ օպերետային արվեստը, ռուսական եւ արեւմտաեվրոպական ռոմանսի ժանրը եւ այլն։

– Ինչո՞վ է տարբերվում ձեր փառատոնն այլ փառատոներից:

– Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնը լայն հնարավորություններ է տալիս ոլորտի լավագույն սաներին ինքնադրսեւորվելու եւ ըստ հնարավորությունների վոկալ արվեստը Հայաստանում մասնագիտորեն ճիշտ ներկայացնելու եւ դառնալու իբրեւ հայ դասական ռոմանսի մեկնաբաններ եւ տարածողներ։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Իսկ գնահատող հանձնախմբում ընդգրկվում են այնպիսի մենակատարներ եւ մանկավարժներ, ովքեր Հայաստանը մշտապես պատվով են ներկայացրել համաշխարհային օպերային մեծ թատրոններում եւ բեմերում։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829