Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միջին խավը» ժողովրդավարության երաշխավորը չէ

Փետրվար 14,2024 14:00

1990-ականների հերթական պատրանքի քողազերծում

2001 թվականին մեր երկրում ստեղծվեց նոր կուսակցություն, որը կոչվում էր ՀԺԱՄ՝ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն: Այդ կուսակցության հիմնական կարգախոսն էր՝ «Ձեւավորենք միջին խավ»: Հավանաբար, նորաստեղծ քաղաքական ուժը հավակնություն ուներ ներկայացնելու այդ խավի շահերը: Ի դեպ, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այդ կուսակցությունն ԱԺ չանցավ, չնայած, որքան գիտեմ, վայելում էր նախագահականի աջակցությունը:

«Միջին խավ ձեւավորելու» գաղափարն, իհարկե, զուտ հայկական չէ: Դա բավականին տարածված տեսություն է, որը մոդայիկ էր հատկապես 1990-ականների առաջին կեսին: Տրամաբանությունն այն է, որ հենց «միջին խավն» է, որ ձեւավորում է ժողովրդավարության պահանջարկ: Մեծահարուստները (մեր նման երկրների դեպքում՝ օլիգարխիան) ժողովրդավարության հարցում շահագրգռվածություն չունի, աղքատներն էլ ուրիշ «դարդուցավով են տապակվում» ու նման բաներով չեն հետաքրքրվում: Իսկ ահա մանր ու միջին ձեռներեցները եւ նորմալ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները ձգտում են, որ իրենց իրավունքները հուսալի ձեւով պաշտպանվեն, ցանկանում են ընդլայնել իրենց ինքնավարության սահմանները:
25-30 տարի առաջ թվում էր, որ այդ տեսությունը լավագույնս կիրառելի է նախեւառաջ, այսպես կոչված, «անցումային» երկրների պարագայում, որտեղ շուկայական հարաբերությունների հաստատումը բերել էր սոցիալական խիստ բեւեռացման:

Թղթի վրա ամեն ինչ շատ գեղեցիկ է երեւում: Բայց, ցավոք, դա պատրանք էր, որը, խոստովանեմ, ինձ էլ էր համոզիչ թվում: Կան փաստեր, որոնք հակասում են այդ տեսությանը:

1920-30-ական թվականներին Գերմանիայում ձեւավորված «միջին խավը» հանդես էր եկել բացարձակապես այլ պահանջներով. մսագործներն ու կրպակատերերը մեծագույն հաճույքով հագան «էսեսականների» համազգեստը եւ զբաղվեցին գործունեությամբ, որը, մեղմ ասած, հեռու էր ժողովրդավարությունից:

1990-ականներից սկսած՝ Չինաստանում մարդկանց բարեկեցությունը կտրուկ բարձրացել եւ դեռ բարձրանում է, միլիոնավոր չինացիներ ձեռք են բերել ոչ թանկ տեղական մեքենաներ, նորմալ հագուստ եւ բնակարաններ: Բայց դժվար թե որեւէ մեկը պնդի, որ այդ միլիոնավոր մարդկանց ուշքն ու միտքն իրենց երկրում ժողովրդավարության հաստատումն է:

Հնդկաստանում նույնպես (ավելի ուշ) նման տեկտոնական փոփոխություններ են սկսվել: Ու թեեւ այդ երկրում, ի տարբերություն Չինաստանի, կիրառվում են արեւմտյան ժողովրդավարության որոշ տարրեր, հիմնական «թրենդը» հեռու է «ժողովրդավարության պահանջմունքից»: Ներկայիս վարչապետ եւ այս տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններում հավանական հաղթող Նարենդա Մոդին նախընտրական պայքարի շրջանակներում հունվարի 24- ին բացել է Ռամ աստծո հսկայական տաճարը, որը կառուցվել է 16-րդ դարի մզկիթի տեղը: Մոդին իրականացնում է «աստվածային Հնդկաստանի» իր հայեցակարգը եւ նույնիսկ երկրի անունն է ուզում փոխել՝ կոչելով այն Բհարատ: Չեմ կարծում, որ դա արվում «միջին խավի» պահանջներին հակառակ:

Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրազանգված հանդիսացող «միջին խավը», այսպես կոչված՝ «կարմիր պարանոցավորները», ժողովրդավարությունը չէ, որ առաջին տեղում են դնում, այլ հակառակը՝ ձգտում են սահմանափակել անսահման ազատականության եւ «պոլիտկոռեկտության» դրսեւորումները, մասնավորապես՝ խստացնել միգրացիոն օրենքները:

Ռուսաստանում նույնպես «միջին խավն» առանձնապես չի տառապում, որ հակապատերազմական կոչերի համար մարդիկ կարող են 10 տարով ազատազրկվել:
Օրինակները կարելի է շարունակել, պարզապես սահմանափակվենք 4 խոշորագույն պետություններով:

Այսպիսով, «միջին խավը» տարբեր երկրներում տարբեր բաներ է պահանջում կամ էլ՝ ոչինչ չի պահանջում, միայն թե իր «միջին կյանքը» շարունակի: Այդպիսի օրինակ է նաեւ Հայաստանը, որտեղ «միջին խավն» աչքի է ընկնում ծայրահեղ, թույլ տվեք ասել, «պոֆիգիզմով»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829