Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վառ պահենք մեր հիշողությունն և երազանքը` Արցախն ու Արևմտյան Հայաստանը վերադարձնելու համար

Փետրվար 13,2024 23:43

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Բանավեճ է ընթանում Արցախը պայքարելով վերադարձնել ցանկացողների և նրանց միջև, որոնք համարում են, որ Արցախը հավերժ կորսված է և պետք է մոռանալ նրա մասին։ Այս վերջին ամոթալի դիրքորոշումն առաջ է քաշում գործող վարչակարգը, որը պատասխանատու է Արցախի կորստի համար, իսկ այժմ ամեն ինչ անում է նրա հիշատակը թաղելու համար։

Կցանկանայի ընթերցողների հետ կիսվել Արևմտյան Հայաստանի վերադարձի վերաբերյալ իմ տասնամյակների տեսակետը և Արցախի համար անհրաժեշտ գործողությունների հետ դրա համընկնումների մասին։

Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի մասին ամբողջ աշխարհում իմ տված յուրաքանչյուր դասախոսությունից հետո, ներկաներից ոմանք անմիջապես հարցնում են՝ ի՞նչ իմաստ ունի հետամուտ լինել նման անհույս գործի, հատկապես, որ մեր պատմական հողերը գրավված են թուրքական հզոր բանակի կողմից:

Իմ պատասխանն է՝ ամենավատ բանը, որ հայերը հիմա կարող են անել՝ Արևմտյան Հայաստանի մասին մոռանալն է։ Սա մեր հայկական տարածքները ընդմիշտ կորցնելու ամենաուղիղ ճանապարհն է։

Այժմ, հնարավոր ամեն ինչ անելուց բացի, հայերը պետք է հաջորդ սերնդին փոխանցեն Արցախի և Արևմտյան Հայաստանի վերաբերյալ մեր պահանջները՝ երազանքը վառ պահելու նպատակով։ Եթե մենք դա չանենք, մեր ապագա սերունդները, ոչինչ չիմանալով մեր պատմական հողերի մասին, գաղափար չեն ունենա, որ դրանք մեզ են պատկանում։ Հետևաբար, եթե նույնիսկ մի օր փոխվի աշխարհառազմավարական իրավիճակը և հնարավորություն ընձեռվի վերադարձնելու մեր կորցրած հողերը, մեր ապագա սերունդները որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերի դրանց նկատմամբ։

Հիշե՛ք, որ ավելի քան 2000 տարի հրեա ժողովուրդը կորցրել էր իր հայրենիքը և ցրվել աշխարհով մեկ: Հրեաների հաջորդող սերունդներն իրենց հայրենիքի մասին գիտելիքները փոխանցում էին իրենց զավակներին: Ավելի քան 2000 տարի ծնողները Երուսաղեմի և Իսրայելի մասին հիշողությունը փոխանցում էին իրենց երեխաներին, իսկ նրանք իրենց հերթին՝ իրենց երեխաներին և այդպես սերնդեսերունդ։ Նրանք չմոռացան իրենց արմատներն ու պատմությունը՝ վտարանդի ապրելով Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում։ Նրանք բազմիցս ասել են իրենց երեխաներին ու թոռներին՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում․․․»։ Երկու հազար տարի անց, երբ հնարավորություն ստեղծվեց վերադարձնելու իրենց հողերը, նրանք օգտվեցին դրանից և իրականացրեցին իրենց վաղեմի երազանքը։ Նման իրավիճակում են նաև պաղեստինցիները, որոնք բռնի տեղահանված են և շարունակում են տեղահանվել իրենց հողերից։ Նրանք նույնպես պայքարում են իրենց երազանքը վառ պահելու համար և հռչակում են իրենց նախնիների տները վերադառնալու իրավունքը։

Եթե հրեա ժողովուրդը կարող է 2000 տարի պահել հայրենիք վերադառնալու իր երազանքը, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող վառ պահել իր երազանքը՝ մի օր վերադառնալու Արցախ և Արևմտյան Հայաստան: Հայերը պետք է իրենց երեխաներին ու թոռներին ասեն՝ «Հաջորդ տարի Շուշիում» և «Հաջորդ տարի Վանում»։

Հարցն այն է, թե ինչպես կարող են հայերը մի օր վերադառնալ իրենց հողերը, եթե Արցախն ու Արևմտյան Հայաստանը գրավված են հզոր թշնամիների կողմից: Մենք չպետք է մոռանանք, որ ոչինչ հավերժ չէ։ Աշխարհում չկա մի երկիր, որը պատմության սկզբից ի վեր ունեցել է նույն սահմանները։ Տարիների ընթացքում որոշ երկրներ ընդլայնել են իրենց սահմանները, իսկ ուրիշները՝ կորցրել իրենց տարածքները։ Որոշ երկրներ դարձել են մեծ կայսրություններ, իսկ մյուսներն անհետացել են աշխարհի երեսից։ Բայց մի բան պարզ է. ոչ ոք չի կարող պնդել, որ Ադրբեջանի և Թուրքիայի այսօրվա սահմանները հավերժ կմնան նույնը։ Ընդամենը 100 տարի առաջ հսկայական և հզոր Օսմանյան կայսրությունը վերածվեց շատ ավելի փոքր տարածքով Թուրքիայի Հանրապետության: Թեև հնարավոր չէ կանխատեսել, թե կոնկրետ երբ կփոխվեն Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները, դրանք, անշուշտ, նույնը չեն մնալու։ Ինչպե՞ս են տեղի ունենալու այդ փոփոխությունները։ Կան մի քանի սցենարներ, ինչպիսիք են տարածաշրջանային պատերազմները, նույնիսկ համաշխարհային պատերազմը, քաղաքացիական պատերազմը և միջուկային կամ այլ տեսակի աղետները: Այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել անցյալում և անշուշտ թե տեղի կունենան ապագայում։

Երբ տեղում հողային փոփոխություններ տեղի ունենան, արդյոք հայ ժողովրդի ապագա սերունդները կիմանա՞ն և կհիշե՞ն, որ Արցախն ու Արևմտյան Հայաստանը իրենց պատմական հայրենիքի մի մասն են, թե՞ անտեղյակ կլինեն, քանի երբեք չեն լսել Շուշիի և Վանի մասին: Եթե նրանք զրկվեն այդ գիտելիքներից, երբ ապագայում հնարավորություններ ստեղծվեն, նույնիսկ եթե անհավանական բարյացակամ մի ադրբեջանցի կամ թուրք ղեկավար վերադարձնի այդ հողերը մեր թոռներին, նրանք չեն հետաքրքրվի դրանցով, քանի որ երբեք չեն իմացել դրանց մասին։

Եզրափակելով, խորհուրդ կտամ միշտ վառ պահել երազանքը: Մինչ թշնամիների գործողությունների պատճառով մենք զրկված ենք մեր հողերից, մեզանից է կախված հիշողությունը չկորցնելու և երազելու, որ մի օր մեր հայրենի հողերը վերադառնալու մասին։ Եկե՛ք մեր պահանջները փոխանցենք գալիք սերունդներին։ Թշնամին խլել է մեր հողերը, բայց նա չի խլել և չի կարող խլել մեր հիշողությունը։ Մոռանալով մեր պատմական հողերի մասին՝ մենք ինքներս օգնելու ենք մեր թշնամիներին վերջին քարը դնել մեր դատի գերեզմանին․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829