Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 7։0 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ թուրք Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ ու երրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Մինչ այդ մեր երկրին առաջին մեդալը, ճիշտ է՝ բրոնզե, բերել էր 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Երիտասարդ ըմբիշը մեծահասակների իր առաջին մայրցամաքային առաջնությունում սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ստեֆան Գրիգորովի նկատմամբ։ Հատկանշական է, որ Խաչատրյանը ավելի վաղ 13։5 հաշվով պարտության էր մատնել թուրք Ադեմ Ուզունին՝ այդպիով վերջինին զրկելով Եվրոպայի չեմպիոնի կոչումից։
Վաղը Եվրոպայի իր յոթերորդ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է նաեւ մեր «Ճերմակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը։ Նրա մրցակիցը Մագոմեդ Մուրթազալիեւն է։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ