Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին, անդրադառնալով հայ – ադրբեջանական սահմանի այսօրվա միջադեպին՝ հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ ճեպազրույցի ընթացքում։ Այսօրվա բախման հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
«Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց կարծես թե Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվեր Հայաստանի կողմից», – ասաց Ժոզեպ Բորելը:
Սահմանային վերջին լարվածությունը Հայաստանի ու Եվրամիության արտգործնախարարների այսօրվա հանդիպման օրակարգի առաջին թեմաներից էր, որը երկու դիվանագետները սկսեցին քննարկել անգամ մինչև հանդիպման մեկնարկը՝ լրագրողների համար բաց հատվածում, Բորելը հետաքրքրվեց՝ «կրկին խնդիրնե՞ր կան սահմանին», Միրզոյանն ասաց՝ «ցավոք սրտի, այո»։
Խոսելով երկկողմ օրակարգից՝ Բորելը հայտարարեց, որ Երևանի ու Բրյուսելի հարաբերություններն այս պահին ավելի ուժեղ են, քան՝ երբևէ, և կողմերը հետաքրքրված են՝ առաջ շարժվելու ավելի հավակնոտ օրակարգով, ինչի մասին նաև Հայաստանի վարչապետն էր հայտարարել անցած տարի Եվրոպական խորհրդարանում։
Կարդացեք նաև
«Այս համատեքստում այսօր մենք որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի։ Մենք կապահովենք ավելի հստակ ճանապարհային քարտեզ ու տեսլական առաջ շարժվելու համար։ Ապագան սկսվում է այսօր», – ասաց Ժոզեպ Բորելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: