Գյումրու այսօրվա ավագանու նիստը սկսվեց բավական թեժ նախաբանով․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Բալասանյան դաշինքի» անդամների միջև փոքր-ինչ լարվածություն նկատվեց, երբ զեկուցող, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը ներկայացրեց օրակարգի 3-րդ հարցը՝ բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին։
Բյուջեի նախագիծը հաստատվել էր այս տարվա հունվարի 23-ին, զեկուցողը սակայն ներկայացրեց, որ 452 միլիոն դրամով ավելացել են ֆոնդային եկամուտները, գրեթե նույն չափով էլ ավելացել են ծախսերը։
Ընդհանուր առմամբ 769 միլիոն դրամի տարբերություն կա հունվարին ընդունված բյուջեի նախագծում ֆիքսված գումարից։ Ըստ զեկուցողի, Ֆոնդային եկամուտները պլանավորում են ֆոնդային ծախսերի առկայության դեպքում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հետաքրքրվեցին, թե այդ ինչպես․ 10 օրում ի՞նչ փոխվեց և մի՞թե հնարավոր չէր այդ ամենը ներկայացնել հունվարի 23-ին։
Կարդացեք նաև
Զեկուցողը հնարավորինս պարզաբանում էր, թե որն է պատճառը, սակայն փոքր-ինչ անհասկանալի էր նրա խոսքը, որն էլ պատճառ դարձավ, որ ՔՊ խմբակցության անդամները անընդմեջ հարցեր ուղղեին։
Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արթուր Պապիկյանը հետաքրքրվեց, թե 350 միլիոն դրամը ի՞նչ ծախսեր են։
Զեկուցողը ներկայացրեց, որ դրանք 2023 թվականին չֆինանսավորված ֆոնդային պարտքերն են, այն կազմում է 453 միլիոն դրամ։
Արթուր Պապիկյանը հետաքրքրվեց, թե հունվարի սկզբին ծախսերը և ազատ միջոցները չէի՞ն երևում, որ հիմա նորից բերել են քվեարկության, ի պատասխան՝ զեկուցողը տեղեկացրեց, որ ազատ միջոցները երևում են, բայց պարտքերի կառուցվածքը՝ ոչ, այն աշխատատար գործընթաց է, հունվարի վերջին, փետրվարի սկիզբ նոր է երևում։
Արթուր Պապիկյանը դարձյալ հետաքրքրվեց, թե 10 օրվա տարբերությամբ մոտ 300 միլիոն դրամով մուտքերի ավելացումը ինչ հիմքերով է կատարվել։
Մենուա Մկրտչյանը նշեց, որ հիմնական միջոցների ցանկում բավական մեծ քանակությամբ գույքեր կան իրացման ենթակա, ճշգրտումներ են կատարվել։
Երբ Արթուր Պապիկյանը երկրորդ անգամ հարց տվեց, թե կարո՞ղ է զեկուցողը ներկայացնել թե՛ եկամուտների և թե՛ ծախսերի հիմքերը, զեկուցողն ասաց՝ ավագանու նիստից հետո։
ՔՊ-ական խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հարցրեց՝ եթե ավագանու նիստից հետո են ներկայացնելու, այդ դեպքում ինչպես քվեարկեն մի նախագծի օգտին, որտեղ անճշտություններ կան։
«Մենք պատրաստ ենք այս նիստից հետո քննարկենք, բայց այս նախագիծը պիտի դուրս գա օրակարգից, որովհետև առնվազն պետք է հիմնավորենք, որ 10 օրվա կտրվածքով ինչպես են նախատեսվող եկամուտները 300 միլիոնով ավելացել։ Եթե ձեր բաժինը կամ համապատասխան մասնագետները դա չեն տեսել, հետո են հայտնաբերել, ուրեմն կարծում եմ իրենք պետք է պատասխանատվության ենթարկեն, եթե սա միտումնավոր եք արել, էլի պետք է բացատրություն տաք՝ ինչու։ Ամեն դեպքում ես առաջարկում եմ՝ նախագիծը հանենք, քննարկենք մանրամասն, հասկանանք՝ որն է հարցը և նոր միայն բերենք ավագանու նիստի, որից հետո հնարավոր կլինի քվեարկություն», -առաջարկեց Քնարիկ Հարությունյանը։
Մենուա Մկրտչյանը նշեց, որ կարող է տրամադրել ցանկը, օրինակ՝ «Ուռի գունդը»՝ 700 միլիոն դրամ է գնահատված, գնահատված է նաև « Ճերմակ հիվանդանոցի» շենքը։
Երբ նախկին փոխքաղաքապետ Պապիկյանը երկրորդ անգամ հարց ուղղեց, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը միջամտեց՝ ասելով․ «Պարոն Պապիկյան, տեղից մի խոսեք, հա՞»։
«Ես տեղից եմ խոսում, պարոն Սամսոնյան»,- հակադարձեց Պապիկյանը։
«Տեղից չպիտի խոսեք», -շարունակեց քաղաքապետը։
«Ո՞վ է ասել»,- հարցրեց Պապիկյանը, որին քաղաքապետը պատասխանեց․ «Ես թույլ պիտի տամ, նոր խոսեք, կանոնակարգը թույլ է տալիս հարց մեկ անգամ տալ, գրված է՝ ավագանու անդամը յուրաքանչյուր զեկուցողի հարց տալիս է մեկ անգամ։
Խնդրում եմ ծանոթացեք, որ թյուրիմացություն առաջ չգա։ Ես ասում եմ հարցեր, դուք հարցը տալիս եք, ասում եմ ելույթներ, ելույթներով պիտի հանդես գաք»,- բացատրեց քաղաքապետը։
Արթուր Պապիկյանը մեկ անգամ ևս հարց ուղղեց՝ Մենուա Մկրտչյանից հարցնելով, թե անհասկանալի է՝ ինչու է նա 915 միլիոնի ծախսը ներկայացնում 769 միլիոն։
Վարդգես Սամսոնյանը մեկ անգամ ևս միջամտեց․ «Պարոն Պապիկյան, չի կարելի տեղից խոսել, հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք գյումրեցիներին, հարգեք բոլորին»։
«Պարոն Սամսոնյան, գյումրեցիներին հարգում ենք, գյումրեցիներն ուզում են իմանալ այս տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված»,- ասաց Արթուր Պապիկյանը։
Վարդգես Սամսոնյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ հարց տալու իրավունք մեկ անգամ է տրված։
ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյան էլ միջամտեց՝ ասելով, թե երրորդ անգամ հարցը կրկնում են, պատասխան չեն ստանում, ինչպես վարվե՞ն։
Բանը հասավ նրան, որ նախկին փոխքաղաքապետը քաղաքապետին հորդորեց չմտնել ռեպլիկների դաշտ։
Քաղաքապետն իր հերթին հորդորեց նրան չտանել կոնֆլիկտի։
«Դե դուք էլ կոռեկտ պահեք, որ կոնֆլիկտի չտանենք», -հակադարձեց Արթուր Պապիկյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ ճիշտ չէ քվեարկել փնթի ձևով գրված փաստաթղթի նախագծին, քանի որ այդպես էլ անհասկանալի դարձավ եկամուտները ինչ հիմքով են 300 միլիոնով ավելացան։
«Ավագանու ինստիտուտի նկատմամբ հարգանքից եք խոսում, բայց դուք չեք հարգում մեզ՝ ամեն անգամ փնթի փաստաթուղթ եք բերում ու հրամցնում»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։
Օրակարգի այս հարցը 16 կողմ ձայներով ընդունվեց։
Մանրամասները՝ Տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ