«Ցորի» զորամասի հրետանավորների գործով մեղադրյալ Գեւորգ Գեւորգյանի պաշտպանը գործով հարցաքննվող բոլոր վկաներին մի հարց է ուղղում՝ խնդրում եմ վերապրելով այդ ամեն ինչը պատասխանեք՝ արդյոք ով կարող էր ու ինչպիսի մեթոդների կիրառմամբ իր մասնակցությունն ապահովել, որ այսպիսի հետեւանքներ չունենայինք:
«3 վկայի կոնկրետ հարցրել եմ՝ կա՞ր ինչ-որ մեկը, որ կարող էր անել գործողություններ, որոնք կխանգարեին հետեւանքի առաջացմանը: Իսկ հետեւանքը մեր տղաների զոհվելն է ու մեկ անձի անհետ կորելը: Վերջին նիստի ժամանակ հարցաքննված վկան՝ Արթուր Գասպարյանը, ՄՈԲ-ից հավաքագրված, բառացի պատասխանեց՝ չկա այդպիսի անձ, այդ իրավիճակում չկային էլ այդպիսի գործողություններ, որոնք կարող էին խանգարել հետեւանքի առաջացմանը: Այսինքն՝ ով ուզում է լիներ, ինչ ուզում է աներ այդ պահին, չէր կարող խոչընդոտեր, որովհետեւ թե խաբելու, թե չիմացության արդյունքում մինչեւ ատամները զինված թշնամին եկել ու մխրճվել էր մեր հրետանավորների մեջ, որոնք զինված էին իրենց ավտոմատներով: Վկա Գասպարյանն ասաց՝ եթե Գեորգ Գեւորգյանն էլ 5 հոգու փրկած չլիներ ու դուրս եկած չլիներ եւ մեզ հետ եղած լիներ, որեւէ բան փոխված չէր լինի: Իսկ Գեւորգյանը մեղադրվում է իբրեւ անփութության մեջ, որի արդյունքում ունեցել ենք զոհեր ու մեկ անհետ կորած»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը:
Նրա խոսքով, իր պաշտպանյալին փախուստ չկա մեղսագրված, բայց անընդհատ շահարկում են՝ փախել է, որ ավելի շատ գունավորեն արարքը. «Բայց ոչ թե փախել է, այլ կատարել է նահանջ հրամանը՝ իր հետ տանելով այն տղաներին, որ իր հրամանին ենթարկվել են ու այդ պահին գտնվել են իր մոտ: Մենք փախուստ չենք կարող ասել, որովհետեւ փախուստը Քր օրենսգրքի առանձին հոդված է, որ բնականաբար չկա, ինքն իր գործողություններում փրկել է այլ անձանց կյանքեր:
Այդ տղաներից կան հարցաքննվածներ, որոնք պնդում են, որ եթե Գեւորգ Գեւորգյանը չլիներ , իրենք հավանաբար ողջ չէին էլ լինի: Ծնողների ուշադրությունը շեղելու ամենահարմար միջոցներից մեկը այդ իրավիճակում գտնել անձի, որը ենթադրաբար իբրեւ մեղավոր է, բայց ինչում է մեղավոր. ես այդ հարցը անընդհատ տվել եմ, չեմ էլ ստանալու պատասխանը: Ասում են՝ անգործություն է դրսեւորել, բայց այդպես էլ չնկարագրեցին գործողությունը, որը պաշտպանյալս պետք է կատարեր, որով կարգելեր հետեւանքի առաջացմանը: Հակառակ դրան, երբ զեկուցել էին Ջալալ Հարությունյանին ու նա ասել էր՝ մերոնք են, չկրակեք, այդ բառակապակցությունը եղավ ճակատագրական, որ տղաները զոհվեցին»:
Կարդացեք նաև
Տուժողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանում հարցաքննված վերջին վկան՝ Գասպարյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքը, որով նշել էր, որ Գեւորգ Գեւորգյանը պետք է մնար մարտական դիրքում ու ղեկավարեր զինծառայողների գործողությունները, այլ ոչ թե փախչեր:
«Նախաքննական ցուցմունքով ասել էր, որ խոսակցություններից լսել է, որ Գեւորգ Գեւորգյանը փախել է, իսկ այն հարցին՝ ումից ես լսել, չկարողացավ հիմնավորել» ,- ասաց Գոռ Գեւորգյանը:
Նա նաեւ ասաց, որ վկա Գասպարյանը պատմել է, թե ինչպես է ինքը մազապուրծ փախել. «Կրակել են հետեւից, կպել է բազկին, ընկել է, անշարժացել, 20-25 վայրկյան հետո սողալով փախել է, բարձրացել սարեր: Բայց այս փախուստն այն փախուստը չէ, որ կարող ենք Քրեականով անցկացնել, կամ բարոյական դաշտում, ի՞նչ աներ, մնար ու չպատճառաբանված զոհվե՞ր»:
Հիշեցնենք, որ մայոր Գեւորգ Գեւորգյանն ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 6-ի սահմաններում (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում ԳԱԶ մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից: Առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել, Գեւորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ