Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բեգոյան. «Այգեպան բանվորների աշխատավարձը 110 հազար դրամի կարգի է եւ աշխատավարձի բարձրացումն ու 200 հաստիքի ավելացումը քաղաքի բյուջեի վրա կարժենա 1-1,2 միլիարդ դրամ»

Փետրվար 13,2024 19:44

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողների հարցին, թե ահազանգեր կան, որ կրկին ապօրինի ծառահատումներ են լինում եւ տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում, որ անցած տարի իրենց տնկած ծառերը չորացել են, այսինքն, ստացվում է, որ քաղաքապետարանը փողերի վատնում է արել, պատասխանեց. «Կանաչապատումից խոսում են «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները: Դա վստահաբար ունի քաղաքական ենթատեքստ: Թիրախավորված է  մեր ՀՈԱԿ-ը: Խոսում են՝ ինչ կարողանում են, խոսում են ոչ գրագետ, առանց հասկանալու հարցի բուն էությունը:

Ինչ վերաբերում է ծառահատումներին, վստահեցնում եմ, որ չկա մի դեպք, որը մեզ հայտնի լինի ու դիմած չլինենք ոստիկանություն: Տասնյակ ու հարյուր գրություններ մենք ուղարկել ենք ոստիկանություն՝ ապօրինի ծառահատումների, ապօրինի էտի եւ ապօրինի այլ գործողությունների համար»:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ 2022-ին մեկ ծիրանենին գնել են  2400 դրամով, իսկ 2023-ին՝ 19500 դրամով, նա պատասխանեց, որ առաջին դեպքում գնվել է ծիրանենու տնկի՝ շիվ, իսկ երկրորդի պարագայում՝ ծիրանենու ծառ: «Դրանք ձեռք են բերվել հիմնականում «Եռաբլուր» զինվորական  պանթեոնին հարող «Փառքի անտառի» հիմնման համար: Բացի ծիրանենիներից, այնտեղ տնկվել են նաեւ դրսից ներկրված  60-70 հազար դրամ արժեք ունեցող ծառեր»:

Արմեն Բեգոյանը նաեւ նշեց, որ կանաչապատումը գիտություն է եւ միայն ծառ տնկելը չէ եւ դրանով զբաղվում են իրենց կազմակերպության լանդշաֆթագետները, ճարտարապետները, դիզայներները: Նա վստահեցրեց, որ քաղաքային պայմաններում կա մետ 98 տոկոս կպչողականություն, ինչը աննախադեպ ցուցանիշ է:

ՀՈԱԿ-ի տնօրենը որպես իրենց աշխատանքի թերություն նշեց ռեսուսների պակասը: Իսկ դիտարկմանը, թե 87 միլիոնանոց երդմնակալություն կազմակերպելու փոխարեն հնարավոր չէ՞ր այդ պակասը համալրել, պատասխանեց. «Քաղաքապետը տեղյակ է, քաղաքային իշխանությունները տեղյակ են: Այգեպան բանվորների «մաքուր» աշխատավարձը հիմնականում 110 հազար դրամի կարգի է եւ այո, դա շատ ցածր է: Աշխատավարձի բարձրացումը եւ 200 հաստիքի ավելացումը քաղաքի բյուջեի վրա արժենալու է 1-1,2 միլիարդ դրամ: Ու հիմա քաղաքային իշխանությունները փորձում են ինչ-որ տեղից այդ գումարը հայթայթել:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829