Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիներ առաջ Նարեկ Մալյանը եղել է Ալեն Սիմոնյանենց տանը եւ Ալեն Սիմոնյանի մայրիկի հետ սուրճ է խմել, ի՞նչ ակնարկ կա դրա մեջ». Տիգրան Աթանեսյան

Փետրվար 13,2024 19:22

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ շարունակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով նիստը: Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին փորձագետները։

Լեզվաբան-փորձագետ, հայկական ժարգոնային բառարանի հեղինակներից Հասմիկ Ղուկասյանը դատարանում փորձեց բացատրել՝ Նարեկ Մալյանի հրապարակային ելույթում առկա՞ են վիրավորական արտահայտություններ, բացասական գնահատականներ ազգային կամ սոցիալական որեւէ խմբի նկատմամբ:

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հետաքրքրվեց՝ իսկ եթե անձը արժանի է բացասական գնահատականի, այդ պարագայում ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով է ինքը տալիս փորձագիտական եզրակացությունը: Հասմիկ Ղուկասյանը մանրամասնեց՝ ինքը չի օգտագործել՝ «ես կարծում եմ» կամ համանման տարբերակներ ու ասաց, որ կան բացասական գնահատականներ, որոնք հստակ հասցեատեր ունեն, կան, որոնք հստակ հասցեատեր չունեն. ինքը մանրամասն շարադրել է այդ ամենն իր եզրակացության մեջ:

Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ իրավիճակից կախված, որոշ բացասական գնահատականներ, հնարավոր չէ՞, որ փոխեն իրենց երանգավորումը: Փորձագետը համաձայնեց՝ հնարավոր է, բայց, օրինակ, «դավաճան» բառը կոնկրետ խոսույթում հնարավոր չէ ասել իբրեւ դրվատանքի խոսք: Տիգրան Աթանեսյանը նկատեց՝ փորձագետը բացատրել է, թե՝ ի՞նչ է նշանակում՝ «դավաճան», «բ…ի տղա», «զավզակ» եւ այլ արտահայտություններ, որոնք օգտագործվել են իր պաշտպանյալի ելույթում եւ հետաքրքրվեց՝ ինչի՞ համար էր պետք այդ փորձաքննությունը, ի՞նչ կար այդ ամենում, որ դահլիճում նստած բարձրագույն կրթությամբ մարդիկ չէին հասկանում եւ փորձագետը պետք է բացատրեր: Փորձագետն ասաց, որ ինքն իր աշխատանքն է կատարել. եղել է որոշում, դիմել են իրեն, որպես մասնագետի, ինքն էլ իր աշխատանքն է կատարել:

Փորձագետը նաեւ նկատեց, որ օրինակ՝ «կոֆե», «խմել», «մամաներ» բառերը առանձին վերցրած անմեղ բառեր են, բայց որոշակի խոսույթում՝ նկատի ունենալով նաեւ խոսելու հնչերանգը՝ «ձեռք առնելու», ենթադրվում է, որ այդ բառերը կամ տվյալ դարձվածքը թաքնված ակնարկ է պարունակում, որը դրական իմաստ չի կարող ունենալ: Ըստ փորձագետի, երբ ելույթի հեղինակն ասում է՝ «այս ժողովուրդը հատ-հատ գալու է բոլոր ՔՊ-ականների տուն, ձեր մամաների հետ կոֆե խմելու», դրանից առաջ բավական բացասական խոսքային կուտակում կա:

Տիգրան Աթանեսյանը հիշեց, որ տարիներ առաջ Նարեկ Մալյանը եղել է Ալեն Սիմոնյանենց տանը եւ Ալեն Սիմոնյանի մայրիկի հետ սուրճ է խմել ու հետաքրքրվեց՝ մարդը հյուրընկալվել է, սուրճ է խմել, ի՞նչ ակնարկ կա դրա մեջ: Հասմիկ Ղուկասյանը պնդեց՝ Նարեկ Մալյանի տվյալ ելույթում, տվյալ արտահայտությունն, իր տպավորությամբ բացասական ակնարկ է պարունակում:

Փորձագետն իր եզրակացությունում նաեւ գրել է, որ եթե ասվում է «բ…ի տղաներ», նշանակում է, որ «նրանց մայրերը բ…. են»: Դատարանում նա պնդեց իր կարծիքը: Տիգրան Աթանեսյանն էլ նկատեց՝ ինքը ճանաչում է «բ…ի տղաների», որոնց մայրերը նորմալ կանայք են ու հայտարարեց, որ փորձագետը լեզվաբանական սխալ է արել: Բանավեճից հետո, փորձագետը պնդեց իր կարծիքը:

Նա նաեւ համաձայնեց Տիգրան Աթանեսյանի այն դիտարկման հետ, որ թուրքը ազգություն է, ինչպես շվեդը եւ այլն, ինչպես օրինակ Աղայանի բառարանում է բացատրվում, բայց պնդեց, որ 2024 թվականի Հայաստանում անգամ «թուրքը» վիրավորանք է, քանի որ հայերի համար դա ունի առանձնահատկություն՝ կապված օսմանյան կայսրության կազմակերպած ջարդերի հետ:

Դատավորի հարցին ի պատասխան էլ Հասմիկ Ղուկասյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանի նկատմամբ որեւէ բացասական տրամադրվածություն չունի, փորձագիտական եզրակացությունը կազմելիս էլ որեւէ կաշկանդվածություն չի ունեցել, որեւէ ճնշման չի ենթարկվել:

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829