«Ձեր քաղաքական թիմից այնքան տգեղ, այնքան զզվելի ու մանիպուլյատիվ ձեւով ուռճացնում էին 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցի։
Դանիելյանը նախ արձագանքելով Ավինյանի մեկ այլ հայտարարությանը, որ 2017 թվականին ընտրությունները կեղծվել են, ասաց՝ որքան հիշում եմ՝ ՔՊ-ն ԵԼՔ դաշինքով մասնակցում էր այդ ընտրություններին, 7-8% ձայն ստացավ, վերջում էլ ողջունեց այդ ընտրությունները։
Ապա Դանիելյանը հետաքրքրվեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ փոխվարչապետ էիք, 2022-2023-ին՝ փոխքաղաքապետ, զոհերի թիվը ձեր քաղաքական թիմի ղեկավարը տվել է, տարբեր թվեր է ասվել, հարց՝ ինչքան քաջորդի երեւանցի է ընկել 44-օրյա պատերազմի ժամանակ եւ պատրաստվո՞ւմ եք խաչքար կամ հուշաքար տեղադրել նրանց հիշատակին։
«Դուք սխալվում եք, մենք 2017-ի ընտրությունների արդյունքները արձանագրել ենք, եւ արձանագրել ենք, որ տեղի է ունեցել մեծաքանակ ընտրակաշառքի բաժանում, ուղղորդում, որոշակի ճնշումներ մարդկանց վրա»,-ի պատասխան ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքապետի խոսքով՝ իրենք այն ժամանակ արձանագրել են ազնվորեն, որ այդ բոլոր ընտրախախտումներով եւ ընտրակեղծիքներով հանդերձ՝ ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրատեղամասեր եւ քվեարկել են․ «Մենք արձանագրել ենք, որ դա տեղի է ունեցել վատ պայմաններում եւ կազմակերպված ընտրակեղծիք է սա, բայց քաղաքացին ինքնուրույն կատարել է քվեարկություն։ Այսօր ուղղակի մեծ տարբերություն կա ընտրական գործընթացների հետ կապված, որեւէ մեկը ընտրակաշառք չի բաժանում, մարդկանց չեն վախեցնում, եւ այն բոլոր արատավոր երեւույթներն այլեւս չկան եւ չեն լինելու»։
Ինչ վերաբերում է զոհերի թվին, ապա Ավինյանն ասաց․ «Ձեր քաղաքական թիմից այնքան տգեղ, այնքան զզվելի ու մանիպուլյատիվ ձեւով 2020-ի զոհերի թվերն ուռճացնում էին, հիմնականում տունը նստած դիվան քշողների կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը քշելուց բացի ուրիշ բան չեն արել, ու այնպիսի ոգեւորությամբ էին այդ հազարներն ավելացնում, որ մարդու զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներում քայլում ենք։ Զոհերի պաշտոնական թվերը համապատասխանում են իրականությանը»։
Ինչ վերաբերում է հուշաքար կամ խաչքար տեղադրելուն, Ավինյանն ասաց՝ տարբեր վարչական շրջաններում մեր հուշարձաններ կան, բացի այդ, քաղաքապետարանը մեծ պուրակ է կառուցում նվիրված 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորներին։
Դանիելյանը Ավինյանին հիշեցրեց, որ իրենք 2017-ի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկել, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց․ «Մեր թիմը չբողոքարկեց, դուրս եկավ փողոց ու դուրս վռնդեց բոլոր այն մարդկանց, որոնք 2017-ի եւ դրանից առաջվա ընտրությունները կեղծել են»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ