Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը Infocom-ի հետաքննության մասին․ «Մեր նախընտրական շտաբի հիմնական խնդիրն այն էր, որ ավել գումար այլեւս հնարավոր չէր լինելու հավաքագրել, օրենքով սահմանափակում կար»

Փետրվար 13,2024 18:03

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն այսօր Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչ գնահատական կտա Infocom-ի բացահայտումներին, ըստ որի՝ քարոզչական ծախսերի համար ՔՊ-ին անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ընթացքում։

«Ուզում եմ ձեր կարծիքն իմանալ՝ արդյոք այն փաստը, որ փող չունեցող, անապահով մարդիկ մուտք են արել ձեր նախընտրական հիմնադրամին, դա կոռուպցիա չէ՞, արդյոք դա ընտրակեղծիք չէ՝ եթե հաշվի առնենք, որ ձեր նախընտրական բյուջեի 80%-ի ծագումը կասկածելի է։ Եթե այդ փողը չլիներ, կարծում եմ էական ազդեցություն կլիներ ընտրությունների արդյունքների վրա։ Չնայած վարչական ռեսուրսը, նախկինից մնացած արատավոր բարքերը, շատ բաներ կիրառեցիք, առանձնապես շատ ձայն չհավաքեցիք»,-ասաց Սամվել Հակոբյանը։

Ի պատասխան Հակոբյանի հարցի, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ երբ խոսում եք արատավոր երեւույթներից, ընտրակեղծիքներից, հիշում եմ 2017 թվականը՝ ԱԺ ընտրությունները, ավագանու ընտրությունները․ «Եթե դուք չգիտեք ընտրակեղծիքը որն է, ես կարող եմ մեր գործընկերներին խնդրել փաստերով ցույց տան, թե ընտրակեղծիքն ինչպիսին է լինում, կարուսելն ինչպիսին է լինում, ինչպես է դա կազմակերպվում եւ իրական ընտրակեղծիքը 2017-ին տեղի ունեցած, եւ առհասարակ, ընտրակեղծիք բառը որ դեպքերում պետք է օգտագործեք։

Երբ դուք օգտագործում եք ընտրակեղծիք բառը մի ընտրությունների վերաբերյալ, որտեղ 100 հազարավոր ձայների մեջ ընդամենը 53 ձայնով կարող էր այսքան ինտրիգային չմնար մեր այս միջավայրը․․․ ես ձեզ վստահեցնում եմ՝ ընտրակեղծիքն ու մենք շատ տարբեր բեւեռներում ենք։ Եթե ուզում եք ընտրակեղծիքի մասին ինչ-որ բան իմանալ, խորհուրդ կտամ Ազգային ժողովի ձեր գործընկերներից հարցնել, թե դա ինչպես է կազմակերպվում, ինչ մեխանիզմներ են օգտագործվում, ինչքան փող է դրվում դրա համար, հարյուրապետերը, հազարապետերը ինչ մեխանիզմներով պիտի գործեն, ում ինչքան փող պիտի բաժանեին եւ այլն։ 2018-ին այդ էդ տեսակի վերջը եկել է, եւ այլեւս Հայաստանում եւ Երեւանում ընտրակեղծիք, որպես այդպիսին, գոյություն չունի»։

ՔՊ-ականները Ավինյանի այս խոսքերից հետո ծափահարեցին։

Սամվել Հակոբյանն էլ կրկին նույն հարցն ուղղեց, հստակեցնելով՝ փաստ է, մարդիկ ձեզ փող են փոխանցել, ոնց եք գնահատում այդ գործընթացը․ «Իսկ դուք ինձ պատմում եք մի թիմի արածները, որն ինձ հետ բացարձակ կապ չունի։ Ես հարցնում եմ՝ դա օրենքի խախտում չի՞, որ փող չունեցող մարդը մուտք է արել ձեր հիմնադրամին»։

Ավինյանը պատասխանեց․ «Մեր նախընտրական շտաբի հիմնական խնդիրն այն էր, որ մենք ունեինք մի իրավիճակ, որ ավել գումար այլեւս հնարավոր չէր լինելու հավաքագրել, որովհետեւ օրենքով սահմանված որոշակի չափ կա, որից ավելի չի թույլատրվում, ու շատ մարդիկ, գործարարներ, անհատներ, ովքեր ցանկացել են փոխանցել, նրանց ասել ենք՝ կներեք, պետք չի։ Իրականությունը սրա մասին է։ Մնացածը, թե ինչ են գրել, ինչ են հետաքննել, ինչ կհետաքննեն, չեն հետաքննի․․․ թող հետաքննեն»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829