ԱՄՓՈՓԱԳԻՐ
- Գազայի ճգնաժամը թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն է Թուրքիայի համար։
- Գազայի ճգնաժամը զգալի վնաս պատճառեց Թուրքիայի և անձամբ Էրդողանի հեղինակությանը՝ որպես Գազայի բնակիչների «իրավունքների պաշտպան»։
- Եթե «Մավի Մարմարայի» ճգնաժամը նպաստեց Թուրքիայի հեղինակության բարձրացմանն իսլամական աշխարհում, ապա Գազայի ճգնաժամի դեպքում հակառակ պատկերն է։
- Թուրքիան չկարողացավ Իսրայելի դեմ համախմբել Արաբական (իսլամական) աշխարհը։
- Գազայի ճգնաժամը մեծ հարված հասցրեց վերականգնման փուլում գտնվող թուրք-իսրայելական հարաբերություններին։
- Գազայի ճգնաժամն ավելի սրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները։
- Գազայի ճգնաժամի հարցում Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվեցին նույն ճամբարում, ինչի հետևանքով չկարողացան խաղալ մեծ դեր։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2002թ․ աշնանը Թուրքիայում իշխանության եկավ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը 2000-ականներին շարունակեց Իսրայելի հետ լավ հարաբերություններ պահպանելու քաղաքականությունը, ինչը հարուցում էր Արաբական աշխարհի դժգոհությունը (Թուրքիան ու Իսրայելը բավական սերտ հարաբերություններ են ունեցել 1990-ականներին, այդ թվում նաև ռազմական ոլորտում)։ Սակայն 2008-2010թթ․ (Թուրքիայում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից նեոօսմանիզի քաղաքականությանն անցնելու ժամանակ) գրանցվեցին մի շարք իրադարձություններ, որոնք լուրջ հարված հասցրին թուրք-իսրայելական հարաբերություններին։ Խոսքը 2008թ․ դեկտեմբերին – 2009թ․ հունվարին Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած «Ձուլածո կապար» ռազմական գործողության, 2009թ. հունվարի 29-ին Դավոսի միջադեպի (Էրդողանի բոյկոտ), 2010թ. հունվարի 13-ին «աթոռային ճգնաժամի» (Իսրայելում թուրք դեսպանին ավելի ցածր աթոռի վրա նստեցնել) և 2010թ․ մայիսի 31-ին «Մավի Մարմարայի» միջադեպի մասին է։
Այս միջադեպերից հարկ է առանձնացնել հատկապես «Մավի Մարմարայի» միջադեպը, երբ իսրայելցի զինվորականները կանգնեցրին դեպի Գազայի հատված ուղևորվող և «հումանիտար բեռ» փոխադրող «Ազատության տորմիղը» և ծագած միջադեպի ժամանակ սպանեցին Թուրքիայի շուրջ մեկ տասնյակ քաղաքացու։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը տվյալ միջադեպի համար Իսրայելին անվանեց «ծովահեն»` ընդգծելով, որ Թուրքիան «պատրաստ է պատերազմել» Իսրայելի դեմ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դա որակեց «թուրքական սեպտեմբերի 11»` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իր երկրի քաղաքացիներն սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։
Կարդացեք նաև
Միջադեպից հետո Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին՝ ներողության խնդրում, փոխհատուցման վճարում ու Գազայի հատվածի շրջափակման վերացում։ Իսրայելը միայն մասնակի իրականացրեց թուրքական նախապայմանները, ինչը Թուրքիայի համար բավարար եղավ 2016թ․ ամռանն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիր ստորագրելու համար (Թուրքիան նույնպես կատարեց Իսրայելի մի շարք պահանջներ) [1]:
Չնայած այդ համաձայնությանը՝ կողմերի միջև շարունակվեցին պահպանվել մի շարք խնդիրներ։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Էրդողանը մշտապես «դատապարտված» է ժամանակ առ ժամանակ քննադատել Իսրայելին (և ոչ միայն)։ Բանն այն է, որ խալիֆի հավակնություններով Էրդողանը վերջին տարիներին իրեն հռչակել է համայն աշխարհի «մուսուլմանների իրավունքների պաշտպան» և ցանկացած տեղ, որտեղ թիրախավորում են մուսուլմաններին, Էրդողանը հարկադրված է քննադատել տվյալ երկրին (Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է ԱՄՆ-ում 3 մուսուլմանի սպանվելու կապակցությամբ լռություն պահպանելու համար, Եվրոպային մեղադրել է իսլամատյացության, իսկ Չինաստանին՝ մուսուլմանաբնակ Սինձյան-Ույղուրյան մարզի բնակիչներին ցեղասպանության ենթարկելու համար)։
Ելնելով դրանից՝ Էրդողանը շարունակ խնդիրներ էր ունենում Իսրայելի հետ, հատկապես այն դեպքերում, երբ Իսրայելը ռազմական գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում (ասենք, 2014թ․), ինչպես նաև նոր բնակատեղիներ էր կառուցում Արևմտյան ափում, մուսուլմաններին ձերբակալում էր Արևմտյան ափում ու Արևելյան Երուսաղեմում, սահմանափակում էր մուսուլմանների իրավունքները՝ կապված ազանի (մուսուլմանների հերթական աղոթքի հրավեր), Ալ-Աքսա մզկիթի հետ և այլն։ Բացի այդ, Թուրքիան շարունակում էր աջակցել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ին, թույլատրել է Ստամբուլում նրա գրասենյակ բացելը, հրաժարվել է ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կառույց․ Էրդողանը ժամանակ առ ժամանակ ցուցադրական հանդիպումներ է ունեցել ՀԱՄԱՍ-ի լիդերների հետ։
Թուրքիայի ու ՀԱՄԱՍ-ի սերտ կապերը, բնականաբար, հարուցում էին Իսրայելի դժգոհությունն ու մտահոգությունը։ Թուրքիային էլ մտահոգում էին Իսրայելի սերտ կապերը Հունաստանի ու Կիպրոսի հետ և հատկապես նրանց ռազմական համագործակցությունը (Թուրքիայի ու Իսրայելի միջև, բնականաբար, կային նաև այլ խնդիրներ)։ Չնայած քաղաքական տարաձայնություններին՝ 2010-ականներին Թուրքիայի ու Իսրայելի միջև առևտրի ծավալը զգալի զարգացում էր ապրել և անգամ՝ կրկնապատկվել։ Վերջին շրջանում Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններում մեծապես կարևորվել է գազի խնդիրը, ինչը 2016թ․ կողմերի միջև կնքված համաձայնության (կարգավորման) գլխավոր դրդապատճառներից է։
21-րդ դարում Իսրայելը խոշոր գազահանքեր է հայտնաբերել Արևելյան Միջերկրականում, ինչը սրել է համապատասխան գնորդ գտնելու հարցը։ Թվում էր, թե Իսրայելն իր գազը Եվրոպա էր ուղարկելու EastMed գազատարով, սակայն 2019թ․ նոյեմբերին Թուրքիան, Լիբիայի հետ ծովային համաձայնագիր կնքելով, ինքնակամ մեծացրեց իր ջրատարածությունը Միջերկրական ծովում («Կապույտ հայրենիքի» դոկտրին), որով փակեց EastMed գազատարի ճանապարհը․ վերջինս պետք է Իսրայելից ձգվեր դեպի Կիպրոս, ապա Կրետե կղզի, հետո հունական ցամաք, որտեղից էլ արդեն ԵՄ-ի մյուս երկրներ։
ԱՄՆ-ը, թերևս, գիտակցելով, որ EastMed-ի նախագծի իրագործումը բավական ծախսատար (6-7 միլիարդ դոլար) ու ժամանակատար է, որ այն անցնելու է մեծ խորություններով (մինչև 3000 մ) ու սեյսմիկ գոտով, որ Թուրքիան ամեն գնով խոչընդոտելու է սեփական տարածքը շրջանցող այդ գազատարի կառուցմանը, հրաժարվեց նախագծին աջակցելուց, այդ մասին իրազեկեց Իսրայելին, և դրանով ակամա/փաստացի «կանաչ լույս» վառեց, որպեսզի իսրայելական և նաև կիպրական գազը դեպի Եվրոպա ուղարկվեն Թուրքիայի տարածքով (ԱՄՆ-ի չաջակցելու պայմաններում EastMed-ի ապագան մեծ հարցականի տակ է)։ Ամեն դեպքում Իսրայելն ու Կիպրոսը կարող են փորձել իրենց գազը դեպի ԵՄ ուղարկել Եգիպտոսում գործող գազի հեղուկացման կայանների միջոցով
Թուրքիան ցանկանում էր, որ EastMed գազատարի փոխարեն Իսրայելից դեպի Թուրքիա կառուցվի 500-550 կմ երկարությամբ ծովային գազատար, որով տեսականորեն կարող էր մատակարարվել նաև կիպրական գազը (21-րդ դարում Կիպրոսը նույնպես գազի խոշոր հանքավայրեր է հայտնաբերել Արևելյան Միջերկրականում)։ Իսրայելական գազը Թուրքիայի համար կարևոր էր ոչ միայն այն դեպի Եվրոպա տարանցելու և դրանով իր տարանցիկ, աշխարհաքաղաքական դերը մեծացնելու, Իսրայելին իրենից տարանցիկ կախվածության մեջ դնելու համար, այլև գազի մատակարարման իր ուղիները դիվերսիֆիկացնելու համատեքստում։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ իսրայելական գազը Թուրքիայի համար կլինի ավելի էժան, քան ռուսական գազը։ Բացի այդ, Թուրքիայի համար բավական վտանգավոր է համարվում Ռուսաստանից գազային մեծ կախվածության մեջ մնալը. Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ (55%) գազամատակարարն է (տվյալ տրամադրություններն ավելի ուժգնացան 2015թ. աշնանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին):
ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՆԱԽՈՐԴԱԾ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ
Գազային ոլորտն, այդպիսով, առանցքային ոլորտներից էր, որը երկու երկրներին մղում էր հարաբերությունների կարգավորման։ Կարգավորման համատեքստում հիմնական իրադարձությունները զարգացան 2022թ․։
Տարեսկզբին Էրդողանը հեռուստաալիքներին տված մի շարք հարցազրույցներում հնարավոր համարեց Արևելյան Միջերկրականում Իսրայելի հետ էներգետիկ համագործակցությունը՝ ընդգծելով, որ մոտ ժամանակներս կարող են քայլեր կատարվել տվյալ ուղղությամբ։ Էրդողանը նաև չբացառեց, որ Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը կարող է այցելել Թուրքիա։ Այցի նախապատրաստության համար նախ հունվարին Թուրքիա մեկնեց Իսրայելի փոխարտգործնախարար Ալոն Ուշփիզը, ապա փետրվարին Իսրայել (նաև Պաղեստին) մեկնեցին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։
Հերցոգի այցից առաջ տեղի ունեցավ մի զարգացում, որը հանգեցրեց երկու երկրների միջև շփումների աճին և հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի արագացմանը: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտնաբերեց, որ իսրայելցի գործարար Յաիր Գելլերը, ով նաև Թուրքիայի քաղաքացի է, Ստամբուլում հետապնդվում է իրանական հետախուզության հետ կապված բջիջների կողմից։ MİT-ն այդ իրավիճակը ներկայացրել է իսրայելական հետախուզությանը և նրա հետ համակարգմամբ՝ կանխել Գելլերի սպանությունը Թուրքիայի տարածքում։ MİT-ը պարզել է, որ իրանական կողմը ծրագրել էր Գելլերի սպանությունը՝ վրեժ լուծելու համար իրանցի միջուկային ֆիզիկոս Մուհսին Ֆահրիզադեի մահվան համար, ով Թեհրանում սպանվել էր 2020թ․։
Հերցոգի թուրքական այցը կայացավ մարտի 9-ին, ինչը 2008թ․-ից ի վեր երկու երկրների միջև ամենաբարձրաստիճան մակարդակի այցն էր։ Թուրքիայում Հերցոգի վարած բանակցությունների արդյունքներով հայտարարվեց երկու երկրների միջև նոր ժամանակաշրջանի մեկնարկի մասին, կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Էրդողանը հայտարարեց, որ ապրիլին Իսրայել կմեկնեն Թուրքիայի արտաքին գործերի ու էներգետիկայի նախարարները՝ քննարկելու համար համագործակցության մեծացման հնարավորությունները։
Հերցոգի այցի կապակցությամբ մի շարք լրատվամիջոցներ պնդեցին, որ Սիլոայի 2700-ամյա արձանագրությունը, որը գտնվել է Երուսաղեմում և 1880թ․ բերվել Ստամբուլ ու ցուցադրվել Ստամբուլի հնագիտական թանգարանում, որպես բարի կամքի նշան՝ կհանձնվի Հերցոգին՝ այն Իսրայել տանելու համար։ Սակայն Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հերքեց դա՝ ընդգծելով, որ խնդրո առարկա մակագրության վերադարձը հնարավոր չէ։
Հերցոգի այցին հաջորդող օրերին Իսրայելի անվտանգության ուժերը մի շարք գործողություններ իրականացրեցին Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր քաղաքներում՝ ինչի հետևանքով պաղեստինցիների շրջանում գրանցվեցին զոհեր, թիրախավորվեց նաև Ալ-Աքսա մզկիթը: Այդ դեպքերը, որոնց թուրքական կողմը բնորոշեց որպես ճնշում մուսուլմանների վրա, պատճառ դարձան, որպեսզի չկայանան Էրդողանի հայտարարած նախարարական վերոնշյալ այցերը դեպի Իսրայել։
Չնայած Հերցոգի այցից հետո թուրք-իսրայելական հարաբերություններն սկսել էին մեղմացում ապրել, այնուամենայնիվ՝ թուրքական կողմը չվարանեց արձագանքել մուսուլմաններին առնչվող Իսրայելի իշխանությունների գործողություններին՝ նրանց նախազգուշացնելով այլևս թույլ չտալ նման քայլեր։ Այդ ամենի հետևանքով Թուրքիայից Իսրայել նախարարական մակարդակով այց տեղի ունեցավ միայն մայիսի վերջին՝ Իսրայելում մթնոլորտի որոշակի հանդարտվելուց հետո։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Պաղեստինից հետո մայիսի 25-ին այցելեց Թել Ավիվ և հյուրընկալվեց Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի կողմից։
Թեև 15-ամյա ընդմիջումից հետո Թուրքիայից արտգործնախարարի մակարդակով Իսրայել կատարված այցը զգալի ներդրում ունեցավ կողմերի միջև սառնության վերացման գործում, սակայն հնարավոր չեղավ որոշում կայացնել ակնկալվող կարգավորման գործընթացի և դեսպանների նշանակման վերաբերյալ (Թուրքիան Իսրայելից իր դեսպանին հետ է կանչել 2018թ․ մայիսին՝ կապված պաղեստինցիների նախաձեռնած «Վերադարձի մեծ երթից» հետո Իսրայելի հետ սկսված բախումների հետ)։ Չավուշօղլուն Լապիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում վերահաստատեց Թուրքիայի զգայունությունը Պաղեստինի հանդեպ, կողմ արտահայտվեց պաղեստինյան հիմնախնդիրը երկու պետությունների հենքով լուծելուն և Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի հստակեցմանը։ Նրա խոսքով՝ կողմերի շահերից է բխում փոխադարձ երկխոսությունը շարունակելը՝ չնայած որոշ հարցերի շուրջ կարծիքների տարբերությանը։ Չավուշօղլուի ու Լապիդի բանակցությունների արդյունքում որոշվեց վերականգնել Համատեղ տնտեսական կոմիտեն, որի գործունեությունը դադարեցվել էր երկկողմ հարաբերությունների խզմամբ։ Չավուշօղլուի այցի արդյունքներով կողմերի միջև մի շարք պայմանագրեր ստորագրվեցին քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։
Չավուշօղլուի այս այցից հետո ակնկալվում էր, որ Թուրքիայի ու Իսրայելի փոխհարաբերություններն աստիճանաբար կվերադառնան բնականոն հուն, ԶԼՄ-ներն անգամ հայտնեցին, որ տվյալ գործընթացը կարող է լինել ավելի արագ, քան սպասվում է։ Դրան պետք է նպաստեր այն, որ MİT-ն այս անգամ էլ պարզել է, որ հանգստի նպատակով Ստամբուլում գտնվող իսրայելցի զբոսաշրջիկների խմբին հետևում է ահաբեկչական բջիջ, որը, ենթադրաբար, աշխատում է իրանական հետախուզության համար: MİT-ն այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Իսրայելի իշխանություններին, և իսրայելցի զբոսաշրջիկներին թույլատրվել է գաղտնի վերադառնալ իրենց երկիր։ Այս դեպքից հետո Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին զգուշացրել են որոշ ժամանակ չգնալ Թուրքիա, իսկ ճանապարհորդության արգելքը հանվել է այն բանից հետո, երբ թուրքական անվտանգության ուժերը ոչնչացրել են խնդրո առարկա ցանցը։ Ապա Հերցոգը զանգահարեց Էրդողանին և շնորհակալություն հայտնեց դրա համար, կողմերը պայմանավորվեցին, որ անվտանգության ուժերը հնարավոր հարձակումների դեմ գործելու են համատեղ։
Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց Լապիդը հունիսի 23-ին ժամանեց Թուրքիա և Իսրայելի քաղաքացիներին փրկելու համար շնորհակալություն հայտնեց թուրքական կողմին՝ ընդգծելով, որ տվյալ համագործակցությունն արագացրել է կարգավորման գործընթացը։ Լապիդը չբացառեց, որ մոտ ապագայում կողմերը կարող են դեսպաններ նշանակել։ Սպասվող հայտարարությունն արվեց օգոստոսի 17-ին Իսրայելի արդեն վարչապետ Լապիդի հետ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։ Իրենց միաժամանակյա հայտարարություններում Թուրքիայի անունից փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և Իսրայելի անունից փոխարտգործնախարար Ալոն Ուշպիզն ընդգծեցին, որ երկու երկրները որոշել են հասնել լիարժեք կարգավորման՝ առանց որևէ նախապայմանի։ Նրանք հայտարարեցին, որ երկու երկրներում դեսպանները փոխադարձաբար կնշանակվեն հնարավորինս շուտ:
Սեպտեմբերի 19-ին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ Իրիտ Լիլիանը, ով զբաղեցնում էր Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը, նշանակվել է Անկարայում Իսրայելի դեսպան։ Չնայած դրան՝ Թուրքիայի կողմից Իսրայելում դեսպան նշանակելուն առնչվող խորհրդակցությունները շարունակվեցին, և որոշումն ընդունվեց միայն այն բանից հետո, երբ Էրդողանը Լապիդին ընդունեց Նյու Յորքում գտնվող Թուրքական տանը․ Էրդողանն ու Լապիդը մասնակցում էին ՄԱԿ ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի բացմանը: Կողմերի միջև համապատասխան համաձայնության ձեռք բերումից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վերջապես հայտարարվեց, որ Թել Ավիվում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Շաքիր Օզքան Թորունլարը, ով մինչ այդ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էր (Թորունլարի գործառույթները մեկնարկեցին դեկտեմբերի 1-ին)։
Կարգավորման գործընթացում, որն ավարտվեց երկուստեք դեսպանների նշանակմամբ, առաջին պաշտոնական այցը կատարեց Իսրայելը։ Հոկտեմբերի 19-ին մեծ պատվիրակության ուղեկցությամբ Անկարա ժամանեց Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Օրնա Բարբիվայը, ով հանդիպումներ ունեցավ Թուրքիայի տեխնոլոգիայի նախարար Մուսթաֆա Վարանքի և առևտրի նախարար Մեհմեթ Մուշիի հետ։ Այս հանդիպումներում պայմանավորվածություն ձեռք բերվեց զարգացնել փոխադարձ համագործակցությունն ու առևտուրը, որոշվեց վերակենդանացնել Համատեղ տնտեսական համաժողովը (նրա վերջին նիստն անցկացվել է 2009թ․) և հնարավորինս շուտ գումարել նրա նոր նիստ։
Այս այցից կարճ ժամանակ անց՝ հոկտեմբերի 27-ին, Անկարա ժամանեց Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և հանդիպումներ ունեցավ նախ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ապա նաև նախագահ Էրդողանի հետ։ Գանցի այցի ընթացքում համաձայնագիր չստորագրվեց, սակայն ընդգծվեց, որ այցը կծառայի պաշտպանական և անվտանգության ոլորտում ապագա համագործակցության դռները բացելուն։ Այցի ընթացքում ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Գանցը թուրքական իշխանություններից համագործակցություն է խնդրել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու և որպես բարի կամքի նշան՝ Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի անդամների արտաքսման հարցերում, սակայն այս խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Ամեն դեպքում Գանցի այցից անմիջապես անց Չավուշօղլուն հայտարարեց, որ «Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, ուստի նրա անդամները չեն արտաքսվի Թուրքիայից»։
Այն ժամանակ, երբ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը նոր էր սկսել ինստիտուցիոնալացվել, Իսրայելում տեղի ունեցած մեկ կարևոր զարգացում անորոշություն առաջացրեց հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Լապիդի վարչապետության ներքո գտնվող կենտրոնական և ձախ կուսակցությունների կոալիցիայից կազմված կառավարությունը պարտություն կրեց Իսրայելի նախկին բազմամյա վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջերի դաշինքից։
Հիշելով նախկինում Էրդողանի ու Նեթանյահուի միջև առկա լարվածությունը և հաշվի առնելով պաղեստինցիների նկատմամբ նոր կառավարություն ձևավորող ծայրահեղ աջ կուսակցությունների նախապես հայտարարված մտադրությունները՝ Թուրքիայում երկմտանքներ առաջացան, թե արդյոք կարո՞ղ է շարունակվել կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը։ Չնայած այդ մտավախություններին՝ Նեթանյահուն նոյեմբերի 13-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո (զոհվեց 8 և վիրավորվեց 81 մարդ) զանգահարեց Էրդողանին և իր ցավակցությունը հայտնեց այդ կապակցությամբ։ Այդ ժամանակ հաղորդվեց, որ կողմերը համաձայնել են շարունակել կարգավորումը նույն տեմպերով։
Իսրայելում կառավարության փոփոխությունից առաջ նախարարական մակարդակով պաշտոնական վերջին այցը դեպի Թուրքիա իրականացրել էր Իսրայելի զբոսաշրջության նախարար Յոել Ռազվոզովը՝ նոյեմբերի 16-ին։ Ստամբուլում Ռազվոզովին հյուրընկալել է նրա թուրք գործընկեր Մեհմեթ Նուրի Էրսոյը, կողմերը որոշել են ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում և ավելացնել փոխադարձ զբոսաշրջիկների թիվը։
Տարեվերջին գրանցվեց մի իրադարձություն, որը ստվեր գցեց Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ MİT-ի և թուրքական ոստիկանության համատեղ իրականացրած գործողության ընթացքում բացահայտվեց նոր բջիջ, որը լրտեսություն էր իրականացնում Իսրայելի Mossad հետախուզական ծառայության համար։ Պարզվեց, որ 44 հոգուց բաղկացած խումբը, որի անդամները քողարկվել են մասնավոր դետեկտիվ գործակալության և խորհրդատվական ընկերության շղարշի ներքո, Mossad-ի համար հետևում էին պաղեստինցի ուսանողներին, հասարակական կազմակերպություններին և Թուրքիայում գործող այլ կազմակերպությունների։ MİT-ի գործողության ընթացքում վնասազերծվել է ողջ ցանցը։
Դրան զուգահեռ Թուրքիան տարվա վերջին օրերին շատ ուշադիր հետևում էր Իսրայելի իշխանափոխության գործընթացին, քանի որ այն ունակ էր ուղղակի ազդել կարգավորման գործընթացի վրա։ Չավուշօղլուն 2023թ. բյուջեի թեմայով քննարկումների շրջանակում անդրադարձավ այս հարցին և Նեթանյահուի կառավարությունից Թուրքիայի ակնկալիքները բացատրեց հետևյալ կերպ. «Մեր հարաբերությունների կարևոր տարրը, իհարկե, մեր պաղեստինցի եղբայրների իրավունքներն են և Երուսաղեմի կարգավիճակը։ Մենք պատրաստ ենք այս հիմքով առաջ տանել գործընթացն Իսրայելի նոր կառավարության հետ»։
Թեև նոր կառավարություն ձևավորելու Նեթանյահուի ջանքերը որոշ ժամանակ դժվարությունների բախվեցին, կոալիցիոն գործընկերների հետ նրա բանակցությունները, ի վերջո, հաջողությամբ պսակվեցին, և Իսրայելի 37-րդ կառավարությունը, որին աջակցում էին ծայրահեղ աջ և արմատական կուսակցությունները, դեկտեմբերի 29-ին խորհրդարանից ստացավ վստահության քվե [2]:
Թուրք իշխանական փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի համար 2023թ․-ը պետք է դառնար արտաքին քաղաքականության շրջադարձային տարի, իսկ Իսրայելի հետ հարաբերությունների մասով՝ տատանումների ու մեծ մարտահրավերների ժամանակաշրջան։ 2023թ․ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների զարգացումները ընդհանուր առմամբ կարելի է բաժանել երկու մասի։ Կողմերը կարգավորման գործընթացի շրջանակներում զգալի ջանքեր են գործադրել բարելավելու իրենց հարաբերությունները մինչև հոկտեմբերի 7-ը։
Դեռևս 2022թ․ մարտին Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգի Թուրքիա կատարած այցից հետո առաջին կոնկրետ բարելավումներն այս համատեքստում սկսեցին հայտնվել 2023թ․։ Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդհանուր շահերի շրջանակներում օգտագործել Արևելյան Միջերկրական ծովի էներգոռեսուրսները, խորհրդակցություններ անցկացվեցին իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու վերաբերյալ։
2023թ․ փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցվեց Քահրամանմարաշ էպիկենտրոնով ուժգին երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 50․000 մարդ։ Փետրվարի 10-ին Իսրայելը որոնողա-փրկարարական անձնակազմ ուղարկեց Թուրքիա։ Մայիսի 29-ին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և շնորհավորել նախօրեին Թուրքիայի նախագահական երկրորդ փուլում հաղթելու համար։ Նեթանյահուն ծրագրել էր Թուրքիա այցելել հուլիսի 23-ին, սակայն վիրահատվելու պատճառով նրա այցը հետաձգվեց։ Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի հետ հեռախոսազրույցում քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը [3]:
Այնուհետև Էրդողանն ու Նեթանյահուն հանդիպեցին 2023թ․ սեպտեմբերի 20-ին՝ Նյու Յորքում անցկացված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Դա երկար տարիներ անց նրանց առաջին հանդիպումն էր։ Կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել քաղաքական, տնտեսական ու տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ Պաղեստինյան հիմնախնդիրը։ Էրդողանն ու Նեթանյահուն, մասնավորապես, քննարկել են էներգետիկ, տեխնոլոգիական, նորարարական, արհեստական բանականության ու կիբեր անվտանգության ոլորտներում համագործակցության հարցը։ Հանդիպման արդյունքներով նրանք պայմանավորվել են մոտ ժամանակներս շարունակել փոխադարձ այցերը։ Իսրայելական մամուլի պնդմամբ՝ Էրդողանը ցանկություն է հայտնել հաջորդ ամիս ԹՀ-ի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ այցելել Ալ-Աքսա մզկիթ։ Միջազգային մամուլն Էրդողանի ու Նեթանյահուի այս հանդիպումը որակել է որպես «բեկումնային» [4]:
Նշենք, որ Ալ-Աքսա մզկիթը համարվում է իսլամի 3 գլխավոր սրբավայրերից մեկը՝ Մեքքայից ու Մեդինայից հետո, և այն մշտապես գտնվել է Էրդողանի ուշադրության կենտրոնում։ Երբ 2020թ․ ամռանն Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը վերստին վերածել տվեց մզկիթի, հայտարարեց, որ «հաջորդը Ալ-Աքսայի ազատագրումն է» [5]:
Էրդողանի ու Նեթանյահուի հանդիպման ժամանակ քննարկված թեմաները լայն իմաստով կարող ենք բաժանել Թուրքիայի համար երկու առանցքային ոլորտի՝ էներգետիկ (գազ) ու տեխնոլոգիական (թերևս նաև ռազմական)։ Սա ի ցույց է դնում Իսրայելից Թուրքիայի ակնկալիքները և նաև հերթական անգամ անուղղակի ապացուցում, որ Էրդողանին ՀԱՄԱՍ-ը հետաքրքիր է թերևս բացառապես Իսրայելի վրա ճնշում գործադրելու և այդ կերպ Իսրայելից տարաբնույթ (առաջին հերթին տնտեսական) զիջումներ կորզելու համատեքստում։
Եթե Էրդողանի տեսանկյունից կշեռքի նժարներից մեկի վրա դնենք Իսրայելը, իսկ մյուսի վրա՝ ՀԱՄԱՍ-ը, ապա ակնհայտ է դառնում, թե որ նժարն է գերակայում Թուրքիայի համար, թե ումից նա շատ օգուտներ կարող է ստանալ։ Նույն կերպ Սինձյանի ույղուրներն Էրդողանին հետաքրքրում են թերևս բացառապես միայն Չինաստանից տարաբնույթ զիջումներ կորզելու համար (առևտրային/տնտեսական օգուտներ ստանալուց հետո Էրդողանը, ի զարմանս շատերի, հայտարարում է, թե ույղուրները որևէ խնդիր չունեն Չինաստանում՝ թեպետ համայն աշխարհին է հայտնի նրանց իրավունքների կոպիտ ոտնահարման մասին)։
Էրդողանին պաղեստինցիների ճակատագիրը թերևս «մտահոգում է» այնքան, որքան որ ույղուրների, Ղրիմի թաթարների, չերքեզների, մեսխեթցի թուրքերի, ռոհինյա մուսուլմանների և ընդհանրապես իսլամական ու թյուրքական մյուս ազգերի դեպքում։ Նրանք բոլորն էլ Էրդողանի համար ծառայում են սոսկ միջոց՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Նրան մեծ հաշվով հետաքրքիր չեն Թուրքիայի քաղաքացիները՝ էլ չխոսած «ազգակից ժողովուրդների» մասին։ Այս հարցում որպես հիմք ենք վերցնում այն, որ Էրդողանն իր ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցում է առաջին հերթին սեփական շահերի և ոչ թե Թուրքիայի պետական շահերի առաջ մղման վրա, որոնք կարող են ինչպես համընկնկնել, այնպես էլ չհամընկնել թե՛ ամբողջովին, թե՛մասնակի։
Օրինակները բազմաթիվ են․ ասենք Թուրքիայի պետական շահերը պահանջում էին գնել ամերիկյան մշակման Patriot զենիթա-հրթիռային համալիրներ, սակայն Էրդողանի անձնական շահերը պահանջեցին գնել ռուսական S-400 համակարգեր՝ չնայած նրան, որ Թուրքիան դրանով զրկվեց 100-120 միավոր ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչներից, որոնցից 20-ը պետք է տեղակայվեր թուրքական Anadolu թեթև ավիակրի վրա, որ Թուրքիան դուրս մնաց F-35-երի արտադրման ծրագրից, որ Թուրքիան համալրեց ԱՄՆ-ի հակառակորդների շարքերը և հայտնվեց նրա ռազմական սահմանափակումների տակ, որ Թուրքիան մնաց հնացող ավիացիայով և տարածաշրջանի երկրներից ավիացիոն ոլորտում հետ մնալու վտանգի տակ․ վերջին շրջանում Էրդողանը թուրքական կործանիչային ավիացիան թարմացնելու հուսահատ ջանքեր է գործադրում [6]։ Կարելի է նշել նաև 2015թ․ նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական Su-24M ռմբակոծիչը ոչնչացնելն ու դրա հետևանքով ռուսական կողմի սահմանած տնտեսական և այլ բնույթի պատժամիջոցները, որոնց հետևանքները Թուրքիայում զգացին միլիոնավոր մարդիկ [7]:
Ամենաթարմ օրինակներից մեկը կարելի է համարել 2023թ․ փետրարին Քահրամանմարաշում Թուրքիայի պատմության մեջ գրանցված վերոնշյալ ամենամահաբեր երկրաշարժից հետո Էրդողանի պահվածքը։ Չնայած երկրաշարժի սփռած խոշորամասշտաբ ավերածություններին՝ Էրդողանը չէր շտապում բանակն օգնության ուղարկել իրենից դժգոհ բնակչությամբ տվյալ գոտի, և դա այն դեպքում, երբ երկրաշարժից տուժած բազմաթիվ անձինք բողոքում էին, որ երկրաշարժին հաջորդած ժամերի ընթացքում ոչ ոքից օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով փլատակների տակ զոհվել են իրենց հարազատներն ու ծանոթները [8]:
«ԱՔՍԱ ԹՈՒՖԱՆ» ՕՊԵՐԱՑԻԱՆ (“OPERATION AL-AQSA FLOOD”)
2023թ. հոկտեմբերի 7-ին (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 71-ամյակ) ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինված խմբերը Գազայի հատվածից ներխուժեցին Իսրայել՝ ճեղքելով սահմանային պատնեշը և ներթափանցելով մոտակա իսրայելական բնակավայրեր ու ռազմական օբյեկտներ: Պաղեստինյան հարձակմանը մասնակցած կազմակերպությունները ներառում են ՀԱՄԱՍ-ը, Իսլամական ջիհադը և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը։ Պաղեստինյան զինյալներն իրենց հարձակումն անվանել են «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողություն։ Համասի ռազմական թևի՝ Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամմեդ Դեյֆը հայտարարել է, որ հարձակումն իրենց պատասխանն է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը» և Իսրայելի կողմից այս տարվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիների սպանությանը։ Պաղեստինյան հարձակման սկիզբը գրեթե համընկավ 1973թ․ արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակի հետ։ Որոշ մասնագետներ այս իրադարձություններն անվանում են պաղեստինյան Երրորդ ինթիֆադա (դիմադրական շարժում)։
Հարձակումը մեկնարկեց հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի վրա 2500-5000 հրթիռ արձակելով, ավելի քան 2500 գրոհային ցամաքից, ծովից և օդից ներթափանցեցին Իսրայելի տարածք՝ ներառյալ սահմանամերձ ավանները և Սդերոտ քաղաքը։ Հարձակման հետևանքով սպանվեց մոտ 1200 իսրայելցի (ներառյալ երաժշտական փառատոնի հարյուրավոր մասնակիցներ), ևս 242-ը պատանդ վերցվեց։ Ի լրումն իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածների՝ եղել են սեռական բռնության բազմաթիվ դեպքեր իսրայելցի կանանց և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց նկատմամբ:
Հարձակումը համարվում է Հոլոքոսթից ի վեր հրեաների ամենամեծ զանգվածային սպանությունը և պատմության մեջ պաղեստինյան դիմադրության ամենամեծ գործողությունը: Այն համարվում է նաև 1948թ․ Արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի տարածքում գրանցված առաջին ուղիղ հակամարտությունը։ The Sunday Telegraph-ը հակամարտությունն անվանել է Իսրայելի «Սեպտեմբերի 11»։ Ի պատասխան՝ Իսրայելի կառավարությունը 1973թ․-ից ի վեր առաջին անգամ հայտարարեց ռազմական դրություն և սկսեց «Երկաթե սուր» գործողությունը Գազայի հատվածում։ Պաղեստինյան կողմի պնդմամբ՝ տվյալ գործողության հետևանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 27․000-ը։ Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը կորցրել է մոտ 550 զինծառայող։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Թուրք իշխանամետ փորձագետները հոկտեմբերի 7-ի դեպքերի հանդեպ Թուրքիայի արձագանքի ու հետագա զարգացումների վերաբերյալ նշում են․ «Հոկտեմբերի 7-ից հետո Թուրքիան խստորեն դատապարտեց Իսրայելի կողմից Գազայում խաղաղ բնակիչների կոտորածները, իսկ նախագահ Էրդողանն Իսրայելը որակեց որպես «ահաբեկչական պետություն»` ընդգծելով, որ Թուրքիան կձգտի կանխել այդ ջարդն իր բոլոր միջոցներով։ Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ձեռնարկեց կարևոր նախաձեռնություններ և, մաքոքային դիվանագիտություն վարելով, փորձեց իսլամական և արաբական այլ երկրների ներառել Իսրայելին կանգնեցնելուն միտված համակարգում։ Թուրքիայի այս հստակ դիրքորոշումն արժանացավ Իսրայելի դժգոհությանը, երկու երկրներն էլ հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Արդեն հոկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գազայի թեման քննարկելու համար մեկնեց Եգիպտոս, ուր կողմ արտահայտվեց Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական բախումների դադարեցմանը։ Հոկտեմբերի 25-ին Էրդողանը հարկադրված եղավ չեղարկել ծրագրած այցն Իսրայել։ Երեք օր անց Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրաման ստորագրեց Թուրքիայում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների վերադարձի մասին։ Նոյեմբերի 4-ին Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը խորհրդակցությունների համար հետ կանչվեց Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հստակ հայտարարեց, որ ներկա պայմաններում հնարավոր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, որ Թուրքիան ջանքեր կգործադրի Գազայում տեղի ունեցած ջարդերի մեղավորներին Միջազգային քրեական դատարանում դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Թուրքիան նաև համագործակցում է Եգիպտոսի հետ՝ Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ և թռիչքներ է իրականացնում ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ Բացի այդ, Գազայում քաղցկեղով հիվանդ պաղեստինցիներ են բերվել Թուրքիա՝ բուժումը շարունակելու համար։ Գազայում բնակվող Թուրքիայի քաղաքացիները նույնպես աստիճանաբար տարհանվել են։
Եվ վերջապես, դեկտեմբերի 4-ին թուրքական հետախուզությունն Իսրայելին զգուշացրեց Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի լիդերների դեմ օպերացիաներ չիրականացնելու համար՝ և ընդգծելով, որ դա լուրջ հետևանքներ կունենա իսրայելական կողմի համար: Թուրքիան այդպիսով շատ կոշտ արձագանքեց Իսրայելի ներքին հետախուզության ղեկավար Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարին, ով հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի անդամները թիրախ են դառնալու Թուրքիայի և մի շարք այլ երկրների տարածքներում» [9]:
Նշենք, որ իրականությունը մի փոքր այլ է․ հոկտեմբերի 7-ի դեպքերից հետո Թուրքիայի արձագանքը չի եղել խիստ, ընդհակառակը՝ եղել է բավական բալանսավորված։ Մասնավորապես, հենց հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ իրենք խորապես մտահոգված են Իսրայելում ու Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ և մեծ նշանակություն են տալիս տարածաշրջանային անդորրի հնարավորինս արագ վերականգնմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն դատապարտեց խաղաղ բնակչության կորուստը՝ շեշտելով, որ բռնության ակտերը և դրա հետ կապված սրացումները ոչ մեկին օգուտ չեն տալու, և կողմերին կոչ արեց ցուցաբերել զսպվածություն և խուսափել իմպուլսիվ քայլերից, հրաժարվել ուժի կիրառումից։ Թուրքիայի ԱԳՆ-ը նաև պատրաստակամություն հայտնեց իր հնարավորությունների չափով նպաստել, որպեսզի հնարավոր լինի այդօրինակ զարգացումները վերահսկողության տակ վերցնելը՝ նախքան դրանց ավելի սրվելն ու տարածվելը [10]:
Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ը նաև հայտարարեց, որ ակնդետ հետևում է Իսրայելի ու Պաղեստինի միջև ծավալվող իրադարձություններին և Թուրքիայի քաղաքացիներին կոչ արեց զգուշանալ Իսրայել ու Պաղեստին այցելելուց, իսկ արդեն այնտեղ գտնվողներին կոչ արեց մնալ անվտանգ, փակ տարածքներում, անհրաժեշտության դեպքում դիմել Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատուն, Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն, այցելել Թուրքիայի ԱԳՆ-ի կայք ու սոցցանցերի էջեր [11]:
Հոկտեմբերի 7-ի դեպքերի հանդեպ Թուրքիայի այս դիրքորոշումը կարելի է համարել չեզոք և որոշակի իմաստով իսրայելամետ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն դատապարտեց խաղաղ բնակչության կորուստները, իսկ հոկտեմբերի 7-ին դրանց զգալի մասը բաժին է ընկել հենց Իսրայելին։ Սա բավական սպասելի դիրքորոշում էր՝ հաշվի առնելով, թե հոկտեմբերի 7-ին նախորդած մեկուկես տարում Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն ինչպիսի զարգացում էին ապրել և ինչպիսի պոտենցիալ ունեին՝ է՛լ ավելի առաջ գնալու համար։ Մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ որքան ձգձգվեր այդ կոնֆլիկտը, այնքան Թուրքիայի համար դժվար կլիներ չեզոքություն պահպանելը․ Թուրքիան այդպիսով հայտնվել էր «երկու քարի արանքում»։
Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի և միջազգային իրավունքի խախտում որակեց իսրայելական բանակի հայտարարությունը, որում 24 ժամ էր հատկացվում Գազայի հյուսիսի բնակիչներին՝ տարհանման համար [12]: Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ «ամենախիստ ձևով դատապարտում է Իսրայելի բարբարոսական հարձակումները Գազայի հատվածում «Ալ-Ահլի» հիվանդանոցի վրա, որի հետևանքով, պաղեստինյան կողմի պնդմամբ, զոհվել են հարյուրավոր պաղեստինցիներ»։ Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծեց, որ քաղաքացիական անձանց, հիվանդանոցներն ու դպրոցներն ուղիղ թիրախավորելը հակասում է միջազգային իրավունքին [13]:
Նշենք, որ կոնֆլիկտի ձգձգվելուց և հատկապես Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունից հետո թուրքական կողմի տոնը սկսեց գնալով ավելի կոշտանալ (հոկտեմբերի 9-ի երեկոյան իսրայելական բանակը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի զինյալներից բոլոր բնակավայրերն ու օբյեկտները մաքրելու մասին, իսկ Գազայի հետ սահմանը վերահսկողության տակ վերցվեց հոկտեմբերի 10-ին)։ Դա մասնավորապես ակնառու է Էրդողանի ելույթների պարագայում։
Հոկտեմբերի 8-ին Էրդողանը հայտարարեց, որ մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած է Պաղեստինյան հիմնախնդիրը, որի լուծումը պետք է լինի 1967թ․ սահմանների վրա հիմնված անկախ, աշխարհագրորեն ինտեգրված Պաղեստին պետության ստեղծումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Պաղեստին-Իսրայել խնդրի վերջնական լուծման միջոցով [14]:
Նշենք, որ, հազիվ թե, Իսրայելի որևէ ղեկավար կհամաձայնի երկու պետություն (Պաղեստին և Իսրայել) ստեղծելուն, ինչը որ պահանջում է նաև ԱՄՆ-ը։ Խնդիրն այն է, որ այդ դեպքում Իսրայելին կմնա Միջերկրական ծովին հարակից առափնյա բավական նեղ հատվածում (հարավում ընկած Նեգև անապատը չհաշված), ինչն անկենսունակ է դարձնում Իսրայել պետությունը, շեշտակի բարդացնում է նրա անվտանգության ապահովումը և, ըստ էության, սպառնալիքի տակ է դնում Իսրայելի գոյությունը տվյալ սահմաններով։
Հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարեց․ «Որպես Թուրքիա՝ մեր վերաբերմունքն այս հարցում ի սկզբանե պարզ է եղել, մենք Իսրայել պետությունը ճանաչում ենք 1949թ․–ից և շարունակում ենք մեր դիվանագիտական հարաբերությունները, թեև դրանք ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին։ Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ խաղաղությունը տարածաշրջանում չի լինի առանց Պաղեստինի անկախ, ինքնիշխան պետության՝ 1967թ․ սահմաններով ու Երուսաղեմ մայրաքաղաքով։ Հասկանալի է, որ տարածաշրջանում խնդիրը չի լուծվի Պաղեստինի ժողովրդին անընդհատ հալածելով, կյանքի ու ունեցվածքի անվտանգությունն արհամարհելով, նրա տներն ու հողերը խլելով, ենթակառուցվածքները ոչնչացնելով, զարգացմանը խոչընդոտելով։ Նման մոտեցումը կհանգեցնի միայն խորացող անկարգությունների, երկու կողմերի մշտական արյունահեղության հետևանքով առաջացած հակամարտությունների աճին, և ի վերջո խաղաղության որոնումը մշտապես կավարտվի հիասթափությամբ։ Իսրայելի մոտեցումը, որն արհամարհում է Պաղեստինի ժողովրդի հիմնարար իրավունքները, սպառնում է նաև սեփական ժողովրդի անվտանգությանը, ինչպես երևում է վերջին միջադեպից:
Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ կողմ չենք, որ որևէ անմեղ մարդու արյուն հոսի թե՛ Պաղեստինի, թե՛ Իսրայելի տարածքում։ Այսօր էլ մենք պաշտպանում ենք մարդկանց այդպես՝ առանց որևէ խտրականության՝ անկախ նրանց հավատքից և ծագումից։ Ինչպես դեմ ենք իսրայելական անվտանգության ուժերի և ապօրինի վերաբնակների կողմից պաղեստինցիներին պարտադրված ճնշումներին, արտադատական սպանություններին, կյանքին ու ունեցվածքին սպառնացող վտանգներին, նույն կերպ դեմ ենք իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ պատահական գործողություններին: Հատկապես Գազայի հատվածի ոչնչացումը՝ օդային և ցամաքային անհամաչափ հարձակումներով, մզկիթների ռմբակոծումներով, խաղաղ բնակիչների՝ անմեղ երեխաների, կանանց, տարեցների մահը լիովին անընդունելի է: Եթե իսրայելական քաղաքների դեմ իրականացվող գործողություններում նման տեսարաններ են ի հայտ եկել, ապա մենք դրանք հաստատ հավանություն չենք տալիս։ Ինչպես ամեն ինչ, պատերազմը նույնպես ունի էթիկետ և բարոյականություն, և բոլոր կողմերը պարտավոր են պահպանել այն։ Ինչպես միշտ ընդգծում ենք՝ արդար խաղաղությունը պարտվողներ չունի։ Բռնության պարույրի մեջ մտնելը լրացուցիչ ցավից բացի ոչինչ չի բերում։ Մենք խնդրում ենք Իսրայելի վարչակազմին դադարեցնել իր ռմբակոծությունները պաղեստինյան հողերի, հատկապես Գազայի ուղղությամբ, իսկ պաղեստինցիներին՝ դադարեցնել ոտնձգությունները Իսրայելում քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ: Այս չափավոր քայլը նաև դուռ կբացի դեպի խաղաղություն» [15]։
Էրդողանի առաջին այս երկու հայտարարությունները թեև ավելի շատ պաղեստինամետ են, սակայն դրանք կարելի է համարել որոշակի չեզոք՝ հաշվի առնելով, որ Էրդողանը դրանցում դատապարտում է թե՛ Գազայում, թե՛ Իսրայելում խաղաղ բնակիչների կորուստները։ Աչք է զարնում այն, որ Էրդողանը, ըստ էության, չի քննադատում Իսրայելի իշխանություններին։ Հոկտեմբերի 12-ին ունեցած ելույթում Էրդողանն արդեն ավելի շատ քննադատում է ԱՄՆ-ին՝ Գազայի դեպքերի կապակցությամբ տարածաշրջան ավիակիր ուղարկելու կապակցությամբ [16]։
Իսրայելի հանդեպ Էրդողանի տոնայնության փոփոխությունը զգալի է դառնում արդեն նրա հաջորդ ելույթներում․ հոկտեմբերի 26-ին Էրդողանն Իսրայելին մեղադրեց «Գազայի հատվածում պաղեստինցի եղբայրների հանդեպ դաժան կոտորած իրականացնելու» համար։ Էրդողանը հայտնեց, որ Հռոմի պապի միջոցով դիմել է կաթոլիկ համայնքին՝ ընդգծելով, որ Գազայի հատվածում մզկիթները, եկեղեցիները, դպրոցները, շուկաները և նույնիսկ հիվանդանոցները ռմբակոծվում են իսրայելական ուժերի կողմից․ «Մինչ օրս մեր ավելի քան 6000 եղբայրներ՝ երեխաներ և կանայք, նահատակվել են Գազայի և Ռամալլայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։ Վիրավորվել է 17․000 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ ու կանայք են։ Մինչ այժմ հայտնաբերված ավելի քան 12․000 տոննա ռումբ է նետվել 2․3 միլիոն մարդու վրա, ովքեր իրենց կյանքը պահպանելու համար պայքարում էին ամբողջովին շրջապատված 360 կմ2 նեղ տարածքում»։ Էրդողանն Արևմուտքին ու ՄԱԿ ԱԽ-ին մեղադրեց Գազայի հարցում անգործության, Իսրայելի գործողությունների վրա աչք փակելու համար [17]։
Հիշեցնենք, որ դրանից առաջ՝ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում հայտարարվել էր եռօրյա ազգային սուգ՝ կապված նախօրեին «Ալ Ահլի» հիվանդանոցին հասցված հարվածի հետ․ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 470 մարդ։ Իսրայելը հերքել էր, թե ինքն է հարվածել հիվանդանոցին (սոցցանցերում տեղի ունեցածը որակվեց որպես ՀԱՄԱՍ-ի շոու և տեղեկատվական պատերազմ Իսրայելի դեմ) [18]։
Հոկտեմբերի 28-ին՝ ԹՀ 100-ամյակի նախօրեին, Էրդողանը Ստամբուլում կազմակերպեց հակաիսրայելական ու պաղեստինամետ խոշոր հանրահավաք, որին թուրքական կողմի տվյալներով մասնակցել է 1․5 միլիոն մարդ։ Հանրահավաքին մասնավորապես մասնակցել են իշխող դաշինքի մեջ մտնող ուժերի (AKP, MHP, BBP, YRP, Hüda-Par, DSP) անդամներն ու համակիրները։ Էրդողանից բացի, այդ հանրահավաքին մասնակցել են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Էրսին Թաթարը, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, «Մեծ Միասնություն» կուսակցության (BBP) նախագահ Մուսթաֆա Դեսթիջին, «Վերստին Բարօրություն» կուսակցության (YRP) նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, քրդական իսլամական Hüda-Par-ի նախագահ Զեքերիա Յափըջըօղլուն և «Դեմոկրատական ձախ» կուսակցության (DSP) նախագահ Օնդեր Աքսաքալը։ Էրդողանը հանրահավաքում հայտարարեց․ «Իսրայելը 22 օր է, ինչ ռազմական հանցագործություններ է կատարում, Գազայում կոտորած է իրականացվում։ Մենք նրան աշխարհի առջև կհայտարարենք պատերազմական հանցագործ, մենք պատրաստվում ենք դրան։ Դեռ քանի՞ կին և երեխա պետք է մահանա։ Ես ասացի, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, և Իսրայելը շատ մտահոգ է դրանից» [19]։
ԹՀ-ի 100-ամյակը տոնելուց հետո՝ հոկտեմբերի 31-ին, Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարեց․ «Մենք դիմավորեցինք մեր Հանրապետության 100-ամյակը տխուր ժամանակ, երբ մեր եղբայրներն ու քույրերը կոտորվեցին Գազայում և Պաղեստինում: Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի մեր եղբայրները ենթարկվել են մեծ դաժանության։ Իսրայելի վարչակազմը, Եվրոպայի և Ամերիկայի անվերապահ աջակցությամբ, ուղիղ 25 օր է, ինչ մարդկության դեմ հանցանքներ է կատարում ողջ աշխարհի աչքի առաջ։ Ալ-Ահլի հիվանդանոցից հետո իսրայելական ուժերի թիրախում երեկ հայտնվեց (թուրք-պաղեստինյան) Բարեկամության հիվանդանոցը, որը մեր նվերն է Գազայի մեր եղբայրներին: Այս կարևոր առողջապահական հաստատությունը, որը բուժում է քաղցկեղով հիվանդներին, դարձել է իսրայելական բարբարոսության վերջին զոհը։ Պետությունները պարտավոր են հետևել պատերազմի օրենքներին։
Միայն այս հարձակումը բավական է ապացուցելու, որ Իսրայելը չի ճանաչում ոչ մի իրավունք, օրենք կամ մարդկային արժեք։ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների վրա ուղիղ հարձակումների հետևանքով մինչ օրս նահատակվել է 8500 պաղեստինցի՝ հիմնականում նորածիններ, երեխաներ և կանայք։ Ավելի քան 21․000 մեր պաղեստինցի եղբայրները վիրավորվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ փլատակների տակ դեռ ավելի քան 1000 դի է թաղված։ Տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Գազայում ավերվել կամ վնասվել է շենքերի ահռելի մասը։ Գազայի բնակիչները, որոնց էլեկտրաէներգիան, ջուրը, վառելիքն ու սննդամթերքը դադարեցվել էին երեք շաբաթ առաջ, մի կողմից կոտորվում են սովից, մյուս կողմից՝ ուժեղ ռմբակոծություններից։
Ցավոք, այն երկրները, որոնք հավակնում են լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների բնօրրանը, բացահայտորեն աջակցում են այս կոտորածին: Որպես Թուրքիա՝ մենք շարունակում ենք այն մարդասիրական, արդարացի և պատվաբեր կեցվածքը, որը ցուցաբերել ենք առաջին իսկ օրվանից։ Մենք ամեն առիթով ընդգծում ենք, որ չենք ընդունում խաղաղ բնակչության դեմ գործողությունները, հայտարարում ենք, որ անվտանգությունը հնարավոր չէ ապահովել ավելի շատ արյուն թափելով, ավելի շատ երեխաների սպանելով, ավելի շատ հիվանդանոցներ, դպրոցներ, մզկիթներ, եկեղեցիներ և շուկաներ ոչնչացնելով:
Մենք կարծում ենք, որ Իսրայելը, որը կարծես ամբողջովին կորցրել է իր պետական միտքը և հանդես է գալիս կազմակերպության նման, պետք է հնարավորինս արագ դադարեցնի այս ամենը։ Մեր բանակցությունները շարունակվում են՝ երաշխավորելու, որ Գազայում կատարված ռազմական հանցագործությունների մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև։ Մենք ամեն հարթակում մինչև վերջ պաշտպանելու ենք Գազայի ճնշված և անմեղ ժողովրդի իրավունքները։ Մեր առաջնահերթ խնդիրն է կանխել արդեն 25 օր շարունակվող այս ջարդը։ Սրա համար նախ պետք է հաստատել զինադադար, ապա բացել մշտական խաղաղության ճանապարհը։
Մենք կարծում ենք, որ դրա համար ամենահարմար հարթակը կլինի Պաղեստին-Իսրայել խաղաղության միջազգային համաժողովը, որը տեղի կունենա համապատասխան բոլոր կողմերի մասնակցությամբ։ Մենք անհրաժեշտ ենք համարում ստեղծել անվտանգության նոր մեխանիզմ՝ համագործակցելով տարածաշրջանի դերակատարների հետ։ Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, եթե նման քայլ կատարվի։ Մեր նպատակն է մեր տարածաշրջանը դուրս բերել այս հորձանուտից: Ուղիղ 25 օր 2․3 միլիոն ճնշված մարդ 360 կմ2-ում պայքարում է գոյատևելու համար։ Ուղիղ 25 օր Գազայում մարդկության ամեն հետք հերթով ոչնչացվում է» [20]։
Մեկնաբանելով Էրդողանի այս հայտարարությունը՝ ընդգծենք, որ հոկտեմբերի 7-ին գրանցված Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության նոր փուլի մեկնարկը բավական անհաջող ժամկետ էր անձամբ Էրդողանի համար։ Արդեն նշվել է, որ Էրդողանը գնում էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, իսկ հոկտեմբերի 7-ից օրեր առաջ անձամբ էր հանդիպել Նեթանյահուի հետ, սեղմել նրա ձեռքը, պատրաստվում էր այցելել Իսրայել և այլն։ Սակայն սա ամենը չէ․ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը գրանցվեց Թուրքիայի Հանրապետության 100-ամյակից 22 օր առաջ։ Եվ որքան մոտեցավ ԹՀ 100-ամյակը, այնքան ՀԱՄԱՍ-ն Իսրայելից սկսեց ստանալ մի շարք ուժգին հարվածներ՝ կրելով նորանոր պարտություններ, որոնք էլ մեծապես վնասեցին Էրդողանի վարկանիշն ամբողջ աշխարհում և նաև Թուրքիայում։
Բանն այն է, որ վերջին 15 տարում Էրդողանը հանդես էր գալիս որպես պաղեստինցիների (ՀԱՄԱՍ) իրավունքների պաշտպան, որպես նրանց «ավագ եղբայր», և երբ ԹՀ 100-ամյակին ընդառաջ աստիճնաբար ուժգնացան Իսրայելի հարվածները ՀԱՄԱՍ-ին և ակնառու դարձավ, որ խալիֆի հավակնություններով, համայն աշխարհի մուսուլմանների ինքնահռչակ «իրավապաշտպան» Էրդողանը պարզապես վերածվել է դիտորդի և որպես «պաղեստինցիների ավագ եղբայր»՝ ոչինչ չի կարող հակադրել Իսրայելի գործողություններին։
Արդեն նշել ենք, որ պաղեստինցիները, Պաղեստինի խնդիրն Էրդողանի համար լոկ պատրվակ են՝ սեփական հեղինակությունն ու ազդեցությունը մեծացնելու համար, որ իրականում նրան թերևս չեն մտահոգում պաղեստինցիները, ինչպես և Ղրիմի թաթարները, Սինձյանի ույղուրները և այլք։ Սակայն այս անգամ խնդիրն առնչվում է անձամբ Էրդողանին ու նրա հեղինակությանը, քանի որ Իսրայելը քաջատեղյակ էր, որ ուղիղ հարվածներ հասցնելով ՀԱՄԱՍ-ին՝ անուղղակի հարվածում է նաև Էրդողանի հեղինակությանը։
Ինչպես և ակնկալվում էր, Էրդողանի կշիռն ու հեղինակությունը բավարար չեղան, որպեսզի Իսրայելին հետ պահեն, ասենք, Գազայի հատված ցամաքային ներխուժում իրականացնելուց։ Այդ պատճառով էլ որքան ուժգնանում էին հատկապես Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածները, այնքան կոշտանում էր Էրդողանի իսրայելական հայտարարությունների տոնը։ Հենց դրա համար էլ Էրդողանն ու Ֆիդանը հոկտեմբերի 7-ից հետո ձեռնարկած ռիթմիկ դիվանագիտության շրջանակներում տասնյակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել տարբեր երկրների իրենց գործընկերների ու միջազգային կառույցների ղեկավարների հետ և կարևորել են ռազմական գործողությունների հրատապ դադարեցումը։ Ի դժբախտություն Էրդողանի՝ այդ գործողություններն ընթանում են ավելի քան 4 ամիս, և ակնառու է Էրդողանի անզորությունը տվյալ իրավիճակում։
Մյուս կողմից էլ Էրդողանը չէր ցանկանում վտանգի ենթարկել Իսրայելի հետ առևտրային կապերը, ինչի համար Թուրքիայում բազմիցս քննադատվել է ընդդիմադիր գործիչների, սոցցանցերի օգտատերերի կողմից։ Նրանք շարունակ ընդգծում են, որ հոկտեմբերի 7-ից հետո Թուրքիայի ու Իսրայելի նավահանգիստների միջև երթևեկել են հարյուրավոր նավեր, որ Թուրքիան շարունակում է ապրանքների և անգամ զենքի բաղադրիչների մատակարարումներն Իսրայելին, որ Իսրայելը Թուրքիայի տարածքով («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով) շարունակում է ստանալ նավթ, ինչի շնորհիվ Իսրայելի մարտական ինքնաթիռները լիցքավորվում են և ուժգին հարվածներ են հասցնում Գազայի հատվածին, որ Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայից թռիչքներ են կատարում ամերիկյան ինքնաթիռները, որոնք հետախուզական տվյալներ են հավաքում Գազայի հատվածի վերաբերյալ և այդպիսով օգնում իսրայելական ավիացիային՝ ռմբահարելու համար Գազայի հատվածը։
Այդպիսով, հոկտեմբերի 7-ից հետո Էրդողանը ռազմական համատեքստում հայտնվեց Իսրայելի գործողությունների դեմ անզոր վիճակում, իսկ տնտեսական համատեքստում չցանկացավ նոր խնդիրների առջև կանգնեցնել Թուրքիայի տնտեսությունը, որը բավական բարդ ժամանակաշրջան է անցնում․ տնտեսական համատեքստում Էրդողանը միգուցե հաշվի է առնում նաև ԱՄՆ-ի հնարավոր հակազդեցությունը, եթե Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ սահմանի Իսրայելի նկատմամբ։ Թուրքական իշխանամետ մամուլի հաղորդմամբ՝ վերջին շրջանում կրճատվել է Իսրայելի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը, ինչը հերքվել է թուրքական ընդդիմության կողմից։ Ընդգծենք, որ վերջին տարիներին Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտը (TÜİK) ներկայացնում է էրդողանահաճո թվեր․ անհրաժեշտության դեպքում այն կարող է թե՛ ուռճացնել, թե՛ նվազեցնել Թուրքիայի այս կամ այն ցուցանիշը (Էրդողանը պաշտոնանկ է արել TÜİK-ի այն ղեկավարներին, որոնք համարձակվել են ներկայացնել իր համար անցանկալի ցուցանիշներ)։
Էրդողանը փորձում էր տարածաշրջանում ձևավորել անվտանգային նոր մեխանիզմ, Թուրքիան իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում վերածել երաշխավոր երկրի, սակայն ԱՄՆ-ն ու Իսրայելը անտեսեցին այդ փորձերը։ Ավելին, հոկտեմբերի 7-ից հետո Էրդողանը երկար ժամանակ սպասում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգին և նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Թուրքիա այցելելուն, որոնք տեղի ունեցան բավական ուշ, և դա այն դեպքում, երբ թուրք իշխանամետ փորձագետները կանոնավորապես ընդգծում էին, որ մերձավորարևելյան տարածաշրջանում (իսրայելա-պաղեստինյան նոր դիմակայության ֆոնին) ԱՄՆ-ի միակ դաշնակիցը (ՆԱՏՕ-ի գծով) Թուրքիան է։ Բլինքենը Թուրքիա այցելեց հոկտեմբերի 7-ից միայն մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին՝ մինչ այդ մի քանի անգամ այցելելով մերձավորարևելյան տարածաշրջան։ Ի պատասխան՝ Էրդողանը բոյկոտեց ԱՄՆ-ի թիվ մեկ դիվանագետի այցը՝ մեկ օր առաջ մեկնելով իր հայրենի Ռիզե [21]։
Էրդողանին բարկացրել էր նաև այն հանգամանքը, որ հոկտեմբերի 7-ից հետո առաջին անգամ Իսրայել ժամանած Բլինքենը հայտարարել էր, որ Իսրայել է ժամանել նաև որպես հրեա։ Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել էր, որ այդ դեպքում ինքն էլ հանդես կգա մուսուլմանի կերպարով։ Հավելենք, որ Էրդողանը Բլինքենի հետ հանդիպեց նրա հաջորդ թուրքական այցի ժամանակ՝ 2024թ․ հունվարի 5-6-ին։ Ինչ վերաբերում է Էրդողանի հետ Բայդենի հեռախոսազրույցին, ապա այն տեղի ունեցավ 2023թ․ դեկտեմբերի 14-ին՝ հոկտեմբերի 7-ից ավելի քան երկու ամիս անց [22]։
Էրդողանին նաև չհաջողվեց Իսրայելի դեմ մեծապես հանել Արաբական աշխարհը և ավելի լայն իմաստով ողջ մուսուլմանական աշխարհը, որի կարկառուն ներկայացուցիչները չցանկացան զգալի վատթարացնել Իսրայելի հետ կարգավորման փուլ մտած իրենց հարաբերությունները։ Չնայած նրան, որ Էրդողանը հայտարարում էր, թե «այսօր Գազան ու Պաղեստինը պաշտպանելը նշանակում է Երուսաղեմի հետ միասին պաշտպանել նաև Մեքքան, Մեդինան, Ստամբուլը, Դամասկոսը, Բեյրութը, Բաղդադը և իսլամական այլ հողերը», որ «2 միլիարդանոց մահմեդական աշխարհը թակարդի մեջ է հայտնվել»՝ նրա այս կոչերը մնացին անարձագանք։
Բացի այդ, Էրդողանն ունակ չեղավ Գազայի ճգնաժամի հարցում արդյունավետ աշխատել Վ․ Պուտինի հետ, գործարկել «2+2» մոդելը․ վերջինս մեր անձնական գնահատականն է նրանց համագործակցությանը (տարածաշրջանային հակամարտություններում հակամարտող կողմերին աջակցելը, նրանց պարտական դարձնելը, սեփական կամքը թելադրելը և այլն)։ Այս անգամ Էրդողանական Թուրքիան ու Պուտինյան Ռուսաստանը հայտնվեցին ոչ թե հակադիր, այլ միևնույն (պաղեստինամետ) ճամբարում, և նրանցից որևէ մեկը չուներ լուրջ ազդեցություն Իսրայելի վրա, որպեսզի իսրայելա-պաղեստինյան ընթացիկ դիմակայությունը մղեին իրենց համար ցանկալի հուն, այն դադարեցնեին իրենց համար ցանկալի պահին ու ձևով։
Քաղաքական, ռազմական ու տնտեսական այս «փակուղիների» համատեքստում Էրդողանին, ըստ էության, մնացել էր միայն մեկ բան․ հանդես գալ Իսրայելին խստապես քննադատող, սակայն իրականում թե՛ Թուրքիային, թե՛ Գազայի հատվածին ոչինչ չտվող հայտարարություններով։ Ընդ որում՝ Էրդողանը նման հայտարարություններ անում է բավական հաճախ՝ հիմնականում շաբաթական 1-3 անգամ։ Նման պայմաններում Էրդողանն ունի չկրկնվելու խնդիր և շարունակ նոր բառամթերքի փնտրտուքի մեջ է։
Ժամանակի ընթացքում Էրդողանն իր պաղեստինամետ հայտարարություններում սկսեց Իսրայելի հանդեպ կիրառել նոր բառամթերք՝ նրան որակելով որպես «Արևմուտքի փչացած երեխա», իսկ Նեթանյահուին անվանելով «ֆյուրեր», «Հիտլեր», «Միլոշևիչ», «Գազայի դահիճ/մսագործ», Իսրայելին մեղադրելով «ֆաշիզմի», «պետական ահաբեկչություն իրականացնելու», «զավթիչ, էքսպանսիոնիստական ու ցեղասպան քաղաքականություն վարելու», «միջուկային զենքով սպառնալու», «ռազմական, մարդկության դեմ հանցանքներ ու բարբարոսություններ գործելու», «փախստականների ճամբարներում ջարդեր իրականացնելու», «100 լրագրող ու ՄԱԿ-ի ավելի քան 100 պաշտոնյա սպանելու», «սեփական քարոզչամեքենայով կեղծիքներ հնարելու», «Գազայի հատվածում քաղաքացիական բնակավայրեր՝ պաշտամունքի վայրերից մինչև դպրոցներ, հիվանդանոցներից մինչև փախստականների ճամբարներ, տներից մինչև շուկաներ դաժանորեն ռմբակոծելու», «Գազայի շենքերի երկու երրորդը կա՛մ ամբողջովին այրելու, կա՛մ խիստ վնասելու, կա՛մ էլ անօգտագործելի դարձնելու», «Գազայի բնակիչների ջուրը, սնունդը, էլեկտրականությունը և հաղորդակցությունը կտրելու միջոցով՝ միլիոնավոր մարդկանց սովի և մահվան դատապարտելու», «քաղաքացիական անձանց խոշտանգումների ենթարկելու, վայրագություններ ու ոճրագործություն գործելու», «նացիստական ճամբարներ ստեղծելու», «Թուրքիայի տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» և այլնի համար։
Էրդողանի հայտարարություններում, Իսրայելից բացի, կար ևս մեկ (երկու) կարևոր թիրախ։ Խոսքն ԱՄՆ-ի և ընդհանրապես հավաքական Արևմուտքի, ինչպես նաև միջազգային կառույցների և հատկապես ՄԱԿ-ի մասին է (թեև ընդհանուր առմամբ Էրդողանը գոհ է մնացել Գազայի կոնֆլիկտի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գործունեությունից)։ Էրդողանը տարբեր առիթներով հայտարարեց, որ «Գազայի դեպքերը ծառայեցին որպես լակմուսի թուղթ գործող աշխարհակարգի համար», որ «ինստիտուցիոնալ առումով ՄԱԿ-ը ձախողեց Գազայի փորձը», որ «դժբախտաբար անտեսվեց պատերազմը դադարեցնելու և հետագա արյունահեղությունը կանխելու հարցում 161 երկրի կամքը՝ 121 կողմ ու 40 ձեռնպահ ձայներով», որ «ՄԱԿ ԱԽ-ի ներկայիս խեղաթյուրված կառուցվածքը, որը մենք քննադատում ենք՝ ասելով, որ «աշխարհը հինգից մեծ է», անարդար է և անգործունակ ճգնաժամերի լուծման հարցում և պետք է հնարավորինս շուտ փոխվի», որ «Արևմուտքի իրական դեմքն այն է, որ նա 4 միլիոն մարդ սպանեց խաչակրաց արշավանքների ժամանակ, 50 միլիոն մարդ սպանեց իր գաղութներում և 70 միլիոն մարդ սպանեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում», որ «Արևմուտքը, որը կողմ է Գազայի դաժանությանը, իր էությամբ գործում է միայն բարբարոսական մղումով», որ «միայն բարբարոսությունն է իսկապես արևմտյան հատկանիշ», որ «համաշխարհային (արևմտյան) մեդիա կարտելները փորձում են կոծկել Գազայում տեղի ունեցող դաժանությունը և օրինականացնել լրագրողների կոտորածը»։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսպիսով, 2023թ․ հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայել-ՀԱՄԱՍ դիմակայության նոր փուլը թե՛ մարտահրավեր, թե՛ հնարավորություն էր Թուրքիայի ու անձամբ Էրդողանի համար։
Մարտահրավերներ
- Գազայի ճգնաժամը և հատկապես ՀԱՄԱՍ-ին Իսրայելի հասցրած ուժգին հարվածները, ինչպես արդեն նշվել է, մեծ վնաս հասցրին Թուրքիայի ու անձամբ Էրդողանի հեղինակությանը, իսլամական աշխարհի լիդերի դերում նրա հավակնություններին․ ակնհայտ դարձավ, որ «ավագ եղբայր» Թուրքիան որևէ կերպ չի կարողանում պաշտպանել իր «կրտսեր եղբայր» ՀԱՄԱՍ-ին։ Թեև Էրդողանը փորձում էր Իսրայելի հանդեպ գործնական քայլերի բացը լրացնել խստաշունչ ելույթներով, սակայն ակնհայտ է, որ այդ հայտարարությունները ռազմադաշտում որևէ լուրջ օգուտ չեն բերում ՀԱՄԱՍ-ին։ Էրդողանի հեղինակությունն է՛լ ավելի կնվազի, եթե իսրայելական հետախուզությունը սկսի Թուրքիայի տարածքում մահափորձեր իրականացնել ՀԱՄԱՍ-ի լիդերների դեմ (վերջին շրջանում Թուրքիայում պարբերաբար հաղորդում են «Իսրայելի համար աշխատող խմբերի բացահայտման» մասին՝ դա որակելով որպես «Mossad-ի հանդեպ MIT-ի հաղթանակ»)։ Առանձնակի կարևոր է ժամանակային գործոնի վրա ուշադրություն հատկացնելը․ Էրդողանի հեղինակությանը լուրջ վնաս պատճառվեց ոչ միայն ԹՀ-ի 100-ամյակից ու նրա «Նոր Թուրքիայի» ծնունդից ու 100-ամյակի (ԹՀ երկրորդ հարյուրամյակի) մեկնարկից առաջ, այլև Թուրքիայում խալիֆայության վերացման 100-ամյակին (03.03.2024) ընդառաջ։ Ավելի վաղ մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք Էրդողանի «Ասրիկա/Աֆրասիա» (Ասիա-Աֆրիկա/Աֆրիկա-Ասիա) նախագծին, որն առնչվում է աշխարհի (57-61) իսլամական երկրներից Ստամբուլ կենտրոնով հետմոդեռնիստական խալիֆայություն ձևավորելուն։ Չէինք բացառել, որ Էրդողանը ծրագրել է «Ասրիկայի» հռչակման մասին հայտարարել 2024թ․ մարտի 3-ին [23]։
- Գազայի ճգնաժամը հանգեցրեց Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը և մասնավորապես անորոշ ժամկետով հետաձգեց իսրայելական գազի ներկրման հարցը։ Արդեն նշվել է, որ Թուրքիայում ակնկալում էին, որ այդ գազն էժան կլինի ռուսական գազից, որ իսրայելական գազը կնպաստի ռուսական գազից Թուրքիայի ունեցած մեծ կախվածության նվազեցմանը, Թուրքիայի գազամատակարարումների դիվերսիֆիկացմանը, Թուրքիայի տարանցիկ դերի մեծացմանը՝ իսրայելական (նաև կիպրական) գազը նրա տարածքով դեպի Եվրոպա տարանցելու դեպքում, ԵՄ-ում Թուրքիայի պահանջարկի մեծացմանը, Թուրքիայի աշխարհաքաղաքական դերի մեծացմանը, Թուրքիայից Իսրայելի տարանցիկ կախվածությանը և այլն (hոկտեմբերի 7-ի դեպքերից հետո օտար ԶԼՄ-ը հայտնեցին, որ ՀԱՄԱՍ-ի ձեռնարկած ռազմական օպերացիան մշակել է Իրանը):
- Գազայի ճգնաժամը և հատկապես Իսրայելի ու ԱՄՆ-ի հանդեպ Թուրքիայի հայտարարությունները, Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող են ազդել ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունների վրա։ Սա, մասնավորապես, առնչվում է ամերիկյան F-16 կործանիչների գործարքին․ դեռևս 2021թ․աշնանը Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ գնելու համար 40 միավոր F-16 Block 70 և արդիականացնելու համար իր օդուժում առկա 79 միավոր F-16, որպեսզի դրանք հասցվեն Block 70-ի մակարդակի։ Գործարքը գնահատվում է 23 միլիարդ դոլար։ Թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ Պետդեպարտամենտը և Կոնգրեսն արդեն կողմ են արտահայտվել տվյալ գործարքին (Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հաստատումից հետո), այնուամենայնիվ, չպետք է բացառել, որ այդ համաձայնությունը տրվել է նախապայմանով, ըստ որի՝ Թուրքիան դրանք չպետք է օգտագործի Հունաստանի ու Իսրայելի դեմ։ Հարկ է հաշվի առնել նաև այն, որ ԱՄՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որ Իսրայելն ու Հունաստանը ռազմական ավիացիայի ոլորտում տեխնոլոգիական գերազանցություն ունենան Թուրքիայի նկատմամբ։ Իսրայելն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում իր ավիապարկում ամերիկյան հինգերորդ սերնդի F-35-երի քանակը 75-ի հասցնելու ուղղությամբ, իսկ Հունաստանն ԱՄՆ-ից գնելու է 40 միավոր F-35, մինչդեռ Թուրքիան, գնելով ռուսական S-400 համակարգերը, զրկվեց ոչ միայն 100-120 միավոր F-35 ունենալուց, այլև դուրս մնաց դրանց արտադրման ծրագրից։
- Գազայի ճգնաժամն ի ցույց դրեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հատկապես վերջին տարիներին չարչրկված «մեկ ազգ, երկու պետություն» թեզի սնանկ, բլեֆային լինելը։ Այդ ճգնաժամի ժամանակ Էրդողանն անողոք ձևով դատապարտում է Իսրայելի գործողությունները, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդհանրապես աչքի չի ընկնում նման պահվածքով․ վերջին տարիներին Իսրայելն Ադրբեջանի համար վերածվել է զենքի հիմնական մատակարարի։ Որոշակի առումով կարելի է ասել, որ Գազայի ճգնաժամի հարցում Էրդողանն ու Ալիևը հայտնվել են անգամ հակադիր պայմաններում, թեև, ինչպես արդեն նշվել է, Էրդողանը միայն առերևույթ, մակերեսային մակարդակում է ցանկանում գժտվել Իսրայելի հետ, սակայն ոչ այնչափ, որ դրանք վտանգի տակ դնեն առևտրային-տնտեսական կապերը, համատեղ նախագծերի իրագործումը, Իսրայելից տեխնոլոգիաներ ստանալը և այլն։
- Գազայի ճգնաժամը և հատկապես Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում Եմենի հութիների զինված հարձակումները կարող են Թուրքիայի համար խնդրահարույց լինել «միջանցքային» (լոգիստիկ) տեսանկյունից։ Նախ դրանց պատճառով կարող է ստեղծվել ԱՄԷ-Սաուդյան Արաբիա-Իսրայել ցամաքային միջանցք, որը կուժեղացնի այդ երկրների դերը: Այլ կերպ ասած՝ բեռներն Արաբական ծովի տարածաշրջանից Միջերկրական ծովի տարածաշրջան, ապա նաև Եվրոպա կարող են հասնել տվյալ ցամաքային միջանցքով, որը, Սուեզի ջրանցքի երթուղուց զատ, շրջանցում է նաև Թուրքիան։ Էրդողանը նախկինում դեմ է արտահայտվել Թուրքիայի տարածքը շրջանցող IMEC նախագծին («Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա» տնտեսական միջանցքին)՝ ընդգծելով, որ առանց Թուրքիայի՝ հնարավոր չէ իրագործել նման նախագիծ։
- Գազայի ճգնաժամը և հատկապես Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում Եմենի հութիների զինված հարձակումներն օգտակար են Ռուսաստանի ու Իրանի համար, և խոսքը միայն դրա հետևանքով նավթի միջազգային գների հնարավոր աճի մասին չէ։ Սուեզի ջրանցքի երթուղուց միջազգային ընկերությունների չօգտվելը լավ հնարավորություն է Ռուսաստանի ու Իրանի համար՝ իրագործելու համար «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը։ Փորձագետների պնդմամբ՝ Ուկրաինական պատերազմի ու Իսրայել-ՀԱՄԱՍ կոնֆլիկտի համատեքստում Ռուսաստանը հնարավորություն է ստանում Եվրոպային առաջարկելու առևտրային կարճ երթուղի՝ Բալթիկ ծովից դեպի Պարսից ծոց (նախագծում կարող է ընդգրկվել նաև Ադրբեջանը)։ Այս երթուղին նույնպես շրջանցում է Թուրքիայի տարածքը, որը կցանկանար, որ բեռները Պարսից ծոցից դեպի Եվրոպա ուղարկվեին իր տարածքով (այս մասին կխոսենք նաև «Հնարավորություններ» բաժնում)։
Հնարավորություններ
- Գազայի ճգնաժամի պայմաններում Էրդողանը հերթական հնարավորությունը ստացավ աշխարհին ի ցույց դնելու «Արևմուտքի բարբարոսական բնույթը», «ՄԱԿ-ի ու միջազգային մյուս կառույցների անգործունակ լինելը» և նաև «Թուրքիայի մարդասիրական, ճնշվածների իրավունքների պաշտպանի» դերը, ինչը նրան ավելի անհրաժեշտ է ներքին լսարանի համատեքստում․ մարտի 31-ին Թուրքիայում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, Էրդողանի կուսակցությունը փորձելու է վերադարձնել երկրի կարևոր քաղաքների (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա, Ադանա, Մերսին և այլն) քաղաքապետերի պաշտոնը, և նման ֆոնին Էրդողանը փորձում է իր հակաամերիկյան, հակաարևմտյան հայտարարություններով համախմբել ներքին զանգվածներին։
- Գազայի ճգնաժամի ֆոնին Թուրքիային հաջողվեց որոշակի մերձեցում ապահովել Իրանի ու Արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ) հետ, սակայն Իրանը Թուրքիայից շարունակ պահանջում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իսրայելի հանդեպ, կիրառել գործնական քայլեր (տնտեսական պատժամիջոցներ), իսկ Արաբական աշխարհը չունի Իսրայելի հետ գժտվելու մեծ ցանկություն։ Այնպես որ, այս հարցում Թուրքիայի ձեռքբերումները կարելի է որակել որպես աննշան։ Թուրքիան որոշակի առումով հարկադրված եղավ մերձենալ Եգիպտոսի հետ, որպեսզի կարողանա նրա տարածքով Գազայի հատվածին հատկացնել հումանիտար օգնություն (Էրդողանը պատրաստվում է փետրվարի 14-ին մեկնել Եգիպտոս, ինչը կլինի 12-ամյա ընդմիջումից հետո նրա առաջին այցը Եգիպտոս, որի ներկայիս նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին նա խստապես քննադատել է վերջին ավելի քան 10 տարում՝ 2013թ․ հուլիսին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնելուց հետո. Էրդողանը ժամանակին անգամ հրաժարվել է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում տրված ճաշկերույթի ժամանակ մեկ սեղանի շուրջ նստել աս-Սիսիի հետ)։ Թուրքիան նաև ծրագրել է իր հարվածային ԱԹՍ-երը վաճառել Եգիպտոսին։
- Գազայի ճգնաժամը և հատկապես Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ Եմենի հութիների զինված հարձակումները խոշոր առևտրային ընկերություններին հարկադրեցին դադարեցնել իրենց բեռնանավերի երթևեկը Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով (ինչը մեծ հարված է Եգիպտոսին) և փոխարենը Եվրոպա հասնել Աֆրիկայի հարավով։ Դա մոտ 14 օրով երկարացնում է նավերի երթուղին և զգալի մեծացնում լոգիստիկ ծախսերը։ Թուրքիայում այս կապակցությամբ նշում են, որ այդ ամենը մեծացնում է Միջին տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը նախատեսում է (12 օրում) Չինաստանի ու Եվրոպայի միջև առևտուրն իրականացնել ցամաքով (Միջին Ասիայով ու Կասպյան տարածաշրջանով դեպի Թուրքիա ու Եվրոպա)։ Թուրքիայի իշխանություններն արդեն մեկ անգամ օգտվել են Սուեզի ջրանցքի ճգնաժամից, երբ 2021թ․ մարտին Ever Given բեռնանավը գրեթե մեկ շաբաթով արգելափակել էր Սուեզի ջրանցքը․ թուրքական կողմն այն ժամանակ նույնպես կարևորել էր Միջին միջանցքի նախագծի իրագործումը՝ որպես ավելի կարճ ու անվտանգ երթուղի։
- Գազայի ճգնաժամը և հատկապես Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտ Եմենի հութիների զինված հարձակումները կարող են օգնել Թուրքիային՝ առաջ մղելու համար «Զարգացման ճանապարհի» նախագիծը։ Խոսքը Պարսից ծոցի ափին գտնվող իրաքյան Ֆաու նավահանգստից (Իրաքի տարածքով) դեպի Թուրքիայի միջերկրածովյան Մերսին նավահանգիստ բեռնափոխադրումներ իրականացնելու մասին է (Մերսինից այն նաև կարող է շարունակվել դեպի Ստամբուլ ու Էդիրնե, ապա նաև Եվրոպա)։ Այդ նպատակով ծրագրված է Իրաքում կառուցել 1200 կմ երկաթուղի ու ավտոճանապարհ (նախագիծն ունենալու է նաև խողովակաշարային՝ նավթագազային, բաղադրիչ)։ Ծրագրված է 4 տարում նախագծի վրա ներդնել 16 միլիարդ դոլար։ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ Սուեզի ջրանցքի երթուղով բեռնափոխադրումների ժամկետը կազմում է 35 օր, մինչդեռ Զարգացման ճանապարհի դեպքում այն կազմում է 25 օր, այսինքն 10 օր պակաս, ինչը փոքր ցուցանիշ չէ [24]։
- Էրդողանը հայտարարել է, որ որպես Թուրքիա՝ իրենք զերծ չեն մնա Գազայի շինարարությանն ու վերածննդին ամեն տիպի աջակցություն ցուցաբերելուց։ Սա վկայում է, որ Էրդողանը մտադիր է հետպատերազմական ժամանակաշրջանում մասնակցել Գազայի հատվածի վերականգնմանը՝ ենթադրաբար Արաբական աշխարհի տրամադրելիք ֆինանսներով աջակցել թուրքական կապալառու ընկերությունների գործունեությանը և այդ կերպ աշխուժացնել Թուրքիայի տնտեսությունը (Էրդողանը նման պահվածքով աչքի է ընկել նաև Սիրիական, Լիբիական ու Արցախյան ռազմական հակամարտությունների համատեքստում, երբ թուրքական կապալառու ընկերությունները հետպատերազմական ժամանակաշրջանում սկսել են գործունեություն ծավալել տվյալ հակամարտային գոտիներում)։
- Գազայի ճգնաժամի ժամանակ Էրդողանը հնարավորություն ստացավ՝ մի քանի անգամ շահարկել Իսրայելում միջուկային զենքի առկայության թեման՝ օգտվելով նրանից, որ Իսրայելի ժառանգության ու Երուսաղեմի հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն 2023թ․ նոյեմբերի սկզբին Գազայի հատվածը համեմատեց Սոդոմի ու Գոմորի հետ՝ չբացառելով նրան միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (դրանից անմիջապես անց նա պաշտոնանկ արվեց և չնայած դրան՝ Էլիյահուն իր այդ կոչը կրկնեց 2024թ․ հունվարի երկրորդ կեսին)։ Էրդողանն անթույլատրելի համարեց Իսրայելի կողմից Գազայի հատվածին միջուկային զենքով սպառնալը, կարևորեց ԱԷՄԳ-ի կողմից Իսրայելում միջուկային զենքի առկայության թեմայով միջազգային հետաքննություն իրականացնելը, խոստացավ թույլ չտալ, որ մոռացության մատնվի Իսրայելում միջուկային զենքի առկայության թեման և ընդգծեց, որ նրանք, ովքեր այսօր ձայն չեն հանում Իսրայելում միջուկային զենքի առկայության թեմայով, վաղը չեն կարող ձայն հանել նմանատիպ այլ դեպքերում [25]։ Սրանով Էրդողանը թերևս նաև հող է նախապատրաստում մոտ ապագայում թուրքական միջուկային զենքի թեմայով աշխարհին լռեցնելու համար։ Էրդողանը դեռևս 2019թ․ աշնանն էր հայտարարել, թե ով է ասել, որ ոմանք կարող են ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ իրենք՝ ոչ։ Իսրայելում միջուկային զենքի ենթադրյալ առկայությունն Էրդողանի համար բավական լուրջ հնարավորություն ու փաստարկ է թե՛ սեփական միջուկային զենքը ստեղծելու հիմնավորման, թե՛ տվյալ հարցում միջազգային հանրության առարկությունները չեզոքացնելու համար։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
[1] Հայկ Գաբրիելյան, Թուրքիա-Իսրայել․ Նոր ժամանակաշրջան, Նորավանք ԳԿՀ, 30․08․2016․
[2] Burhanettin Duran, Kemal İnat, Mustafa Caner, Türk Dış Politikası Yıllığı 2022, SETA, 13․05․2023․
[3] Murat Yeşiltaş and others, 2023’te Türkiye, SETA, 28․12․2023․
[4] Erdoğan ile Netanyahu New York’ta bir araya geldi; liderler karşılıklı ziyaret konusunda anlaştı, Euro News, 20․09․2023․
[5] Erdoğan: “Ayasofya’nın dirilişi, Mescid-i Aksa’nın özgürlüğe kavuşmasının habercisidir”, Ilkha, 11․07․2020․
[6] Hayk Gabrielyan, Erdogan against Turkey։ Stalemate of “Patriot-F-35-S-400” triangle, Journal of Political Sciences, Vol. 1 No. 2 (2022)
[7] Հայկ Գաբրիելյան, Ռուս-թուրքական հարաբերություններ. վատթարացումից մինչև հաշտեցում և կարգավորում․ Մաս 2, ՄԱՀՀԻ, 07․12․2016․
[8] Հայկ Գաբրիելյան, 2023թ․ մայիսի 14-ին «Հին և Նոր Թուրքիայի» վճռորոշ բախմանն ընդառաջ, ՄԱՀՀԻ, 04․04․2023․
[9] Murat Yeşiltaş and others, 2023’te Türkiye, SETA, 28․12․2023․
[10] No: 247, 7 Ekim 2023, İsrail-Filistin Bağlamında Yaşanan Son Gelişmeler Hk., T.C. Dışişleri Bakanlığı, 07.10.2023.
[11] İsrail ve Filistin için Seyahat Uyarısı, T.C. Dışişleri Bakanlığı, 07.10.2023.
[12] No: 257, 13 Ekim 2023, İsrail Ordusunun Gazze’nin Kuzeyinde Yaşayan Nüfusun Bölgeden Çekilmesi Talebi Hk., T.C. Dışişleri Bakanlığı, 13.10.2023.
[13] No: 264, 17 Ekim 2023, İsrail’in Gazze’de Bir Hastaneyi Hedef Alan Saldırısı Hk., T.C. Dışişleri Bakanlığı, 17.10.2023.
[14] Mor Efrem Süryani Kadim Ortodoks Kilisesi Açılış Töreni’nde Yaptıkları Konuşma, TCCB, 08.10.2023.
[15] Kabine Toplantısı’nın Ardından Yaptıkları Konuşma, TCCB, 09.10.2023.
[16] Türkiye Gençlik Vakfı Teşkilat Buluşması’nda Yaptıkları Konuşma, TCCB, 12.10.2023.
[17] 8. Aile Şurası’nda Yaptıkları Konuşma, TCCB, 26.10.2023.
[18] Türkiye’de 3 günlük milli yas ilan edildi, TRT Haber, 18.10.2023.
[19] Büyük Filistin mitingi düzenlendi, Haber Türk, 29.10.2023.
[20] Kabine Toplantısı’nın Ardından Yaptıkları Konuşma, TCCB, 31.10.2023.
[21] Dünya medyası Erdoğan’ın Rize ziyaretini konuşuyor: ‘ABD’yi küçümsediler’, Yeni Şafak, 06.11.2023.
[22] Erdoğan ile Biden telefonda görüştü: Gazze ve F-16 konuları ele alındı, Euro News, 14․12․2023․
[23] Հայկ Գաբրիելյան, Էրդողանի Ասրիկա նախագիծը, ՄԱՀՀԻ, 19․01․2022․
[24] Bakan Uraloğlu duyurdu! “Kalkınma Yolu’nun Türkiye’deki devamını bitireceğiz”, 24TV, 08.02.2024.
[25] Cumhurbaşkanı Erdoğan: İsrail sende atom bombası var, TRT Haber, 21․11․2023․
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ
Քաղաքական գիտությունների թեկնածու, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարան (Գերմանիա)
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)