Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա փորձագետի եզրակացություն չէ, այլ ԱԱԾ պատվերով արագ կարված թուղթ»․ Տիգրան Աթանեսյանը՝ Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ժամանակ

Փետրվար 13,2024 17:27

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ Անի Վարդանյանը։

Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց՝ քանի որ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետին յոթ օր է մնացել, իրենք նախապատրաստվել են նաև կալանքի հետ կապված հարցի քննարկմանը, երաշխավորների են հրավիրել, ուստի նախագահող դատավորին խնդրեց նաև այդ հարցը քննարկել։

Սակայն նախագահող դատավորը որոշեց նախ հարցաքննել փորձագետներին։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը փորձագետ Անի Վարդանյանից հետաքրքրվեց՝ իրեն համարո՞ւմ է այս գործով չշահագրգռված անձ, նա պատասխանեց․ «Ես գործի վերաբերյալ իրազեկվում եմ այնքանով, որքանով տրամադրվում են ելակետային տվյալներ և պահանջվում է կատարել հետազոտություն։ Այդ չափով գիտեմ, իրազեկված եմ, մնացած առումով շահագրգռվածության հիմք չունեմ»։

Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց՝ նշել եք, որ Նարեկ Մալյանը քաղաքական հայացքներով պայմանավորված արտահայտություն է արել Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների նկատմամբ, սակայն Ձեր եզրակացության մեջ չեք նշել՝ ինչ քաղաքական հայացքների մասին է։ Փորձագետն արձագանքեց՝ ամբողջ տեքստից էլ հասկացվում է, որ հայհոյական արտահայտությունների բովանդակության արտահայտությունը վերաբերում է տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և այն մարդկանց, որոնց անվանումներն առանձնացված են։

Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց՝ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը և հարցրեց՝ Դուք դրա հետ համաձա՞յն եք՝ որպես մարդ, նախագահող դատավորն ասաց՝ հարցը հանված է։ Տիգրան Աթանեսյանն ասաց՝ եթե փորձագետը համաձայն է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է, ես այլ հարցեր չունեմ։

Անի Վարդանյանն ասաց․ «Ուզում եմ շեշտադրել, որ իմ գնահատականները չեն բխում իմ անձնական կարծիքից և պարտավորություն չունեմ, իրավունք չունեմ որևէ տեսանկյունից ներկայացնել իմ անձնական կարծիքը։ Ես անկախ փորձագետ եմ և որպես անկախ փորձագետ՝ պարտավոր եմ հստակ հարցի պատասխանել՝ հստակ ելակետային տվյալներով։ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալու վերաբերյալ, եթե կլինի համապատասխան քրեական վարույթ և փորձաքննություն կնշանակվի, այդ դեպքում կպատասխանեմ որպես փորձագետ»։

Տիգրան Աթանեսյանը նկատեց՝ կան իրավիճակներ, երբ այդ արտահայտություններն իրավաչափ են և հարցրեց՝ եթե Դուք չեք ուսումնասիրում քաղաքական հայացքը և քաղաքական գործողությունը, որքանո՞վ եք՝ որպես փորձագետ իրավասու ասել, որ դա ագրեսիա է։ Նա վստահեցրեց՝ չի լսել հիմնավորում, որտեղ նշված գործողությունների՝ իրավաչափ լինելուն վերաբերող որևէ արտահայտություն կա։ Փորձագետն ասաց․ «Ես չեմ նշել՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններն իրավաչա՞փ են, թե՝ ոչ։ Նշել եմ, որ այդ քաղաքական հայացքներով պայմանավորված»։ Տիգրան Աթանեսյանը հարցրեց՝ որո՞նք են այդ քաղաքական հայացքները։ Անի Վարդանյանը պատասխանեց․ «Դուք ուզում եք՝ ես քաղաքագիտական գնահատակա՞ն տամ։ Ես քաղաքագետ չեմ»։ Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ինչի՞ վրա եք Ձեր հոգեբանությունը, վերլուծությունը կառուցում, եթե չգիտեք այդ հայացքները։ Փորձագետն արձագանքեց՝ հայացք իմանալու և դրան գնահատական տալու միջև կա տարբերություն։ Իմանալ կարող եմ՝ որպես հասարակ քաղաքացի։

Տիգրան Աթանեսյանն ասաց՝ Դուք ասում եք, որ կա ատելության խոսք, բայց չեք ասում, թե ինչի շուրջ է ատելության խոսքը։ Եվ հարցրեց՝ իսկ ինչո՞ւ չեք միջնորդել քննիչին, որ Ձեզ տա լրացուցիչ տվյալներ, թե էդ ի՞նչ է արել Փաշինյանը, որ այս մարդն էլ ջղայնացել է։ Փորձագետը պատասխանեց․ «Ես նոր հարցադրման և նոր քննության սկիզբ եմ տալիս, հետևաբար դրա իրավասությունը դարձյալ չունեմ»։

Մյուս հարցին՝ արդյոք պե՞տք չէր նաև հոգեբանական հետազոտության ենթարկել նաև անձին, փորձագետը պատասխանեց․ «Եթե առաջադրված հարցադրումները վերաբերեին անհատական հոգեբանական առանձնահատկություններին, այդ դեպքում պարտադիր կլիներ։ Բոլոր այն դեպքերում, երբ խնդրի առարկա է տեքստի բովանդակության վերլուծությունը, անձի հետազոտության անհրաժեշտություն չի առաջանում»։

Տիգրան Աթանեսյանը նաև փաստեց՝ փորձագետն իր ֆեյսբուքյան էջում մեծ շնորհավորանք է ուղարկել քննիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ, միևնույն ժամանակ փաստաբաններին չի շնորհավորել։ Եվ հարցրեց՝ այդ դեպքում շահագրգռված ա՞նձ չեք, քանի որ քննիչների նկատմամբ ունեք ընդգծված լավ վերաբերմունք, որը չեք թաքցնում։ Դատախազը խնդրեց, որ հարցը հանվի, նախագահող դատավորը որոշեց, որ հարցը մնա։ Անի Վարդանյանն էլ պատասխանեց, որ լավ վերաբերմունք ունի բոլոր լավ մասնագետների նկատմամբ։

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ փորձագետը գումար է ստացել պետական մարմիններից, ինչի մասին արձանագրումները հրապարակային են և հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է ստացել պետական մարմիններից։ Նա պնդեց, որ եթե փորձագետը գումար է ստանում պետական մարմիններից, չի կարող անաչառ եզրակացություն տալ։ Սակայն դատավորը փորձեց ընդմիջել փաստաբանին, մինչդեռ Տիգրան Աթանեսյանն ասաց՝ ինչ էլ լինի, իր հարցը տալու է։ Նախագահող դատավորը որոշեց նիստն ընդմիջել։

Ընդմիջումից հետո դատարանը Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն փորձագետին վիրավորելու և դատավորի կարգադրություններին չենթարկվելու համար։

Նարեկ Մալյանը հարցրեց՝ Ձեր եզրակացությունով դեպքը տեղի է ունեցել այն ամենի շուրջ, որ ես Արցախի հանձնման ընթացքում հանձնողին դավաճան եմ անվանել և հարցրեց՝ Ձեր եզրակացությունը բացառու՞մ է Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու հանգամանքը։ Նախագահող դատավորը հարցը հանեց։ Նարեկ Մալյանը հղում կատարելով Գելափի հարցման արդյունքներին, հարցրեց՝ դրանք կապ ունե՞ն իմ ֆեսբուքյան լայվի հետ, որ ՀՀ 68 տոկոսը արթնանար ու մտածեր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և հանձնել է Արցախը։ Փորձագետն ասաց՝ այն, ինչ կարող էր առաջացնել և առաջացրել է, հետազոտության շրջանակում նշված է։

Տիգրան Աթանեսյանը հայտարարություն արեց, որ փորձագետը չհաստատեց իր անաչառությունը և վստահեցրեց՝ մենք գործ ունենք կաշկանդված փորձագետի հետ, որի ղեկավարած կենտրոնը ստանում է միջոցներ պետական բյուջեից․ «Նման պայմաններում սա փորձագետի եզրակացություն չէ, այլ ԱԱԾ պատվերով արագ կարված թուղթ, որը միտված է այս քաղաքական հետապնդման արդյունքում դնել մեղադրական դատավճռի հիմքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829