Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել եւ հրավիրել իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների` ներկա գտնվելու այս քննարկմանը: Արդյունքում, եթե մենք գտնենք, որ այստեղ կա օրենսդրական կարգավորումների կարիք, ապա Ազգային ժողովը պատրաստ է դրան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` իր նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպված «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարությունների, պատասխանատու կառույցների, հանքարդյունաբերության ոլորտի, համայնքների ներկայացուցիչներ:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանրապետության տարբեր համայնքներ կատարված այցերի ընթացքում բնակիչներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հատկապես մտահոգիչ են համարել վնասվող ճանապարհներն ու դրանց հետեւանքները, հանքարդյունաբերության ոլորտում առկա բացթողումները: Մասնավորապես, Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներն ու ՏԻՄ ներկայացուցիչները մտահոգիչ են համարել ապօրինի հանքարդյունաբերությունը եւ գերծանրաբեռնված մեքենաների տեղաշարժը միջհամայնքային ճանապարհներով:
Քննարկման ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրել են հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բացերը, ճանապարհների վնասման պատճառներն ու դրանք վերացնելու համար հնչեցրել մի շարք առաջարկներ: Ներկայացվել են վիճակագրական տվյալներ ապօրինի հանքարդյունաբերության, հարուցված քրեական վարույթների, սահմանված տուգանքների վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ներկայացրած որոշ տվյալների համաձայն բեռնատարների մոտ 90 տոկոսը ներքին փոխադրումներն իրականացնում է գերբեռնված: Նրա խոսքով արտաքին փոխադրումները մաքսային կետերում հիմնականում վերահսկվում են, ինչի արդյունքում գերբեռնված մեքենաներ հանրապետություն մուտք չեն գործում: Նշվել է, որ 2018 թվականից հետո ճանապարհաշինության ոլորտում հսկայածավալ ներդրումներ են իրականացվել, հիմնանորոգվել կամ նորոգվել է մոտ 2400 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով, որում ներառված չեն սուբվենցիոն ծրագրերը: Դրանց մեծամասնությունն առնչվում է հենց հանքեր տանող ճանապարհին: Գոռ Ավետիսյանը նշել է` անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ ճանապարհներ կան, որոնց մի մասն Արարատի եւ Արմավիրի մարզերում է: Ըստ նրա` խնդրի միակ լուծումն այն է, որ վերահսկողությունը պետք է իրականացվի արդյունահանողների կողմից, քանի որ գրեթե բոլոր արդյունահանողներն իրենց տարածքում ունեն կշեռքներ: «Եթե կատարվեն օրենսդրական փոփոխություններ, ապա մի քանի զգուշացումից հետո կարելի է արդյունահանողին զրկել լիցենզիայից, եթե գերբեռնված բեռը հենց հանքից է դուրս գալիս»,- առաջարկել է նա` նշելով, որ այս մոտեցումը կիրառելի կարող է լինել Արարատի եւ Արմավիրի մարզերում:
Քննարկմանը ներկա հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ընդունելի են համարել առաջարկվող մոտեցումները` պայմանով, որ դրանք պետք է տարածվեն ոլորտի բոլոր` հին եւ նոր կազմակերպությունների վրա:
Քննարկման այլ մասնակիցներ էլ նշել են, որ ճանապարհները վնասում են նաեւ գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաեւ շինարարական աղբ տեղափոխող մեքենաները, որոնք նույնպես հանրապետությունում շրջում են գերծանրաբեռնված վիճակում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը մի քանի տվյալ է ներկայացրել ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ: Ըստ այդմ` 2023 թվականին հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել է 75 նման դեպք, որոնցից 73-ի առնչությամբ տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական վարույթներ:
Ճանապարհների գերբեռնվածության հարցը կարգավորելու նպատակով Կարեն Հակոբյանը, մասնավորապես, առաջարկել է պատասխանատվությունը թողնել հանքարդյունաբերողների վրա, քանի որ մեքենաները բեռնողները նրանք են: Քննարկման այլ մասնակիցներ էլ առաջարկել են վերացնել պատճառները, այլ ոչ թե հետեւանքները:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ կառույցը 2023 թվականի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման 113 դեպք, որից 18-ը վերաբերում է գոյություն ունեցող թույլտվություններով տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերված դեպքերին, իսկ մնացած 95-ն ընդհանրապես ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը նշել է, որ քննարկվող կարեւոր խնդիրները շուրջ երկու տարի է` հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, այդ կապակցությամբ իրականացվել են որոշ օրենսդրական աշխատանքներ: Առկա է օրենսդրական փաթեթ, որը դեռեւս մշակման փուլում է: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկել արված առաջարկները:
Ամփոփելով քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ խնդիրներին: Անհրաժեշտության դեպքում նոր քննարկում կհրավիրվի:
ՀՀ ԱԺ