Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը Սյունիքում նման է Արցախին, երբ վտանգը կախված է գլխիդ, բայց դու ավելին ես անում, քան կանեիր խաղաղ ժամանակ»․ Մետաքսե Հակոբյան

Փետրվար 13,2024 17:11

 «Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, հայտնել էիք, որ այցելել եք Կապան, Սյունիքի գյուղերում հանդիպեցել եք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ի՞նչ խնդիրներ արձանագրեցիք։

-Մենք հասցրեցինք մեկ օրվա ընթացքում 4 համայնքում լինել, հանդիպումներ ունեցանք բռնի տեղահանված ընտանիքների հետ։ Մենք «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ի շրջանակներում հետագայում նախատեսում ենք ծրագրեր իրականացնել, եւ պետք էր կարիքների գնահատում անել։ Նաեւ սա առիթ էր, որպեսզի արձանագրեինք, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ։ Բնականաբար, խնդիրները հիմնականում սոցիալական են, որոնք կապված են կառավարության հետ, օրինակ, կենսաթոշակները, աջակցության գումարները չստանալու խնդիր կար։ Գյուղական համայնքներում մարդիկ ինֆորմացիայից զուրկ են, իրենք տասնյակ կիլոմետրեր պետք է անցնեն, որպեսզի ինչ-որ սպասարկման կետից որեւէ ինֆորմացիա ճշտեն։ Եվ շատ հաճախ մարդկանց սպառիչ պատասխան կամ ընդհանրապես պատասխան չի տրվում։ Մենք գրանցել ենք խնդիրները։ Օրինակ՝ մարդ կար, որ Հայաստան տեղափոխվելուց հետո որեւէ դրամական աջակցությունից չէր կարողացել օգտվել, եւ սոցիալական ծառայություններում իրեն անընդհատ ասում են, որ դա տեխնիկական խնդիր է։

Բնականաբար, մեզ տեսնելիս բոլորը իրավիճակի ու Արցախ վերադառնալու հետ կապված հարցեր էին տալիս, փորձում էին հասկանալ՝ ի՞նչ իրավիճակ է։

Իրականում ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի համայնքների ղեկավարներին ու բնակիչներին, որովհետեւ արցախցիները լուրջ ուշադրության ու հոգատարության ներքո են։

-Սյունիքում հաստատված արցախցիները որպես կանոն մնում են մարզո՞ւմ, թե՞ ձգտում են դուրս գալ սահմանամերձ բնակավայրերից ու բնակություն հաստատել Երեւանում ու Երեւանին մոտ համայնքներում։

-Կային ընտանիքներ, որոնք արդեն հաստատվել էին Սյունիքում։ Ինձ համար դրական փաստ էր այն, որ գյուղերում արցախցիներից հիմնականում բնակարանի վարձ չէին վերցնում կամ եթե վերցնում էին, շատ չնչին գումար էր դա կազմում։ Դա պատճառներից մեկն է, որ մարդիկ մնում են եւ նաեւ ժամանակի ընթացքում արդեն ինտեգրվում են համայնքում։ Ինձ ուրախացրեց, որ կային երիտասարդ ընտանիքներ, որոնք պատրաստ էին մնալ Սյունիքում։ Բայց մարդիկ աջակցության կարիք ունեն՝ տուն ձեռք բերելու, գյուղական բնակավայրերում գոնե մի փոքր հողատարածք ունենալու, գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու խնդիր ունեն։ Համայնքապետարանները փորձում են իրենց սուղ միջոցներով մի կերպ աջակցել արցախցիներին։ Եթե կազմակերպություններ ու անհատներ լինեն, որոնք աջակցեն ու ծրագրեր իրականացնեն, այնտեղ կյանքը բավական կաշխուժանա, արցախցիների թիվն էլ կմեծանա։

-Դուք նշել եք, որ պատրաստվում էիք նաեւ Ներքին Հանդ գյուղ գնալ, բայց հայտնի դեպքերի պատճառով այցը հետաձգել եք։ Փաստորեն մենք ունենք իրավիճակ, որ թշնամին Արցախը բռնազավթելուց հետո կանգ չի առնում։ Ի՞նչ պետք է անել։

-Ես պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ էի Կապանում։ Ինձ համար անասելի ծանր էր։ Երբ ինձ ասում էին, որ Կապան մտնելիս մոտ հեռավորության վրա ամենամեծ դրոշը ադրբեջանական դրոշն է, ես չէի պատկերացնում։ Ոչ թե մտածում էի, որ վտանգված տարածաշրջանում ենք, դա Նիկոլի օրակարգն է՝ անդադար մուրալ խաղաղություն կամ անվտանգություն, բայց ծանր էր այն զգացողությունը, որ այնտեղ բավական շատ խնդիրներ կան, եւ լուծումը, ցավոք, մեր ձեռքի չէ, քանի որ այսպիսի իշխանություն ունենք։

Երեկ երեկոյան ուշ ժամի, երբ շրջում էինք Կապանում, մարդիկ աշխատանքից հետո իրենց հանգիստն էին վայելում, բավական աշխուժություն կար։ Իսկ առավոտյան, երբ ես որոշել էին քաղաքում զբոսնել, մարդիկ արդեն խիստ մտահոգ էին։ Ես չտեսա մեկին, որը իշխանությունների նկատմամբ վստահությամբ կարտահայտվեր։

Իրավիճակը Սյունիքում, ցավոք սրտի, նման է Արցախին, երբ վտանգը կախված է գլխիդ, բայց դու ավելին ես անում, քան կանեիր խաղաղ ժամանակ։ Այսինքն՝ ապրում ես ավելին, որպեսզի հաղթահարես դա, հաղթես թշնամուն, քեզ կեղեքող իշխանությանը։ Ես նորից վերապրեցի այն, ինչ մենք Արցախում վերապրում էինք 2020 թվականի պատերազմից հետո։ Նույն իրավիճակն է, հավատացեք, որեւէ տարբերություն չկա, եւ մարդիկ իրենց ապրելու ձեւով, իրենց կենցաղով պայքար են մղում։ Այն տեսակետն էր գերիշխում, որ քանի կան այս իշխանությունները, մենք Հայաստանի կորստի առաջ ենք կանգնած։ Ես կարծում եմ, որ մեր ազգը համախմբված է, միակ փրկությունն այս իշխանություններից ազատվելու մեջ է։ Ազատվելու դեպքում մենք այլեւս ոչ թե կմուրանք, այլ կկարողանանք ձեռք բերել խաղաղություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829