«Երեւանն այսօր չունի այն տրանսպորտային համակարգը, որը ենթադրում է գնի բարձրացում։ Այն, որ 100 դրամ վճարում էին գազելների համար, ամոթ էր, դա էլ չպիտի վճարեին»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում էր տրանսպորտի թանկացման հարցը, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Անդրադառնալով տրանսպորտի սուբիսդավորմանը, որը համայնքային բյուջեից է եւ նախորդ տարվա տվյալներով՝ 7 միլիարդ դրամ է կազմել, Աբգարյանն ասաց․ «Կարծիք հնչեց, թե ինչո՞ւ պետբյուջեից պետք է սուբսիդավորվի։ Երեւանի տրանսպորտն այն հարցն է, որ թույլատրելի է պետբյուջեից սուբսիդավորումը, որովհետեւ Երեւանում ուսում են ստանում մարզերի ուսանողները, աշխատում են մարզերից եկած մարդիկ, օգտվում են տրանսպորտից։ Այո, պետությունից կարելի է սուբսիդավորել, ոչ թե ընտրությունից ընտրություն պետբյուջեից վերցնել 10 միլիարդ եւ տարբեր մարդկանց շքամուտքերն ու տանիքները վերանորոգել։ Մի բան, որից մարզի բնակիչներն իսկապես չէին օգտվելու։ Մեր մոտեցումն է՝ երբ ասում են՝ փոխարենը մանկապարտեզներ կկառուցենք, մանկապարտեզներ կառուցեք դոնորների օգնությամբ, ինչն այսօր էլ արվում է, հովանավորների օգնությամբ։ Իսկ տրանսպորտի սուբսիդավորման համար չի կարելի դիմել հովանավորներին»։
Աբգարյանը հայտարարեց, որ «Ազգային առաջընթացը» դեմ է տրանսպորտի թանկացմանը։
Աբգարյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ինքը 2013-ին տրանսպորտի թանկացման ցույցի մասնակիցներից էր, քաղաքապետարանի դռան առաջ էր նստել, իսկ Կամո Արեյանը փորձում էր նրան հեռացնել։ «Եթե տրանսպորտը թանկանա, պարոն Արեյան, ինձ կարող եք դռան դիմացից հեռացնել»,-ասաց Աբգարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ