Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող վարչախումբը փորձում է համոզել, որ նահանջելով և զիջելով կարելի է խաղաղության հասնել. Չալաբյան

Փետրվար 13,2024 16:22

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են։ Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։

Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է «Հատուցման գործողություն», իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակը բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։

Արդեն երեք տարուց ավելի է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայաթափվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ «խաղաղասերների» կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու և նրա «բարիքներից» օգտվելու համար։

Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829