«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկվա իր հայտարարությամբ անուղղակիորեն, բայց արդեն մեղք ընդունեց եւ թշնամուն խոստացավ հայ զինծառայողներին պատժել։ Դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ դա նշանակում է, որ ընդունեց մեղքը եւ նաեւ Ադրբեջանին լրացուցիչ լեգիտիմություն տվեց, որպեսզի ադրբեջանական կողմը հարվածի հայկական դիրքերին, ինչի հետեւանքով ունենք 4 զոհ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։
ՀՀ ՊՆ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ «ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ եթե Հայաստանում լիներ հայկական իշխանություն, միանգամից կհայտարարվեր «համար 1», պատրաստ կլինեինք հարված հասցնել հակառակորդին, որպեսզի թշնամին շատ չոգեւորվեր։ «Բայց դրա մասին այսօր խոսելն անիմաստ է, քանի որ 2018 թվականից ի վեր բոլոր գործողությունները, իսկ 2020 թվականից հետո՝ էլ ավելի բացահայտ ու լկտի կերպով ուղղված են հայկական պաշտպանությունը քանդելուն, պաշտպանության ամբողջ համակարգը պարալիզացնելուն ու քայքայելուն։ Եվ սրա հետեւանքը մենք տեսնում ենք՝ թշնամին օրեցօր ավելի ու ավելի է լկտիանում, հայկական կողմն ավելի ու ավելի է խեղճանում։ Բանը հասել է նրան, որ կան լուրեր, որ ադրբեջանական կողմի թելադրանքով հայկական զորամասերից հանում են Նժդեհի նկարները, Արցախյան ազատամարտի մասին նյութերը։ Նույնը կատարվում է հիմա դպրոցներում, ԱԳՆ կայքից Արցախի մասին բաժինն են ջնջել։ Այսինքն՝ Հայաստանը Բաքվի կառավարման տակ է։ Բաքվից բանավոր ինչ-որ հրահանգ են տալիս, եւ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները շտապում են այդ հրահանգը կատարել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ