Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ: Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել եւ միջազգային հարթակներում պետք է պատասխան տա. Օհանյան

Փետրվար 13,2024 15:55

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները:

Անչափ կարեւորում ենք խորհրդարանական հարթակում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը եւ բարձր ենք գնահատում այս դժվարին ժամանակահատվածում մեր կողքին լինելու հանգամանքը. ողջունելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը եւ Աննա Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանն անօրինական սանձազերծած բոլոր պատերազմների ընթացքում հետեւողականորեն իրականացրել է էթնիկ զտում: «Այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններն» անօրինական եւ հանցագործ պահվածք են Ադրբեջանի կողմից ինքնորոշված հայ ժողովրդի Լեռնային Ղարաբաղի հատվածի նկատմամբ: Այսօր ԼՂ-ն հայաթափված է»,- ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ, Ադրբեջանն իր հանցագործ պահվածքով հակամարտությունն ավելի է խորացրել եւ միջազգային հարթակներում պետք է պատասխան տա:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Հայաստանի ներքին կյանքի օրակարգային հարցերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա նշել է, որ անցյալ տարի սեպտեմբերին, երբ մարդիկ ստիպված լքում էին իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղից, ավելի քան 60 մարդ է զոհվել Ստեփանակերտից Հայաստան ճանապարհին:

Պատվիրակության անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլը նշել է, որ իրենց նպատակն է լսել ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերին:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետվերադարձին, նրանց անվտանգությանը, Ադրբեջանի հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությանը վերաբերող հարցերի շուրջ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829