Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ավինյան, հասկանում եմ, որ ամբիցիաներ ունեք, ծախսերը, կոռուպցիոն գործարքները շատացել են, բայց գոնե ձեւ արեք, որ քաղաք եք ուզում ղեկավարել»․ Պեդրո Զարուկյան

Փետրվար 13,2024 15:45

Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին նախագծերը չզեկուցվող էին, սա մութ գործարք է, դեռ կոռուպցիան մի կողմ դնենք։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը, հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը։

Նրա խոսքով՝ «Չարբախում 30 հեկտար գյուղատնտեսական հողի մեջ մի հոգու թույլ տվեցինք երկու հարկանի բնակելի տուն սարքի։ Հարց է առաջանում՝ մեկը կգա, կասի երեք կամ քսան հարկանի եմ ուզում սարքեմ, մենք ինչպե՞ս ենք չզեկուցվող հարցերը անընդհատ այսպես ընդունելու։ Դուք սովորական ճարտարապետ չունեք այս քաղաքը կառավարելու համար, բերեք գոտիավորեք, որ որոշենք, թե քանի հարկանի տուն ենք թույլ տալու կառուցել եւ այլն։ Ոչ մի բան հաշվի չեք առնում։ Մենք չգիտենք՝ ինչ ենք քվեարկել, ձեր կոճակ սեղմողները սկի չգիտեն ինչ են արել»։

Անդրադառնալով տրանսպորտի հարցին, Զարուկյանն ասաց․ «Պարոն Ավինյան, ես հասկանում եմ, որ դուք ամբիցիաներ ունեք, ծախսերը, կոռուպցիոն գործարքները շատացել են, բայց գոնե ձեւ արեք, որ քաղաք եք ուզում ղեկավարել։ Դուք այդպիսի երկիր գիտե՞ք, որ հանրային տրանսպորտը չի սուբսիդավորվում»։

Նա հայտարարեց, որ կան շատ քաղաքներ, որտեղ տրանսպորտի տոմսային փաթեթն ավելի մատչելի է, քան Երեւանի համար նախագծով առաջարկվողը․ «6 կամ 7 հազար դրամանոց փաթեթներ են այլ քաղաքներում։ Մոսկվայում 12 հազար դրամ՝ անսահմանափակ, Վրաստանում՝ 6 հազար դրամ է անսահմանափակ ուղեւորության փաթեթներով։ Դուք որտեղի՞ց եք վերցնում 11 հազար դրամը սահմանափակ՝ 60 անգամվա տոմս առաջարկում։ Դուք ՔՊ-ի անդամներ, իրար հետ քննարկում անո՞ւմ եք, թե՞ մանկապարտեզի երեխաների նման գալիս եք այստեղ կոճակ սեղմում։ Դուք մասնագետ չունեք․․․»։

«Կո-ռեկտ, կո-ռեկտ»,-Զարուկյանին հորդորեց Ավինյանը։ Չնայած այս հորդորին, Զարուկյանը շարունակեց իր վրդովված ելույթը․ «Մի հատ ուսումնասիրեք, մասնագետ բերեք․․․»։

«Կո-ռեկտ»,-կրկին կոչ արեց Ավինյանը։

«Երեխաներ, տարեցներ, իրենց հարցը պիտի լուծվի, իրենք չպիտի վճարեն, զբոսաշրջիկները պետք է ավել վճարեն։ Ես չեմ ակնկալում, որ այս հարցերը կարող եք լուծել, որովհետեւ ոչ մասնագետ եք, ոչ էլ հասկանում եք»,-այսպես ավարտեց իր ելույթը Զարուկյանը։

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց․ «Մենք ձեզ՝ որպես մասնագետ, կներգրավենք այս հարցերի քննարկմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829