Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում էին: Նրանք խոսել են ինչպես Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների հետ, ծանոթացել անվտանգային խնդիրներին:
Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլը ԱԺ միջանցքում լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ եւ ասաց, որ վաղը սահմանամերձ մարզեր են գնալու: Երեկ առավոտից նրանք հանդիպումներ են ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ ՊՆ եւ ԱԳՆ նախարարների հետ, վաղն էլ հանդիպելու են վարչապետի հետ: Նա նշեց, որ այցելելու են սահմանամերձ գոտիներ, մասնավորապես՝ Ջերմուկ եւ հանդիպելու են Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ:
Հարցին՝ հիմա սահմանային լարվածություն ունենք, դուք տեղյա՞կ եք իրավիճակի մասին՝ նա պատասխանեց, որ ԱԺ նախագահը պատմել է, թե ինչ է կատարվում: Հարցին՝ այսպիսի իրավիճակում ի՞նչ եք մտածում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մասին՝ նա պատասխանեց, որ այդ հարցը քննարկել է ԱԺ պատգամավորների հետ, թե ինչպես կարող ենք հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Դա մի բան է, որը շատ ենք ուզում տեսնել ու պատրաստ ենք աջակցել: Մենք կփորձենք օգնել՝ հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ երկխոսությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ