Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ իշխանությունների բարձր հովանավորությունը, չեմ կարծում, թե կլիներ հակաեկեղեցական շարժում». Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ

Փետրվար 13,2024 15:23

Փետրվարի 6-ին Վաղարշապատի համայնքապետին փոխարինող Արսեն Պետրոսյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հանրահավաք անցկացնելու թույլտվության մասին որոշում էր ստորագրել, ըստ որի արտոնվում էր փետրվարի 24-ին Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հակաեկեղեցական արշավ իրականացնել։ Դիմումը ստացվել էր Վարդանանք շարժման համակարգող, կարգալույծ հռչակված հոգեւորական Անդրանիկ Դովլաթյանից:

Այդ որոշումը մեծ անհանգստություն ու դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում, դրան դեմ էր արտահայտվել նաեւ Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը եւ դատապարտել հակաեկեղեցական հանրահավաքը:

Ավելի ուշ Արսեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարել էր, թե իր ստորագրած որոշման վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում: Նաեւ ասել էր, որ որոշումը ստորագրել էր՝ առաջնորդվելով օրենքով պաշտոնից բխող լիազորություններով: Ապա հավելել էր, որ մեկ այլ որոշմամբ այդ որոշումը ճանաչել է ուժը կորցրած՝ դիմումում եղած անճշտությունների պատճառով

«Համայնքապետարանը Վարդանանք շարժման իրազեկումը ի գիտություն էր ընդունել՝ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հավաք իրականացնելու վերաբերյալ, ինչից հետո մենք որպես ընդդիմադիր խմբակցություն եւ բազմաթիվ քաղաքացիներ պահանջ ենք ներկայացրել, որպեսզի այդ որոշումը չեղյալ հայտարարվի, քանզի մեր եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն եւ գործողություն դատապարտելի է, եւ համայնքապետարանի կողմից չի կարող հավանության արժանանալ:

Դրանից հետո Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ այդ որոշումը չեղյալ է հայտարարվել: Չնայած դրան՝ մենք տարբեր սոցիալական հարթակներում տեսնում ենք, որ նրանք (հակաեկեղեցական շարժման ներկայացուցիչները-Գ.Հ.) նորից շարունակում են իրենց կոչերը՝ փետրվարի 24-ին լինել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, որպեսզի իրենց բախտախնդիր գործողություններն իրականացնեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վաղարշապատ համայնք «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը:

Նրա խոսքով, հակաեկեղեցական շարժման կազմակերպիչները ցանկանում են բախումներ հրահրել. «Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց հնչեցրած պահանջը եւ կոչերը երբեք չեն կարող իրականանալ: Ինձ թվում է, որ էջմիածինցիները, հայ քրիստոնյաները, որոնք կարող են կանխել այդ ամենը, պետք է լինեն չափազանց զգույշ ու հանգիստ, որպեսզի նրանց նպատակները չիրականանան: Մենք քաղաքացիներից բազմաթիվ մտահոգություններ ենք ստանում այդ հավաքի հետ կապված: Հակաեկեղեցական շարժման անդամները մարտավարական կեղտոտ քայլ են իրականացնում, ասում են, որ իբր իրենց հավաքը եկեղեցու դեմ չէ, վեհափառի դեմ է, մինչդեռ իրականում Հայ առաքելական եկեղեցու դեմ է, եւ ես այստեղ տեսնում եմ իշխանությունների ձեռքը»:

«Էջմիածին» խմբակցության քարտուղար, ավագանու անդամ Արմեն Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ հակաեկեղեցական շարժումը կոորդինացվում է «վերեւից»՝ պետական մակարդակով:

«Այս հակաեկեղեցական շարժումը պետական մակարդակով է իրականացվում, եւ ուղղված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այլեւ բոլոր քաղաքացիների հոգեւոր արժեքների դեմ: Եթե չլիներ իշխանությունների բարձր հովանավորությունը, չեմ կարծում, թե կլիներ նման շարժում»,-ասաց «Էջմիածին» խմբակցության քարտուղար, ավագանու անդամ Արմեն Դավթյանը:

Դիտարկմանը, որ թեեւ արտոնված չէ այդ հավաքը, բայց հակաեկեղեցական շարժման կազմակերպիչները տարբեր հարթակներում հայտարարում են, որ անպայման իրականացնելու են այն, Արմեն Դավթյանը այսպես արձագանքեց. «Այս պահի դրությամբ ես չգիտեմ՝ արդյոք այդ շարժումն արտոնվա՞ծ է, թե ոչ: Ոչ ոք չգիտի: Քաղաքապետի տեղակալն ասում է, թե արտոնությունը փաստացի կա, բայց արտոնման չեղարկումը թղթով չկա: Հիմա մենք թույլատրո՞ւմ ենք, թե՞ չենք թույլատրում այդ հավաքը…Կարծում եմ այս պարագայում մանեւրելը ճիշտ չէ, եթե թղթով թույլատրել ես, նաեւ պետք է թղթով մերժես, եթե իհարկե դրան դեմ ես»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829