Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան․ «Դուք հիմա հաստատում եք, որ 7 մլրդ սուբսիդիայի թիվը սխալ է, քանի որ ասում եք՝ ստվեր կա, բայց թիվը չգիտեք՝ ինչքան է»

Փետրվար 13,2024 14:34

Երեւանի ավագանու այսօրվա նիստում, որտեղ քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն ասաց՝ ինչո՞ւ եք էլի շարունակում թարսուշիտակ հաշվարկներով քայլեր ձեռնարկել:

Գրիգորյանը հիշեցրեց՝ «կարմիր գծերի» հարցի քննարկման ժամանակ քաղաքային իշխանությունն ասում էր՝ դա կբերի երթեւեկության բեռնաթափմանը․ «Դուք շատ լավ հասկանում եք, որ առանց բեռնաթափման, եթե նույնիսկ 1000 նոր ավտոբուս գնեք, դուք չեք կարողանալու ապահովել երթեւեկության ժամկետները: Եթե դա չի ապահովվելու, դուք չեք կարող խոսել նորմալ տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Ձեր ամբողջ ելույթը հիմնված է նրա վրա, որ քանի որ գազելներից անցել ենք նոր ավտոբուսների, ամեն ինչ ընտիր է, կարող ենք թանկացնել տրանսպորտը»:

Նա հետաքրքրվեց՝ ունե՞ք տեղեկություն, թե որքան գումար է մուտք արվել կարմիր գծերից անցած տարվա հունվարին ու այս տարվա հունվարին, ունե՞ք տեղեկություն, թե խցանումները կամ տրանսպորտի արագությունը որքանով է նվազել` ի հաշիվ կարմիր գծերը թանկացնելու։

Գրիգորյանը նաեւ նշեց, որ տրանսպորտային այս համակարգի նախագծում պետք է տարանջատումը անել ոչ թե այնպես, ինչպես նախագծի հեղինակներն են ներկայացնում՝ տրանսպորտից հաճախ եւ ոչ հաճախ օգտվողների, այլ՝ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ։

«Ասում եք` ստվերից տեղեկություն չունեք, եթե դուք ուզում եք պլանավորել եւ 7 միլիարդ դրամ սուբսիդիայի թիվ եք հրապարակում, ասում եք՝ 7 միլիարդը կրճատենք, գինը թանկացնենք, դուք հիմա ակնհայտ հաստատում եք, որ այդ 7 միլիարդ թիվը սխալ է, քանի որ ստվեր կա ու թիվը չգիտեք, ուրեմն դուք չգիտեք, թե իրականում որքան պիտի լինի սուբսիդավորումը։ Ավելի ճիշտ չէ՞ ստվերը կրճատեք, որի տեղը գիտեք՝ դա վարորդների գրպանելն է, առանց տոմսի երթեւեկելը, էլ չասեմ տեխսպասարկման կամ վառելիքի ծախսերը։ Առանց այս խնդիրները լուծելու, դուք ինչպե՞ս եք ասում՝ մենք ունենք 7 միլիարդի ճեղք ու դա լցնելու նամար հաշվարկել ենք, որ գա ինքնարժեքին կանգնի»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց՝ նույնիսկ ամենազարգացած երկրներում տրանսպորտն ինքնարժեքով չի աշխատում, այն միշտ սուբսիդավորվում է, որովհետեւ տրանսպորտից օգտվում են ամենախոցելի խմբերը՝ ուսանողներ, թոշակառուներ եւ այլն. «Այստեղ հարցն այն է, որ եթե սուբսիդավորում ենք, պետք է 100 տոկոս վստահ լինենք, որ այդ գումարները վարորդը կամ տեխսպասարկում իրականացնողը չի գրպանում»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Ստվերի գործոնը հաշվարկվել է ի վնաս քաղաքապետարանի, ուղեւորափոխադրումը, որը մենք վերցրել ենք օրական 550 հազար, որպեսզի չասեն՝ այ, դուք ուղեւորափոխադրումներից հաշվարկվող գումարը քիչ եք հաշվում, դրա համար է ճեղքը մեծ, մենք ասում ենք, որ ստվերի գործոնը վերցնում ենք ի վնաս քաղաքապետարանի, վերցնում ենք, որ չկա։ Այսինքն, կա օրական 550 հազար փոխադրում, բոլորից անխտիր 100 դրամները վերցնում ենք, անգամ եթե այսպես է, միեւնույն է, ճեղքը կազմում է այ այսքան, հետեւաբար, մեր հաշվարկներում ճեղքը դրանից ավելի մեծ չի ներկայացվում, ավելի փոքր է ներկայացվում»։

Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, ապա Գրիգորյանն ասաց՝ ես էլ էի այդպես ասում՝ մինչեւ չբեռնաթափվի երթեւեկությունը, տրանսպորտն այն ճշգրտությամբ չի աշխատի, որով պիտի աշխատի․ «Կարմիր գծերի թանկացման հարցը քննարկելիս, երբ ասում էիք՝ իդեալական տրանսպորտային համակարգ սարքեք, նոր թանկացրեք, ասում էի՝ բեռնաթափմամբ իդեալական համակարգ չի լինի։ Լավ է, որ գոնե երկու ամիս հետո համաձայնության եկանք։ Այսօր տրանսպորտի ժամանակին չհասնելու պատճառը միայն խցանումները չեն, այլ նաեւ շարժակազմի սակավությունը, հնամաշ լինելն ու շատ դեպքերում՝ հաճախ փչանալը»։

Ինչ վերաբերում է տրանսպորտից ոչ հաճախ կամ հաճախ օգտվողների համար տոմսի թանկացմանը, ապա Գրիգորյանն ասաց՝ եթե հազվադեպ օգտվող է, աենք 300 դրամ է վճարում, դա դրամատիկ փոփոխություն իր բյուջեում չի բերի։

Ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը հստակեցրեց՝ օրինակ՝ ՌԴ քաղաքացին վեց ամիս բնակվում է Երեւանում, բայց ինքը ռեզիդենտ չէ, հարկեր չի վճարում ու հաճախ է օգտվում տրանսպորտից, հետեւաբար պետք է հիմք դնել ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ կատեգորիաները․ «Իսկ հաճախ օգտվող կամ ոչ հաճախ օգտվող ներկայացնելով՝ դուք կարող եք մարզից Երեւան եկածին, որը եկել է ընտանիքին տեսնելու, ստիպեք վճարել 400 դրամ, երբ այդ քաղաքացին Արմավիրում է հարկ վճարում, որից մասնաբաժին է գալիս Երեւանի բյուջե, ինքը անուղղակի մասնակցում է տրանսպորտին»։

Փոխքաղաքապետն ի պատասխան ասաց՝ երբ օրինակ եք բերում մարզից եկածին կամ ՌԴ քաղաքացուն, ռելոկանտին, դուք խոսում եք բացառությունների մասին․ «Երբ մենք նախագծում ենք համակարգ, մենք պետք է հասկանանք՝ միջինում ում հետ գործ ունենք։ Ձեր ասած դեպքերը բացառություն են ընդհանուր կանոնից, որովհետեւ, որպես կանոն, ամենօրյա օգտվողը ռեզիդենտ է, որովհետեւ բնակվում եւ աշխատում է, օրը երկու անգամ օգտվում տրանսպորտից, դա է մեր կանխավարկածը։ Բացառությունների վրա ռեֆորմ ու կանոն չեն կառուցում։ Բացառությունների մասով ընդհանուր կանոնից բացառություններ կարող են լինել»։

Ինչ վերաբերում է կարմիր գծերին եւ բեռնաթափմանը, Սուրեն Գրիգորյանն ասաց՝ կարմիր գծերը որոշակի առումով նպաստել են բեռնաթափմանը, բայցեւ որոշ խնդիրներ առաջացրել, օրինակ` բակերում են կայանում․ «Իմ օրինակով ասեմ՝ ավելի քիչ ժամանակ եմ խցանման մեջ անցկացնում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829