«ՊՆ-ն այնքան տեղեկատվություն է տրամադրում, որքան անհրաժեշտ է ժողովրդին, որպեսզի տեղեկանան եւ այնքան, որ մեր անվտանգային հարցերում խնդիրներ չառաջացնի: Ես հորդորում եմ վարչական շրջանի պատասխանատուներին ավելորդ տեղեկատվություն չտալ, խառը լուրեր չհայտնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, եղել է փոխհրաձգություն, որը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մենք խոսում ենք խաղաղության մասին, խաղաղության պայմանագրի մասին, սակայն սադրանքները ադրբեջանական կողմից չեն դադարում՝ նա պատասխանեց. «Իհարկե, այդպիսի միջադեպեր եղել են եւ լինելու են: Դրա համար մի շարք աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչը եւ արվում է քաղաքական եւ դիվանագիտական, ինչպես նաեւ ռազմական դաշտում: Հիմա դեպքեր են, այո, եղել են, խնդիրը կայանում է նրանում, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն եւ շատ արագ ավարտվեն: ՊՆ-ում ծառայողական քննություն կլինի, թե ինչի առաջացան այս սադրանքները եւ այդ գործողությունները ինչի պատճառ էին, դա հետագայում կպարզվի»:
Հարցին՝ այսպիսի իրավիճակում չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ կայուն խաղաղության՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Վերջին 30 տարում տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի, իհարկե, անելու է: Եթե փոխադարձ ձեռքբերումներ լինեն խաղաղության պայմանագրի կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այդ դեպքում նման սադրանքները պետք է հասցվեն նվազագույնի: Ինչ էլ լինի, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի, ցանկացած հարձակման»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ