Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան․ «Այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք՝ 200 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ, հետո՝ 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ»

Փետրվար 13,2024 12:58

Մեր հիմնական նպատակն է լինելու տասը տարի հետո ունենալ ամբողջապես կանաչ տրանսպորտ։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանն այսօրվա նիստում հետաքրքրվեց՝ որ փոլում են էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու շուրջ բանակցությունները, էլեկտրական ավտոբուսները կարող են էական ազդեցություն ունենալ տրանսպորտի գնի վրա, քանի որ հեղուկ գազն ու դիզվառելիքն այսօր ավելի թանկ են։

Ի պատասխան Ավինյանն ասաց՝ այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք՝ 200 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներն ու հետո 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսները․ «Բանակցություններն ընթանում են միջազգային ֆինանսական գործընկերների եւ կառավարության հետ, որովհետեւ կառավարության աջակցությունն էլ է պետք։ Այս տարի իրականացնելու ենք 200 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների գնումը եւ նոր ավտոբուսային գծեր ենք ունենալու, հետագայում իրականացնելու ենք 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնման գործընթացը»։

Ինչ վերաբերում է էլեկտրական ավտոբուսների վառելիքի էժան լինելուն եւ միասնական տոմսային համակարգի վրա դրանց ազդեցությանը, Ավինյանն ասաց՝ չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազով, բենզինով կամ դիզելով տրանսպորտից, այնուամենայնիվ, էլեկտրական ավտոբուսները նախնական գնով էականորեն ավելի թանկ են, քան այլ վառելիքով ավտոբուսները․ «Հետեւաբար, 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությունը բերելու է մոտավոր նույն գնին՝ գազով կլինի, թե էլեկտրական կլինի։ Բնապահպանական տեսանկյունից մեր հիմնական նպատակն է լինելու, որ մեր ամբողջ շարժակազմը ամբողջապես փոխված լինի էլեկտրականի։ Եթե նոր տեխնոլոգիական գյուտեր չլինեն, չգիտեմ, օրինակ՝ ջրածնային կամ մյուս տեսակի շարժիչները․․․մեր հիմնական նպատակն է լինելու 10 տարի հետո ամբողջապես կանաչ տրանսպորտ ունենալը»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց՝ երբ խոսում ենք էլեկտրական ավտոբուսների մասին, ապա պետք է հաշվի առնել, որ այսօր մենք 18 մետրանոց շարժակազմ չունենք․ «Այնպես չէ, որ այսօրվա քիչ արդյունավետ շարժակազմը բարձր է նստում ինքնարժեքի մեջ, իսկ եթե էլեկտրականով փոխենք, ավելի ցածր է նստելու։ Այսինքն, այսօրվա հաշվարկի առումով այս թիվն այսպես, թե այնպես զրո է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829