«Համայնքային, թե՝ մասնավոր, այս դիլեման մշտապես կանգնած է քաղաքապետարանի առաջ, եւ ոչ միայն տրանսպորտի դեպքում, նախկինում աղբահանության դեպքում է եղել»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցությունից Արման Բաբաջանյանի հարցին՝ արդյոք քննարկվում է, որ հետագայում մասնավոր օպերատոր ներգրավվի տրանսպորտային համակարգում՝ դաշտում մրցակցություն ապահովելու համար՝ առաջարկելով ավելի լավ գին ու որակ։
Գրիգորյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ նախատրամադրվածություն չունի մասնավորի նկատմամբ, բայց հաշվի առեք, որ եթե մասնավորի մասին ենք խոսում, բացի ինքնարժեքով բուն ծառայության մատուցումից, նաեւ ենթադրելու է որոշակի շահույթ, իսկ դա լրացուցիչ հնարավոր ծանրաբեռնվածություն է ուղեվարձի գնի վրա։
Գրիգորյանն անդրադառնալով հարցին՝ թե համակարգում որքան է ստվերը, եւ այն կրճատելուց հետո, որքանով այն կարող է ազդել սուբսիդավորման եւ ուղեւորափոխադրման գնի վրա, ասաց՝ ստվերի գործոնը մեր հաշվարկներում արվել է ի վնաս քաղաքապետարանի․ «Այսինքն, մենք ուղեւորափոխադրումների ենթադրյալ քանակը, որ վերցրել ենք, չենք վերցրել փաստացի ուղեւորափոխադրումների համար վճարվածների քանակից։ Վերցրել ենք 2014-ին կատարված եւ 2018-ին վերագնահատված հաշվարկներից եւ ստվերի կանխավարկածը դրել ենք զրո։ Կանխավարկածը դրել ենք այն, որ ստվեր չի լինելու եւ եթե անգամ բոլոր ուղեւորափոխադրումներից համայնքը գումարը հավաքի, այդ դեպքում որքան է ծախսերի եւ հավաքած ուղեւորափոխադրումների համար գումարի տարբերությունը»։
Ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց՝ եկեք ընդունենք, որ չենք կարող վստահ լինել, որ այդ փաստացի տվյալները, որոնք հիմք են ընդունվել, իրականությանը համապատասխանում են․ «Հիմք ընդունված այդ հաշվարկները կարող է հետագայում պարզվի, որ մեծ շեղում են տալիս իրական ուղեւորափոխադրումների համեմատ»։
Կարդացեք նաև
Գրիգորյանն էլ ասաց․ «Ընդունում եմ։ Այս նախագծի իրականացմամբ, բացի սուբսիդավորման տրամաբանությունը մի փոքր ավելի տրամաբանական սահմաններին մոտեցնելուց, մեզ տալու է տվյալներ, եւ հետագայում այս հարցին անդրադառնալիս՝ զեկուցողն ավելի վստահ է լինելու այն թվերի մեջ, որը ներկայացնելու է ավագանուն։ Ավելի ճշգրիտ կարող ենք պատասխանել՝ ինչ առկա վիճակ ունենք, եւ ինչ կանխատեսում ունենք՝ ելնելով նրանից, թե մարդիկ ինչ տոմսային փաթեթից են օգտվել նախկինում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ