ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ԵՒ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆ, ՔԱՂԱՔԱԳԷՏ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն ու Արցախի նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարեանը Լոս Անջելեսում էին Հայ իրաւաբանական միութեան հրաւէրով: Արցախցի գործիչները բացառիկ հարցազրոյց են տուել «Ասպարէզ»ին` մանրամասներ ներկայացնելով Արցախի եւ արցախահայերի ներկայի իրավիճակի շուրջ: Ամերիկահայ համայնքին Ստեփանեանն ու Բեգլարեանը նաեւ ուղերձ յղեցին` յայտարարելով, որ Արցախի էջը փակուած չէ, եւ Արցախի ժողովրդի հաւաքական իրաւունքների պաշտպանութեան պայքարում ակնկալում են Սփիւռքի հայրենակիցների աջակցութիւնը: «Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին ու հայ ժողովրդին համարում են յաւերժական թշնամի: Նրանք միայն Արցախի ժողովրդին չեն ցեղասպանել`այլ ամբողջ հայ ժողովրդին: Այո, արցախի ժողովուրդը առաջնային տուժող է, բայց մեզ չեն ցեղասպանել, որովհետեւ արցախցի ենք, այլ` որովհետեւ հայ ենք, եւ ապրում ենք հայկական բնօրրանում: Հետեւաբար, այս պայքարն ողջ հայ ժողովրդի պայքարն է: Սա միայն Արցախի հարցը չէ, նաեւ` Հայաստանի, հայոց պետականութեան ու հայ ժողովրդի առաքելութեան իմաստի հարցն է: Հայ ժողովուրդը Սփիւռքում չի կարող արժանապատիւ ապրել, պահպանել ինքնութիւնը, ներդրում կատարել համաշխարհային քաղաքակրթութեան կեանքում, եթէ մենք մեր հայրենիքը կորցնենք: Ըստ այդմ, պէտք է պատրաստուենք երկարաժամկէտ պայքարի, միաւորուենք յստակ նպատակների շուրջ` համբերատար լինենք ռազմավարական, երկարատեւ պայքարի հարցում, որովհետեւ ճշմարտութիւնը, արդարութիւնը մեր կողմն է»:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան լուծարման հրամանագիրը չեղարկելու մասին անուղղակի ամրագրուեց Հոկտեմբերի 19ին` Արցախի նախագահի համաձայնագրով: Այնուամենայնիւ, նախագահ Շահրամանեանի կողմից այս մասին յստակ յայտարարութեան բացակայութիւնը շահարկումների առիթ է տուել: Կը խնդրէի պարզաբանում այս հարցի շուրջ:
ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Արցախի լուծարման շուրջ քննարկումները, մեկնաբանութիւնները վերջին շրջանում, եւ յատկապէս 2023 թուականի Սեպտեմբերից յետոյ, պարբերաբար շահարկուել են, եւ այժմ շատ լաւ առիթ է անդրադառնալու այդ հարցին, եւ յստակութիւն մտցնելու նաեւ ԱՄՆում բնակուող մեր հայրենակիցների համար: Նախ մի քանի յստակ կէտեր պէտք է նշեմ. Արցախի հանրապետութիւնը ստեղծուել է 1991թուականի Դեկտեմբերի 10ին կայացած համաժողովրդական հանրաքուէի արդիւնքով, որտեղ Արցախի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը «այո» է ասել, եւ ստեղծել է պետութիւն: Ըստ այդմ, Արցախի Հանրապետութիւնը չի կարող լուծարուել մէկ անձի, կամ որեւէ կառոյցի որոշմամբ` լինի դա Արցախի նախագահ, կամ մէկ այլ պաշտօնեայ` յատկապէս, որ բաւականին խօսուել է այն պայմանների մասին, թէ ինչ իրավիճակում հրապարակուեց այդ տեղեկատուութիւնը, որ նման հրամանագիր է ստորագրուել: Կայ նաեւ զուտ իրաւական-տեխնիկական (գիտարուեստական) խնդիր` հրամանագիրը չի հրապարակուել, իսկ Արցախի նորմատիւ (օրինաչափական) իրաւական ակտերի (կանոններու) մասին օրէնքի համաձայն, հրամանագիրը ուժի մէջ է մտնում հրապարակման դէպքում: Ըստ այդմ, համադրելով բոլոր առկայ փաստերը, կարող եմ ամենայն պատասխանատուութեամբ յայտարարել, որ Արցախի Հանրապետութիւնը լուծարուած չէ:
Կարդացեք նաև
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան նախագահի կողմից վերոնշեալ հրամանագիրը ստորագրուել է անհատական եւ զանգուածային բռնութեան եւ ոչնչացման սպառնալիքի ներքոյ` ե՛ւ նախագահի, ե՛ւ պետական մի շարք պաշտօնեաների, ե՛ւ ամբողջ ժողովրդի հանդէպ այլ հնարաւոր նախայարձակումների եւ յանցագործութիւնների սպառնալիքի պայմաններում: ԼՂՀ նախագահն էլ, 2023 թուականի Նոյեմբերի 1ի իր հարցազրոյցում հրապարակային խոստովանեց, որ հրամանագիրը ստորագրուել է բռնութեան սպառնալիքի ներքոյ: Իրաւաբանութեան ոլորտում բոլորը գիտեն, որ բռնութեան սպառնալիքի ներքոյ ստորագրուած ոչ մի փաստաթուղթ վաւեր չէ` չհաշուած միւս հանգամանքները, օրինակ, որ նախագահը չի կարող հանրապետութիւն լուծարել, որ դա նորմատիւ իրաւական ակտերի պայմանների չէր համապատասխանում, եւ այլն:
Այդ հրամանագիրն իրականում իրաւական արժէք չունէր: Դրա գլխաւոր բացասական արժէքը տեղեկատուական-քաղաքականն էր, եւ դրա համար ես ինքս էլ պնդել եմ, որ նախագահը պէտք է հրապարակային կերպով յայտարարի, որ այս հրամանագիրն այլեւս ուժի մէջ չէ, եւ նոր հրամանագրով չեղարկուի նախորդ հրամանագիրը: ԱՀ նախագահը յայտարարել է, որ իրաւական դաշտում չկայ նման փաստաթուղթ, որն Արցախի հանրապետութիւնը կարող է լուծարուած համարել, հետեւաբար, Յունուարի մէկից յետոյ էլ ԱՀ կառավարութիւնը շարունակում է գործել:
Սակայն, ըստ իս, էականն այն է, թէ Յունուարի մէկից յետոյ ԱՀ պետական մարմինները կգործե՞ն, թէ՞ ոչ: Եւ այդ գործունէութիւնը չպէտք է լինի միայն ոչ հրապարակային, նաեւ`որոշ չափով հրապարակային, որովհետեւ դա քաղաքական-տեղեկատուական նշանակութիւն ունի, եւ խորհրդանշական կերպով ասած, ԱՀ պետական մարմինները պարբերաբար պէտք է կենդանութեան նշաններ ցոյց տան:
Այժմ նրանք շատ զգուշաւոր են, եւ դատելով, թէ ինչ պայմաններում են գործում` ՀՀ եւ Ադրբեջանի իշխանութիւնների տարբեր ճնշումների ներքոյ, հասկանում եմ այդ տրամաբանութիւնը, բայց չեմ կիսում, եւ կը ցանկանայի, որ նրանք աւելի համարձակ ու վճռական լինեն: Նրանց գործունէութիւնն առաջնահերթօրէն պէտք է արտաքին քաղաքական հարթակում լինի` յստակ արձանագրութիւններ, յայտարարութիւններ, կոչեր, պահանջներ, նոյնիսկ` իրաւական գործընթացներ, որոնք Արցախի պետական մարմինները պէտք է իրականացնեն: Պատճառներից մէկն էլ, որ չեն կարողանում լիարժէք գործել` ԱՀի պաշտօնեաների գործունէութեան համար անհրաժեշտ միջոցների բացակայութիւնն է. ներկայում նրանք աշխատում են հասարակական հիմունքներով: Վաղ թէ ուշ այդ պաշտօնեաներն ընդհանրապէս կը հեռանան` գոյատեւման համար անհրաժեշտ աշխատանք գտնելու: Այս պարագայում, եթէ շատ արագ, յատկապէս Սփիւռքը չմոբիլիզացուի (զօրաշարժի չենթարկուի), եւ Արցախի առանցքային պետական մարմինների համար` առաջնահերթօրէն Մարդու իրաւունքների պաշտպանի, Արտաքին գործերի նախարարութեան, ԱԺ, նախագահի ինստիտուտի (հիմնարկութեան) համար գոնէ նուազագոյն կայուն ռեսուրս (միջոց) չապահովուի` այս մարմինները շուտով չեն կարող նոյնիսկ այն գործունէութիւնը ծաւալել, ինչը հիմա են ծաւալում: Հետեւաբար, այս ուղղութեամբ Սփիւռքն անելիք ունի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում: