Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես ազգ՝ տալի՞ս ենք Ալիևին մանդատ Հայաստանը ղեկավարելու: Սահմանադրական փոփոխությունները պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Փետրվար 13,2024 11:09

Նոր Սահմանադրությունն ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Իսկ Հայաստանն ունի՞ նոր Սահմանադրության կարիք:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ եթե այլ՝ հավասար պայմաններում լինեինք, պետք է քննարկեինք այլ հարց: «Կրիտիկական պահերին 2015 թ.-ին ընդունված Սահմանադրության մեխանիզմներն իրենց այնպես դրսևորեցի՞ն, որ դա չխաթարեր մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությունը: Պառլամենտարիզմը զարգացման ներկա փուլում գտնվող Հայաստանի համար կառավարման լավագո՞ւյն մոդելն էր: Եթե սկսենք սրա մասին զրուցել, կստացվի, որ բովանդակային քննարկման մեջ ենք մտնում իշխանությունների հետ, իսկ դա այն է, ինչ իրենք ուզում են ստանալ: Մեր Սահմանադրությունն ունի բազմաթիվ խնդիրներ, առավել ևս, որ 2015 թ.-ին այն փոփոխվել էր՝ ելնելով կոնկրետ մեկ անձի և քաղաքական թիմի քաղաքական այժմեական անհրաժեշտությունից: Տրամաբանական է, որ այդ Սահմանադրությունը բազմաթիվ խութեր ունի, տրամաբանական է, որ այն պետք է փոխվի: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունների նպատակը Սահմանադրության լավարկումը չէ կամ, ելնելով պատերազմական իրավիճակում կառավարման խնդիրներից, ցանկությունը՝ կառավարման մոդելը փոխելու և այլն: Կա կոնկրետ արտաքին պահանջ, իշխանություններն այդ արտաքին պահանջով են գնում այդ փոփոխությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ շատերը կարծիք են հայտնում, որ 2018 թ.-ից այս կողմ Հայաստանի կառավարման ղեկը Ալիևի կամ Էրդողանի ձեռքում է: «Համաձայն եմ, բայց եթե նախկինում դա չերևացող էր, ապա հիմա բաց տեքստով այս ամենը բոլորիս ասվում է, և շատ թափանցիկ գործընթաց է գնում: Սահմանադրական փոփոխությունները պետք է առաջին հերթին դիտարկել այս տրամաբանության մեջ: Որպես ազգ, որպես քաղաքական միավոր՝ տալի՞ս ենք Ալիևին մանդատ Հայաստանը ղեկավարելու: Ակնհայտ է, որ այս փոփոխությունների պատվիրատուն նա է: Նա ներթափանցում է ներհայաստանյան հարցերի մեջ: Սա ամենամեծ հարվածներից մեկն է, որ կարող է լինել մեր կամ ցանկացած այլ պետության ինքնիշխանությանը: 2018 թ.-ին ասում էին՝ ինքնիշխանությունն ենք վերականգնելու, հիմա սա՞ է ինքնիշխանությունը: Որքան էլ կան բովանդակային ու քաղաքական բազմաթիվ հարցեր, սահմանադրական փոփոխությունները պետք է հետևյալ տրամաբանության մեջ դիտարկենք. մենք՝ որպես բազմադարյա և բազմաչարչար պատմություն ունեցող ժողովուրդ, մեր երկրի կառավարման ղեկը տալի՞ս ենք Ալիևին, թե՞ ոչ: Մնացած խոսակցություններն ուղղակի քաղաքական շահարկումներ են լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

«Պնդում եմ, որ այս մարդը և իր թիմը շատ պարզ և գիտակցաբար լուծարում են Հայաստանի երրորդ հանրապետությունը, առանց չորրորդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների: Մեզ հետ ուզում են անել այն, ինչ 2023 թ.-ի սեպտեմբերի 28-ին արեցին Արցախի Հանրապետության հետ»,-ասում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829