Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու. «Փաստ»

Փետրվար 13,2024 10:50

Արդեն բոլորի համար, կարծես, պարզ է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը դրվել է Ադրբեջանի կողմից։ Բայց այդ պահանջի հետևում ոչ միայն Բաքուն է կանգնած, այլև Անկարան։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի։ Իսկ հայկական կողմն՝ ի դեմս ներկա իշխանությունների, սկսել է ընդառաջ գնալ Բաքվի ցանկություններին, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ պահանջներին։ Ու դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում է հիմնավորել, թե Հայաստանին նոր Մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։

Իրավիճակը գրոտեսկային է այն աստիճան, որ քպականներն էլ իրենց հերթին նշում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն: Հայելի բառն, ըստ երևույթին, ՔՊ-ում լավ չեն հասկանում: Բանն այն է, որ ինչպես զորքերի «հայելային հետքաշման» պարագայում, Սահմանադրություն փոխելու մասին ևս Ադրբեջանում խոսք անգամ չկա։ Ավելին, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաքվից ու Անկարայից մեր Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ այլ պահանջներ էլ են հնչում, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ ստանձնում են դրանց իրականացումը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանն ու կուսակիցները առիթը բաց չեն թողնում ամեն անգամ պնդելու, թե Արարատը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս է, Արարատի պատկերով մեր զինանշանը պետք է փոխվի և այլն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, բազմաթիվ կարևոր հարցեր թողած, հանկարծ որոշեցին «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Այս նախաձեռնության հետևում ևս կարելի է տեսնել հակառակորդի ականջները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուսուփուս համաձայնում է և քայլեր է կատարում թուրք-ադրբեջանական պահանջներն իրագործելու ուղղությամբ, ապա Բաքուն ու Անկարան անցնում են պահանջների հաջորդ փուլերին։ Ու արդեն իսկ Բաքվից նշվում է, թե բացի Հայաստանի Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից, իրենք խնդիր են տեսնում Հայաստանի օրենսդրության մեջ և նորմատիվ փաստաթղթերում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածը։ Ադրբեջանական կողմը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829