Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայլուրի» ավանդույթները շարունակվում են

Փետրվար 13,2024 10:00

Պետական գերատեսչություններն, անշուշտ, պետք է շփվեն հասարակության հետ՝ մամուլի հաղորդագրությունների եւ, ինչու չէ, տեսանյութերի միջոցով լուսաբանելով սեփական գործունեությունը: Այդ կառույցների համապատասխան բաժինները պարտավոր են նաեւ պատասխանել լրագրողների ու քաղաքացիների հարցերին, եւ այստեղ դրանք, ցավոք, զլանում են:

Բայց, որ պետական հիմնարկը քաղաքական քարոզչական նյութ պատրաստի, դա, անշուշտ, նոր խոսք է PR-ի ոլորտում: ԲԴԽ-ի (ձեւական առումով՝ Դատական դեպարտամենտի) «ռեպորտաժն» ինձ հիշեցրեց քոչարյանական «Հայլուրի» նյութերը, որտեղ նախագահականից հրահանգավորված մեղադրանքներ էին հնչում «նախկինների» (այն ժամանակ՝ ՀՀՇ-ականների) հասցեին: «Հայլուրը» նույնպես նման բան չպիտի աներ, որովհետեւ դա Հանրային եւ ոչ թե նախագահական հեռուստատեսության հաղորդում էր: Բայց «Հայլուրն» այնուամենայնիվ, լրատվամիջոց էր համարվում: Իսկ ԲԴԽ-ն կամ Դատական դեպարտամենտը լրատվամիջոց չեն:

Ինչ նպատակներ է հետապնդում տվյալ նյութը.

1/ Թարմացնել քաղաքացիների մի մասի ատելությունը «նախկինների» նկատմամբ՝ հիշեցնելով նրանց ենթադրյալ հանցագործությունների մասին: Թե չէ մարդիկ քիչ-քիչ սկսում են մոռանալ այդ բոլոր պատմությունները (որոնց մի մասն, իհարկե, իրական է)՝ այն ողբերգության ֆոնին, որի մեղավորը Փաշինյանն է ու նրա թիմը:

2/ Հրահանգ տալ եւ սպառնալ դատավորներին՝ «շուտ արեք, փակեք այդ թալանչիներին, թե չէ ձեր դեմ վարույթ ենք սկսելու»: Մենք գիտենք, որ սովորաբար այդ վարույթները հարուցվում են այն դատավորների դեմ, որոնք գործադիր իշխանության «քիմքին չեն»:

3/ Մի քիչ էլ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի PR-ն է՝ «տեսեք, ԲԴԽ նախկին նախագահները եւ հատկապես Ռուբեն Վարդազարյանը ձգձգում էին, գուցե՝ սաբոտաժի էին ենթարկում այդ գործերը, եւ ահա եկավ ներկայիս նախագահը, որն արագ կկազմակերպի ժողովրդի արդար վրեժխնդրությունը»:

…Երբ պետք է լինում «ապացուցել», որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իշխանությունները գլուխ են գովում, որ ընտրություններ «չեն կեղծում»: Բայց Ալիեւն ու Պուտինը նույնպես այդ իմաստով «չեն կեղծում»: Իսկ հնարավո՞ր է արդյոք ժողովրդավարություն, երբ դատական համակարգը քաղաքականացված է, եւ չկա իշխանության թեւերի բաժանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829