Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսակերպի 5 կարևոր գործոնները, որոնք կարող են նպաստել դեմենցիայի կանխարգելմանը

Փետրվար 13,2024 09:30

JAMA Neurology ամսագրում փետրվարի 5-ին հրապարակված հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մարդկանց գլխուղեղը մահից հետո՝ առանձնացնելով այն փոփոխությունները, որոնք կապված են դեմենցիայի, Ալցհայմերի հիվանդության, բետա-ամիլոիդային ծանրաբեռնվածության, արյան շրջանառության խանգարումների հետ։

Հետազոտության արդյունքում կարևորվել են կենսակերպի այն 5 կարևոր գործոնները, որոնք տարիքի հետ մտավոր գործառույթների պահպանման ավելի լավ որակ են ապահովում։
Մասնավորապես, հետազոտությունը ցույց է տվել, որ կենսակերպի հետևյալ 5 գործոններն են մարդուն առավել կայուն դարձնում գլխուղեղի փոփոխությունների նկատմամբ, դրանք են՝

  1. չծխելը,
  2. շաբաթական առնվազն 150 ր․ ֆիզիկական ակտիվություն պահպանելը,
  3. ոգելից խմիչքի սահմանափակ օգտագործումը,
  4. միջերկրածովյան սննդակարգը,
  5. տարեց հասակում ճանաչողական գործունեություն իրականացնելը, օրինակ՝ կարդալը, գրելը, շախմատ խաղալը, նոր բան սովորելը և այլն։

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, դեմենցիայի ավելի մանրամասն ուսումնասիրությունը հրատապ խնդիր է, քանի որ, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում դեմենցիայից տառապում է ավելի քան 55 միլիոն մարդ, ընդ որում՝ տարեկան արձանագրվում է մոտ 10 միլիոն նոր դեպք։

Ներկայացված 5 կարևոր գործոնների կարևորումը կարող է նշանակալի դեր ունենալ ոչ միայն դեմենցիայի, Ալցհայմերի հիվանդության, այլ սիրտ-անոթային և այլ հիվանդությունների կանխարգելման հարցում։

Դեմենցիայի ընդհանուր նախանշանները

  • Մոռացկոտություն (կարճաժամկետ հիշողության կորուստ),
  • ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ,
  • մոտիվացիայի, նախաձեռնողականության բացակայություն,
  • տրամաբանության կամ վերացական մտածողության հետ կապված դժվարություններ,
  • ապակողմնորոշվածություն և/կամ տարածական գիտակցության նվազում,
  • անհրաժեշտ բառերը գտնելու հետ կապված դժվարություններ,
  • տրամադրության փոփոխություններ (դեպրեսիա, անհանգստություն),
  • վարքագծային խանգարումներ և այլն։

Դեմենցիայի ախտորոշման միջոցները

  • բժշկի կողմից հիվանդության պատմության և ախտանիշների գնահատում,
  • ֆիզիկական բուժզննում,
  • կոգնիտիվ ու նյարդաբանական սքրինինգ,
  • դեպրեսիայի գնահատում,
  • լաբորատոր անալիզներ (արյան),
  • գլխուղեղի պատկերային հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ),
  • նեյրոհոգեբանական թեստավորում և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829