Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե դու Ռուսաստանին հիմիկվանից ասում ես, որ քո պարտավորությունները չես կատարելու, ակնկալիքներդ ո՞րն են, որ ինքը պետք է կատարի՞»

Փետրվար 12,2024 22:44

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ բրիտանական The Telegraph-ին տված  հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած մի քանի հայտարարություններին, մասնավորապես, որ եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները չի կկատարում, դա նշանակում է, որ նա իր հարեւան ցանկացած պետության վրա կհարձակվի: Նշելով, որ այդ պարտավորությունը հոկտեմբերի 6-ին ստանձնած պարտավորությունն է, որը միջազգային պայմանագիր չէ, չի վավերացվել ու պետության պարտավորություն չէ, Էդգար Ղազարյանն ասաց. «Հիմա բացում ենք քարտեզը եւ նայում Ադրբեջանին սահմանակից պետություններին: Թուրքիա: Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանը կարող է հարձակվել նաեւ Թուրքիայի վրա:  Այսօր Թուրքիայում երեւի անվտանգության արտահերթ նիստ գումարեն, որովհետեւ Ադրբեջանի հարձակման վտանգ կա:

Մյուս սահմանակից երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանը կհարձակվի Իրանի վրա: Հաջորդը՝ Վրաստան, որի վրա նույնպես Ադրբեջանը կարող է հարձակվել: Եվ վերջապես, Ռուսաստանի Դաշնություն, որի վրա ըստ Փաշինյանի Ադրբեջանը կարող է հարձակվել: Սրանք միայն ցամաքային սահմաններն են: Բայց քանի որ Կասպից ծովով Ադրբեջանը նաեւ միջինասիական պետություններին է սահմանակից, մեկ էլ տեսար, նավատորմը վերցրեց ու գնաց: Սա ասողը պետության ղեկավար է: Հիմա բրիտանական The Telegraph թերթը մեծ խնդիր ունի՝ իր ընթերցողների մեջ գտնել մեկին, որը սրան կհավատա: Վստահ եմ, այդ որոնումները ոչ մի դրական արդյունք չեն տալու, որովհետեւ ոչ մի բանական մարդ չի ասի, որ սա իրականություն կլինի: Հայ հասարակության մեջ էլ, վստահ եմ, այդպիսի մեկը չի գտնվի, որը կհավատա, թե Ադրբեջանը կարող է հարձակվել Թուրքիայի կամ Ռուսաստանի վրա: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը իր կարծիքի էքսկլյուզիվ սպառողն է՝ միակ մարդը, որը ասվածին հավատում է:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասում է, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերով: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագիր: Ու այնտեղ գրված չի՝ բացառությամբ Ուկրաինայի: Ըստ այդ պայմանագրի, եթե այսօր Ռուսաստանը ռազմական օգնության խնդրանքով դիմեր Հայաստանին, դու պարտավոր ես օգնել: Եվ եթե դու հիմիկվանից ասում ես, որ քո պարտավորությունները չես կատարելու, ակնկալիքներդ ո՞րն են, որ ինքը պետք է կատարի՞: Եթե դաշնակից ես, ուրեմն բոլոր իրավիճակներում ես դաշնակից»,-ասաց պարոն Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829