2023 թվականի գարնանը Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած Նարինե Ասատրյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին:
«20.000 հայի սովի մատնեց, 5000 զոհ տվեցինք, հազարավոր վիրավորներ, օրական տարածքներ է տալիս, հաստատ ընդհանրապես չեմ մտածում՝ դատարանն ինչ վճիռ է կայացնելու: Ես ասել եմ՝ ինքը թշնամի է, մինչեւ վերջ էլ իմ ասածն ասելու եմ, մնացածը իրենք գիտեն» ,- Aravot.am-ին ասաց Նարինե Ասատրյանը:
Նա ասաց, որ չի փոշմանել իր արարքի համար ու եթե նորից կրկնվեր ժամանակը, ինքն էլի նույն կերպ էր արտահայտելու իր դժգոհությունը. «Միանշանակ նույն ձեւ էի վարվելու, ինչ է փոխվել որ, ավելի վատ, ամեն օր դեպի ավելի վատն է փոխվում»:
Ինչն էր հիմնական պատճառն իր վրդովմունքի, մեկ տարի անց Նարինե Ասատրյանը խոստովանում է, որ բացի Արցախը հանձնելուց, իրեն վրդովվեցրել էր ադրբեջանցու նամակը facebook սոցիալական կայքով ուղարկված. «Խոշտանգել էին մեր զինվորներին ու այդ նկարներն ուղարկել ինձ, գրել էին, որ Փաշինյանն է բռնաբարել ձեզ մեր ուժերով, չեմ կարող արտաբերել այն բառերը, որ իրենք գրել էին, թե ինչ են մեր զինվորներին արել: Դա ինձ համար ահավոր ցավ էր, ես որ տեսել եմ, թե ինչպես էին մեր զինվորներին մորթում, դա երբեք չեմ կարող մոռանալ, սա էր նաեւ իմ վրդովմունքի պատճառը, որ անձրեւանոցս նետեցի»:
Կարդացեք նաև
Ադրբեջանցին Նարինե Ասատրյանին գտել էր իր թողած մեկնաբանության հետքերով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ Բերձորից տեղահանված Նարինե Ասատրյանը Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց էր նետել: Այդ դեպքով նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ