Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը վերջերս օգնական էր նշանակել Գյումրու թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Գևորգյանին, որն էլ չէր վրիպել նախևառաջ ՔՊ-ականների ուշադրությունից։
Նրանցից մեկը գրառում էր կատարել՝ քննադատելով մարզպետին, թե ՀՀԿ-ական Հակոբ Գևորգյանին նշանակել է օգնական, ավելին՝ նրա կնոջն էլ նշանակել է ամուսնու նախկին պաշտոնում՝թիվ 23 դպրոցի տնօրեն։
Aravot.am-ն այս թեմային անդրադարձել էր, սակայն այդ պահին մեզ չէր հաջողվել պարզաբանում ստանալ երկրորդ կողմից՝ թե՛ Մուշեղ Մուրադյանից և թե՛ Հակոբ Գևորգյանից:
Շիրակի մարզպետի` տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին այս նշանակմամբ՝ հիշեցնելով, որ, ըստ ՔՊ-ականներից մեկի քննադատության, Հակոբ Գևորգյանը եղել է ՀՀԿ-ական, նաև խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված նրա կնոջը թիվ 23 դպրոցի տնօրեն նշանակելը։
Կարդացեք նաև
Մուշեղ Մուրադյանն ասաց․ «2018 թվականից սկսած՝ Հակոբ Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին է, ընտրություններում եղել է ակտիվ մասնակից, եղել է շտաբներում, ցանկացած մի հանձնարարություն, որ եղել է շտաբից՝ ղեկավար մասից, իր կողմից կատարվել է պատշաճ, ինքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Այդ խոսակցությունները չգիտեմ՝ ում են ձեռնտու, բայց իր աշխատանքից ես մշտապես գոհ եմ եղել, ինքը կազմակերպիչ, գիտակ և պարկեշտ անձնավորություն է, նաև քաղաքական թիմի անդամ է»։
Անդրադառնալով այն գրառումներին, թե նա ՀՀԿ-ական է եղել, Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Գրելը մի բան է, իրականությունն՝ այլ է։ Եթե իրականությունն ենք ասում, ես երբևէ չեմ իմացել կամ որևիցե մի մարդ չի գիտակցել, որ Հակոբ Գևորգյանը կուսակցական է»։
Հարցին, թե կնոջն ամուսնու նախկին պաշտոնում նշանակելը ինչո՞վ կբացատրի, դա ևս չի վրիպել մարզպետինը քննադատող ՔՊ-ականի կողմից, Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Կոնկրետ ո՞ր ՔՊ-ականների աչքից, ես ՔՊ-ական եմ և մարզպետ, մրցույթ է հայտարարված եղել, մրցույթով անցած, նշանակված պաշտոն է։ Ինչի՞ն են դեմ, ո՞վ է դեմ, ի՞նչը չի գոհացրել»։
Դիտարկմանը՝թե այս դեպքում պիտի ենթադրենք, որ ՔՊ-ն թևերի է բաժանված․ մեկը մյուսին վերահսկում է, Մուշեղ Մուրադյանը փորձեց հավաստիացնել, որ չկա նման բան, ՔՊ-ն երբեք թևերի բաժանված չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ