ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով բրիտանական The Telegraph-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ նկատեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ արդեն որերորդ անգամ նրա հարցազրույցները հեռարձակվում են երեկոյան շատ ուշ ժամերի, որ լրատվամիջոցները ուշադրություն դարձնելու հնարավորություն չունենան: Եվ հետո հատվածաբար մատուցվում են հանրությանն՝ ըստ անհրաժեշտ թեզերը շրջանառելու: Իսկ խոսելով այդ հարցազրույցի նպատակների մասին՝ տիկին Աղաջանյանն ասաց. «Տվյալ պարագայում մենք գործ ունենք մի քանի նպատակի հետ:
Առաջին: Արեւմտյան հարթակին ներկայանալ որպես տարածաշրջանային կարգավորում ունեցող խնդիրներում կառուցողական դիրքորոշում ունեցող բանակցող, որը վերնագրել են խաղաղության օրակարգ:
Երկրորդ: Փաստացիորեն ինչ-որ մի տեղ արդարանալ, որ այսօրվա տապալված բանակցությունների մեղավորը հայկական կողմը չէ՝ բացահայտելով այն հանձնառությունները, որ ադրբեջանական կողմը ստանձնել է եւ խախտում է:
Երրորդ, որը, կարծում եմ, ամենակարեւորներից մեկն է: Մեր հանրությանը, նաեւ մեր դաշնակցային հարաբերություններ ունեցող պետությանը նախապատրաստել՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանի՝ դաշնակցային հարաբերություններից դուրս գալուն: Եվ, այսպես կոչված, չեզոքության ներքո փաստացիորեն ՆԱՏՕ-ի հովանու տակ զետեղվելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Եվ պատահական չէ, որ դա ներկայացվում է այսօր, երբ վերջին երկու շաբաթում մենք տեսնում ենք սահմանադրության թեմայով տխրահռչակ արծարծումը, որով գործող իշխանության ներկայացուցիչները հաստատեցին Անկախության Հռչակագրից, Հայոց Ցեղասպանության եւ պատմական արդարության հետապնդման խնդրից հրաժարումը: Շատերը, այդ թվում եւ ես, զգուշացնում էինք, որ երկիրը որպես չեզոք ներկայացնելը հնարավորություն կտա դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այսինքն, այդ չեզոքության անվան ներքո խնդրել ռուսական բազան դուրս բերել երկրից եւ, այսպես կոչված, այդ «բաղձալի» խաղաղությունը հաստատել, ինչը մեր տարածաշրջանում կնշանակի թուրքական ազդեցության տակ մտնելը:
Արեւմուտքը այստեղ հատկապես ռազմական ներկայություն ապահովելու հնարավորություն չունի: Եվ մենք տեսանք ԵՄ դիտորդների անվան ներքո նրանց ներկայության ապահովումը մեր սահմաններին, որը փորձ է արվում ներկայացնել ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական: Բայց չմոռանանք, որ ԵՄ դիտորդների մանդատը այնպիսին է, որ կարող է մեկ ժամվա մեջ վերածվել խաղաղապահ ուժերի: ԵՄ-ն, բնականաբար, ինքն իր մեջ ռազմական տարր չունի: Ռազմական տարրը ապահովում է ՆԱՏՕ-ն եւ այստեղ ուղիղ գծով երկուսը միմյանց հետ կապվում են:
Իսկ տվյալ պարագայում բացի Հայաստանի համաձայնությունից նաեւ անհրաժեշտ է որոշակի ընկալում թե իրանական կողմից, թե ռուսական կողմից: Այդ ընկալումը ստանալու համար Հայաստանի իշխանությունները որպես զարտուղի ճանապարհ ընտրել են երկրի չեզոքության հռչակումը: Մեզ համար գաղտնիք չէ, որ Իրանը չի կարող իր հյուսիսային սահմաններին հանդուրժել ոչ արեւմտյան, ոչ թուրքական ներկայությունը, ինչը կնշանակի, որ ինքն իրեն շրջափակելու գործընթացին համաձայն է: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, որը տարածաշրջանից դուրս գալու դեպքում բացում է դռները դեպի Հյուսիսային Կովկաս ու Միջին Ասիա: Երկուսի պարագայում էլ նրա սահմանները խոցելի են դառնում»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ