«Դուք տեղյա՞կ եք, որ Երեւանի քաղաքապետարանը տարածք է տրամադրել Նոր Նորքում եւ մատակարարող ընկերությունը, որը պիտի տրանսպորտին վառելիքով սպասարկի, 10 տարի 325 դրամով պիտի գազը վաճառի, այն դեպքում, երբ շուկայում գազը արժի 270-300 դրամ»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ հարցադրում արեց բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը:
Երեւանի ավագանու անդամ, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ գործ ունենք քաղաքացու տված քվեի խճանկարը փոխելու հետ եւ հետագա կոռուպցիոն դեպքերը բխելու են հենց դրանից՝ «ռեպրեսիվ մեքենան միացնել եւ ավագանու ձայների հարաբերակցությունը փոխել ներսում»:
Նա դիմեց միջազգային կազմակերպություններին՝ ասելով, որ նրանց լռությունը խրախուսում է այսօրվա իշխանություններին շարունակել նույն ոճով. «Դեմոկրատիայի ծափերի ներքո երկիրն ունենում է լրջագույն անվտանգային պրոբլեմներ»:
Վաղը ավագանու նիստ է լինելու, Մանուկ Սուքիասյանը հրապարակեց օրակարգը. «Ընդգրկված է 16 հարց, 11 հարցը չզեկուցվող են: 7-ը հողերի նշանակությունը փոխելու մասին է: Սա է կոռուպցիան: Սպարտակ մարզադաշտը քանդեն, տեղը շենք սարքեն, հողերի նշանակություն փոխելը սա է»: Ըստ նրա, բացակայությունների հիմքով մանդատից զրկելը պետք է լինի անթույլատրելի. «Մեր ընդդիմադիր բոյկոտի արդյունքում է, որ իշխանությունների նյարդերը տեղի տվեցին, գնաց ընդդիմադիր ֆրակցիան պայթեցնելու ճանապարհով»:
Կարդացեք նաև
Խոսելով կոռուպցիոն գործարքներից՝ Սուքիասյանն ասաց. «Դասական կոռուպցիայի օրինակ. Երբ նայում ես 2023-ի ֆինանսական ելքերը, 30 մլն դրամ փոխանցվել է «Շարմ հոլդինգին»՝ մեկ անձից կատարվող գնում: Պայմանագրում ասվում է՝ մինչեւ 30 մլն դրամ վճարել մինչեւ 10 հոլովակի համար: Նկարահանվել է 5-ը, բայց այդ 30-նն էլ տվել են ու նկարել են սեպտեմբերի 1-ի, Ամանորի վերաբերյալ ինչ-որ հոլովակներ, որոնք Հյուսիսային պողոտայում էկրանների վրա միացրել են: Ուզում ես ասել՝ էդ 30 մլն-ը ձեր տնի՞ց եք բերել, էդ ո՞ւմ եք լավություն անում: Մսխո՞ւմ եք, թե՞ ատկատ կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ