«Ժողովուրդ, մենք այնքան փող ունենք, որ Կենտրոն վարչական շրջանում Չարենց փողոցի մայթը կարող ենք 1,5 տարվա ընթացքում 3 անգամ բարեկարգե՞լ: 3 անգամ քանդել են, սարքել են, վճարել են: Ինչի՞ համար: Այդ գումարով ընդհանուր կարելի էր այդ մայթը ոսկուց սարքել: Եթե այդտեղ մարդիկ կոռուպցիոն տարր չեն տեսնում, անկեղծ, ես տեսնում եմ: Մայթեր կան, որ տարիներով չեն բարեկարգվել, բայց տվյալ մայթը 3 անգամ արդեն բարեկարգվել է»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը:
«Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ Երեւանի հիմնական խնդիրներն առաջանում են վատ կառավարման եւ կոռուպցիոն ռիսկեր կրող գործողությունների հետեւանքով. «Այստեղ հետաքրքրությունների կոնֆլիկտի եւ շահերի բախման հարց կա: Պարոն Չախոյանը ներկայացրեց, որ այն պատասխանատուն, որը Երեւան քաղաքի շինբարեկարգման վարչության պետն է, տվյալ դեպքում պարզվում է՝ մարդը ինչ-որ բարեկամական կապերով կապված է ինչ-որ տենդերներ շահողների հետ: Նույն խոսակցությունները մամուլից պարբերաբար լսում ենք քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց բարեկամների կամ մերձավորների հետ կապված: Ո՞նց է դա կոչվում, երբ մենք տեսնում ենք, օրինակ, քաղաքապետի մերձավորները կաֆեներում հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ: Դա շահերի բախում է, հետաքրքրությունների կոնֆլիկտ է, դա ի՞նչ է, կոռուպցիոն ռի՞սկ է, թե՞ դա արդեն կոռուպցիա է: Ես հույս ունեմ, մի օր այդ ամբողջը կբացահայտվի»:
Կարդացեք նաև
Վիկտոր Մնացականյանն ասաց, որ երբ ընդդիմադիրները բացահայտում են, իրենց դեմ ինչ-որ պատմություններ են սարքում. «Աղբահանության հիմնարկի պետը եղավ Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը: Հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ ինչի են թաղապետին ազատել աշխատանքից, հետո նշանակեցին խորհրդական, հետո ինչի՞ համար իրեն էլի հետ բերեցին աղբահանության, արդյոք ինքը փորձ ունե՞ր»:
Վիկտոր Մնացականյանը նաեւ ասաց, որ կա 5 հոգուց բաղկացած քաղաքաշինական խորհուրդ ու խնդրեց ներկայացնել, թե այդ 5 հոգին ովքե՞ր են, ի՞նչ բարեկամական կամ այլ կապերի մեջ են քաղաքապետի, քաղաքական թիմի հետ:
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Վիկտոր Մնացականյանին ու հորդորել նշել կոնկրետ անուններ, թե ո՞ւմ է հետ են Ավինյանն ու նրա մերձավորները հանդիպել. «Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անձանց անուններ և հանդիպման վայրեր: Վստահեցնում եմ, որ տվյալ տեղեկատվությունը փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ ձեր տրամադրած տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ