2024 թ. փետրվարի 2-18-ը Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը:
Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), գորգագործության վարպետներ Սուզաննա Ավետիսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք) և Անի Մարտիրոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Զառ համայնք):
Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Կարդացեք նաև
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոնին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում:
Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը: Միտված է նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ