«Եղել են կոռուպցիոն բնույթի երկու խոշոր բացահայտումներ, որոնք ուղիղ կապված են ՔՊ-ի հետ, բայց առ այսօր որեւէ իրավական գործընթաց տեղի չի ունեցել»,- այսօր «Երեւանը եւ կոռուպցիան» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ առաջին բացահայտումը «TM audit» ՓԲԸ-ի կողմից եղավ, որը նշեց, որ կան 525 նվիրատուներ, որոնց անուններն անհայտ են, գաղտնի են. «Նույն ՔՊ-ի ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, պահանջում էին, որ «Երեւան» հիմնադրամին 100 հազար դրամ եւ ավելի բոլոր նվիրաբերողները լինեն բաց ու թափանցիկ: Երկրորդ խոշորագույն կոռուպցիոն պայթյունը տեղի ունեցավ 2023-ի հուլիսի 30-ի դրամահավաքից հետո, երբ պարզվեց, որ ՔՊ-ի կողմից հավաքվել է 1 մլն 264 հազար դոլար ու այդ նվիրատվությունները կատարվել են խիստ կասկածելի պայմաններում: Ընդ որում, կան քաղաքացիներ, որոնք իրենք էլ տեղյակ չեն, որ նվիրատվություն են արել ՔՊ-ին: Կան գործարարներ, որոնք նվիրատվություն են արել, օրինակ, «Երեմյան պրոդաքշընը» ու նրան հետո մենք տեսնում ենք պետության հոգածության պայմաններում ինչպես է Տաշիրում կառուցում խելացի անասնագոմ, այսինքն՝ մի կողմից նվիրատվություն է անում, մի կողմից պետությունից ստանում հստակ աջակցություն: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ՞, կոռուպցիան հենց սա է»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ