«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, դուք Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեցիք հարցը, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի կառավարությունը՝ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար։ Արդարադատության նախարարի պատասխանից կարծես պարզ դարձավ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հայցեր չեն լինելու, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Սրանով ապացուցվում են մեր այն պնդումները, որ իշխանություններն այլ նպատակ ունեն՝ վավերացնելով Հռոմի ստատուտը, եւ դա բացարձակապես որեւէ աղերս չունի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հետ։ Հարց ուղղեցի ես արդարադատության նախարարին, ասացի՝ 7 օր է, ինչ ստատուտն ուժի մեջ է մտել, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել եւ արդյոք պատրաստվո՞ւմ եք անձամբ Ալիեւի դեմ հայց ներկայացնել, բայց նախարարը խուսափողական պատասխան տվեց։
Նաեւ ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իրենց խմբակցության քարտուղարը նույնպես ամեն ինչի մասին խոսեց, բայց ուղղակի չպատասխանեց այն հարցին, թե արդյոք իրենք պատրաստվո՞ւմ են հանցագործ Ալիեւին պատասխանատվության ենթարկել։ Ակնհայտ է, որ մի իշխանություն, որը հլու-հնազանդ կատարում է Ալիեւի պահանջները, փաստացի դարձել է Ալիեւի խամաճիկը, երբեւիցե չի հանդգնի Ալիեւի դեմ հայց ներկայացնել։ Ուղղակի այդ պահին պետք էր մի սուտ ասել, որպեսզի վավերացնեին Հռոմի ստատուտը։
Կարդացեք նաև
Այս մարդիկ վախենում են խոսել էթնիկ զտման մասին, վախենում են մեղադրանք ներկայացնել Ադրբեջանին եւ վախենում են ընդհանրապես արտասանել Արցախ բառը։ Դուք իրենցից որեւէ կամքի դրսեւորում դեռ սպասո՞ւմ եք․ ոչ։ Այս իշխանությունները Ադրբեջանի մարիոնետային իշխանություններ են։ Ադրբեջանն այնքան է հանդգնել, որ Հայաստանին պարտադրում է փոխել իր Սահմանադրությունը։ Մի քանի րոպեի տարբերությամբ Փաշինյանն ու Ալիեւը նույն բանն են ասում։
Ադրբեջանն այս իշխանությունների օրոք այնքան է լկտիացել, որ ինքն է որոշում՝ Հայաստանը որտեղ ինչ գործարան պետք է ունենա։ Մեր թշնամիները չուզեցին, որ Հայաստանը գործարան կառուցի Երասխում, գնդակոծեցին, եւ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ, ծեծ կերած կատվի նման պոչը քաշեցին եւ հիմա մտածում են, թե գործարանը որտեղ են կառուցելու։
-Դուք ծանոթացաք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծին։ Հաշվի դրա բովանդակությունը, նաեւ տեղի ունեցող զարգացումները, ադրբեջանական կողմի հայտարարությունները, ինչ կասե՞ք, սա խաղաղության գործընթա՞ց է, թե՞ Հայաստանի կապիտուլյացիա։
-Առաջին անգամ, երբ մենք ծանոթացանք այդ փաստաթղթի հետ, հայտարարեցինք, որ այն երկիրը, որն այս փաստաթուղթը ներկայացրել է, խաղաղության չի գնում, սա խաղաղության ձգտող պետության ներկայացրած փաստաթուղթ չէ։
Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ ինքը թույլ չի տա Հայաստանին՝ մեջքն ուղղել։ Հիշո՞ւմ եք Ալիեւի հայտարարությունները՝ եթե մենք տեսնենք, որ դուք պատրաստվում եք ձեր բանակը վերականգնել՝ անկախ նրանից՝ սահմանին, թե խորը թիկունքում, կհարվածենք։
Ալիեւն իր երդմնակալությունից հետո առաջին այցը կատարեց ռազմական բազա, որտեղ ծանոթացել է Թուրքիայից ներմուծված նոր հարվածային ԱԹՍ-ների հետ։ Եթե դու թշնամական միջավայրում խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ ու ունակ լինես՝ պաշտպանել քո պետությունը։ Պետությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, ճկուն դիվանագիտություն եւ կայուն տնտեսություն։
-Բայց այդ աշխատանքն անելու փոխարեն իշխանությունները հայտարարում են, որ ռեսուրս չունենք, Նիկոլ Փաշինյանն էլ կարմիր հագուստը հանելու մասին խոսեց, այսինքն՝ հանձնվելու կո՞չ է անում հանրությանը։
-Հիմա կարմիր շորերն են հանում, հետո կարո՞ղ է լիովին հանվել, ասել՝ հանվել ենք, ինչ ուզում եք, արեք։
Այդ ռեսուրսները կային, Հայաստանը կարողանում էր պաշտպանել իր տարածքը, պատվով էր կատարում Արցախի Հանրապետության երաշխավորի իր հանձնառությունը։ Այդ ռեսուրսները կորան իրենց օրոք, միջավայրը դարձավ ագրեսիվ իրենց օրոք։ Սրանց օրոք մենք որեւէ ռազմավարական դաշնակից չունենք, սրանց օրոք է մեր տնտեսությունը բացառապես հենվում դեպի Ռուսաստան արտահանումների եւ ներմուծումների վրա։ Այսինքն՝ իրենք ամբողջը կործանեցին, հիմա ասում են՝ ռեսուրս չունենք։
Եվ ինձ մոտ արդեն հարց է առաջանում՝ միգուցե դիտավորյա՞լ գնացին կործանման, որ հիմա ասեն՝ ռեսուրս չունենք, պետք է հանձնվենք։
Կային այդ ռեսուրսները, 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ նույն Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ ռազմական բալանսն Ադրբեջանի օգտին չէ, Ադրբեջանի ռազմական գերակայության միֆը հօդս է ցնդել։ Այն ժամանա՞կ էին խաբում, թե՞ հիմա են խաբում։
-Մյուս կողմից, այնպես չէ, որ այսօր հայ ժողովուրդը պայքարելու ռեսուրս չունի, այդպես չէ՞։
-Իհարկե, ռեսուրս միշտ կա, այդ ռեսուրսը մոբիլիզացնող ու կառավարող է պետք։ Նույն հայ ժողովուրդն էր, այսինքն՝ պետք է կարողանալ ժողովրդին մոբիլիզացնել։ Եթե անընդհատ վեր կենաս ու ասես՝ մենք թույլ ենք, մենք թույլ ենք, մարդը կդադարի դիմադրել։
Չինացի ռազմական մեծ տեսաբան Սուն Ցզին ասում էր՝ թշնամուդ հաղթելու համար ոգին կոտրիր, բանակը մի ոչնչացրու։ Հիմա Հայաստանի իշխանությունները թշնամաբար կոտրում են հայ ժողովրդի ոգին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ