2023-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի ներկայացված դիմումների թիվն աճել է։
ՄԻԵԴ վիճակագրության վերլուծության համաձայն՝ Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացված նոր դիմումների թիվը 2023-ին կազմել է 147։ 2022-ին այդ թիվը կազմել է 111 և 2021-ին՝ 134։
Հիշեցնենք՝ մամուլի ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Սիոֆրա Օ’Լիրին ներկայացրեց նաև ՄԻԵԴ 2023-ի տարեկան զեկույցի որոշ վիճակագրություն։
Բնակչության թվի հետ համեմատած՝ 2023 թվականին ՄԻԵԴ-ին ներկայացված ամենաքիչ դիմումների թվով երկրներն են Միացյալ Թագավորությունը (0.03 դիմում 10,000 բնակչի հաշվով), Իսլանդիան (0.04), Գերմանիան (0.05), Իսպանիան (0.09), Ֆրանսիան (0.11)։ Հայաստանի դեպքում այս ցուցանիշը կազմել է 0,49 նոր դիմում 10000 բնակչի հաշվով՝ համեմատելի եվրոպական միջին 0․41-ի դեպքում։
Կարդացեք նաև
2023-ին 438 դիմումի հետ կապված դատարանը դիմել է ՀՀ կառավարությանը, որը 2022-ի համեմատ աճել է։ 2022-ին այդ թիվը եղել է 48, 2021-ին՝ 36։
2023-ին Եվրոպական դատարանը ՀՀ-ի վերաբերյալ 31 դիմումով կայացրել է վճիռ։ 2022-ի համեմատ այս թիվը նույնն է մնացել։ 510 դիմում վարույթ չի ընդունվել դատարանի կողմից։ 2022-ին այս թիվը կազմել է 177, 2021-ին՝ 194։
ՀՀ-ի հետ կապված գործերով 2023-ին Եվրոպական դատարանը կայացրել է 25 որոշում։ Դրանցից 23-ի դեպքում գրանցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։
2023-ի տարեվերջի դրությամբ՝ ՀՀ-ին վերաբերող 836 դիմում սպասում է վճռի, 2022-ին այդ թիվը կազմում էր 1232, 2021-ին՝ 1326։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ