Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե առաջ ասում էինք՝ վտանգը դրսում է, այսօր այն երեխաների հեռախոսների մեջ է». հոգեբան

Փետրվար 12,2024 14:37

«Առողջ ապրելակերպի» խմբակը նոր չէ, այն պարզապես եղել է պետական պարտադիր առարկայացանկում՝ ֆիզկուլտուրա առարկայի դասաժամի հաշվին եւ դասավանդվել է 8-11-րդ դասարաններում: Հիմա էլ դասավանդվում է նույն դասարաններում՝ հին չափորոշչի համաձայն: Այսինքն՝ հին չափորոշչով այն պետական պարտադիր դասընթաց է, եւ վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաները գրեթե նույնությամբ ընդգրկված են նաեւ այդ ծրագրում: Դրանք դասավանդվում են 2007 թվականից»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը՝ խոսելով «Առողջ ապրելակերպի» պարտադիր խմբակների ու դրանցից ակնկալվող արդյունքների մասին:

Լուսինե Ալեքսանյան

ԿԶՆԱԿ-ի բաժնի պետը պարզաբանեց, թե ինչու է առարկան դարձել «Առողջ ապրելակերպի» խմբակ. «Նոր չափորոշիչների կազմման ընթացքում անհրաժեշտություն կար առողջ ապրելակերպի գաղափարները, վերջնարդյունքները սկսել 5-րդ դասարանից: Մենք տարրական դպրոցում առողջ ապրելակերպին միտված վերջնարդյունքներ ունեինք, որոնք արդեն իսկ արծարծվում էին՝ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայում, ու մի տեսակ անջրպետ կար, որովհետեւ 8-րդ դասարանից էլ սկսում էին անցնել ֆիզկուլտուրա առարկայի դասաժամին:

Այնպես էր ստացվում, որ դեռահասության բարդ շրջանում կարծես առհասարակ առողջ ապրելակերպին միտված ոչ մի վերջնարդյունք չէր իրականացվում: Իսկ այդ տարիքը բավական ռիսկային է՝ եւ ծխախոտի հետ կապված, եւ առողջ սնվելու ու ճիշտ հանգստանալու, եւ վարքագծային խնդիրների… Ու քանի որ ֆիզկուլտուրա առարկայի շրջանակից կարիք կար դուրս գալու, հնարավոր տարբերակը եղավ, որ «Առողջ ապրելակերպի» խմբակը 5-11-րդ դասարաններում դասավանդվի»:

Նրա ձեւակերպմամբ, իրենք մշակել են «Առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցչի կարողունակությունների ցանկ, քանի որ ոչ բոլորը կարող են դասավանդել այդ առարկան, պետք է լինի այնպիսի ուսուցիչ, որը փոխադարձ հարգանքի միջավայրում է դասն անցկացնում, ունի երեխաների հանդեպ մեծ հարգանք, կարողանում է լեզու գտնել նրանց հետ, ինքն էլ անկեղծանալ: Փաստեց՝ միշտ չէ, որ դպրոցները հետեւում են ուսուցչի համար անհրաժեշտ կարողունակություններին:

Մարինա Մելքումովա

«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի խոսքով, ծրագիրը երկու տարի փորձարկվել է Տավուշի մարզում, փորձարկումների եւ մշտադիտարկումների արդյունքում ուսուցչի ձեռնարկները վերանայվել են: Հավելեց, որ ունեն դրական արձագանքներ եւ ուսուցիչներից, եւ աշակերտներից: Մարինա Մելքումովան նշեց, որ բոլոր թեմաները միտված են անձի զարգացմանը, վարքագծին, անվտանգությանը, վնասակար սովորույթներին՝ ծխախոտին, թմրամիջոցներին ո՛չ ասելուն:

Նունե Վարդանյան

Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանի խոսքով, իսկապես մեծ ձեռքերում է, որ դպրոցում երեխաները հնարավորություն ունեն քննարկել սթրեսի կարգավորումը, հաղորդակցումը, հարաբերությունները: «Ամեն դասարանում տարիքին համապատասխան՝ քննարկվում են հոգեկան առողջության տարբեր թեմաներ: Օրինակ` դեռահասության փուլում քննարկում ենք ինքնագնահատականը, մասնագիտական կողմնորոշումը, ինքնության ձեւավորումը:

Ցավոք, այսօր երեխաների եւ դեռահասների պարագայում չենք կարող վերահսկել, թե ինչ տեղեկություններ են իրենք ստանում: Եվ եթե առաջ ասում էինք, որ վտանգը դրսում է, պետք չէ երեկոյան տանից դուրս գալ, ապա այսօր վտանգը հենց իրենց հեռախոսների մեջ է: Երեխաներն ունեն տեղեկություններ ստանալու անսահմանափակ հնարավորություն»,-փաստեց Նունե Վարդանյանը: Նրա խոսքով, երեխաներին պաշտպանելու միակ միջոցը նրանց գրագետ տեղեկատվություն փոխանցելն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829