Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը փակվում է։
«Այդ հրապարակման հետ կապված որեւէ հատուկ հայտարարություն մենք չունենք, քանի որ որեւէ նման գործընթաց չկա։ Ինչպես միշտ, այս դեպքում եւս մենք հրապարակայնորեն չենք խոսում մեր եւ տվյալ իշխանությունների հետ մեր կոնֆիդենցիալ երկխոսության մասին, նաեւ չենք մեկնաբանում իրենց հայտարարությունները։ Բնականաբար, մեր մոտեցումն այն է, որ ինչքան կարող ենք առաջարկել մեր մանդատի ներքո մարդասիրական ծառայությունները տարածաշրջանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում, մենք պատրաստակամ ենք։ Եվ տեսնելով որոշակի կարիքներ՝ նաեւ առաջիկայում մեր մոտեցումը մնում է դա։ Մենք չենք կարող որեւէ իշխանության անունից հնչեցրած հայտարարությունները մեկնաբանել։ Այսինքն՝ ցանկացած հարց մենք ուղղելու ենք կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, որպեսզի կարողանանք հասկանալ մոտեցումները»,- ասաց Զառա Ամատունին։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ թիրախն այն չէ, որ ամեն գնով պետք է մնալ որեւէ տարածքում։ ԿԽՄԿ-ն մնում է այնտեղ, որտեղ պետք է եւ կա առաքելության անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ օրերս Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը փակվել է։ Ադրբեջանական կողմը որպես պատճառ նշում է այն, որ ԿԽՄԿ գործունեությունն Արցախում «միշտ էլ որոշակի կասկածներ եւ հարցեր է առաջացրել»։ «ԿԽՄԿ-ի եւ Հայաստանի անպատասխանատու եւ ոչ թափանցիկ գործունեության արդյունքում Ղարաբաղյան հակամարտության ժամանակ գերեվարված ու պատանդ վերցված մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագիրը դեռեւս անհայտ է»,- նշել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ