Լրահոս
Օրվա լրահոսը

Պահքը ճիշտ առիթ է լռելու, քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ քահանա Մելիքյան

Փետրվար 12,2024 13:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Պահքին ընդառաջ. լռություն

Խոսքի ազատության իրավունքով, խնդրում եմ, պարզապես լռեք։ Առջևում Մեծ պահքն է։ Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու և ներհայեցողությամբ քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին, մեր ինքնագիտակցությանը, ապագայի տեսլականին և ի վերջո՝ ինքներս մեզ։ Պահքը առիթ է՝ լռության մեջ դիտարկելու մեր նախընթաց կեցությունը և փրկելու այն, ինչ իսպառ դեռ չի կորսվել, սրբագրելու և շտկվելու հանուն ապագայի։

Ո՞ւր պիտի հասնենք՝ ոտքի կոխան անելով անխտիր ամեն ինչ, արժեզրկելով ամեն սրբություն ու արժեք, մակերեսային և պարզունակ դարձնելով մեր ազգի անցյալի և ներկայի նվիրական մղումներն ու ձգտումները, վիճարկելով մեր գոյության իրավունքը։

Ի սեր Աստծո, կանգ առեք և գեթ առժամանակ լռեք։ Այն ինչ տեսնում ենք, հոգեմտավոր սպանդ է, գրեթե ազգային ինքնասպանություն, մի ճահիճ, որն իր տիրույթում հայտնվածին երբեք առիթ չի տալիս փրկության։ Նկատելի մրցավազքի մեջ ոչինչ և ոչ մեկի չեք փրկի, եղածն էլ կկորցնենք։ Դրա իրավասությունը ոչ մեկին մեր ժողովուրդը չի ընծայել։

Սիրելիներ, մեր այսրոպեական հաղթանակները, որքան էլ որ թանկ ու գոհացուցիչ կարող են թվալ, արժեք չունեն և հաջորդ իսկ ակնթարթին՝ պատեհ կամ անպատեհ, վերաճում են նոր ողբերգության, պատճառում նոր ցավ և հուսալքություն։

Ի սեր Աստծո, կանգ առեք և մի ընկեք համընդհանուր հորձանապտույտի մեջ, ինչն անկարող է դարձնում մոլորեցուցիչ գաղափարական մեգի մեջ նշմարել ճշմարիտ ուղին։

Պետք է լռել, չհայհոյել, չայպանել, չվիրավորել, չհպարտանալ, չվատաբանել, չպիտակավորել, չզազրախոսել՝ այս բոլորը մեղք են, պետք է պարզապես լռել, հանդարտվել ու այդպիսով ունակ կլինենք ազգովի, ամենքս զատորոշելու այլ ձայներ, որոնք իսկ կուղենշեն անձնական և հավաքական վերընթացի ցանկալի ուղին։ Հենց լռության մեջ ի վերջո կարող եք լսել Աստծո՝ Արդարության, Սրբության և Ճշմարտության ձայնը։

Լուռ մնալը ևս պահեցողություն է։ Պետք է կարողանալ լռել, որպեսզի ատակ լինենք պատասխանատվությամբ իրագործելու ապագա հաղթություններն երաշխավորող վեհ առաքելությունը՝ ազգային ցանքը, որպեսզի մեր տեսակի ցորյանը լինի առողջ, ազնիվ, հասուն և բարեբեր։

Բարի պահեցողություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829