Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունելի է, որ դատարանը արդար որոշում է կայացրել». Արմինե Հովհաննիսյան

Փետրվար 12,2024 12:49

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը դատական կարգով փորձում է պաշտպանել ապօրինի շինարարության պատճառով իր շահառուների ոտնահարված իրավունքները: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է «Օրրանի» ներկայացված հայցն ընդդեմ Արգամ Հովհաննիսյանի եւ երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ հայցվորի իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք տիկին Հովհաննիսյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը։

– Ողջունելի է, որ դատարանը արդար որոշում է կայացրել։ Այս ժամանակներում, երբ շինարարական անօրինություններն ամենուր են, գովելի է դատարանի անաչառությունը, որը մեկ անգամ եւս ապացուցում է, որ անարդարության դեմ պայքարն իզուր չէ։ Հույս ունենք, որ դատարանը նույն ոգով եւ բծախնդրությամբ կշարունակի մերժել պատասխանող կողմերի բողոքարկումները եւ բուն դատական գործընթացը կշարունակի նույն բարեխղճությամբ։

–           ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը։ Մասնավորապես, խնդրել էր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շրջանակում համապատասխան տեսչական ստուգում ձեռնարկել՝ պարզելու Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիմնավորվածությունը, ինչպես նաև տվյալ հասցեի կառուցապատման համապատասխանությունը ՀՀ-ում գործող քաղաքաշինական, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության եւ այլ նորմերին։

-Տիկին Գալստյանին քաղաքապետարանի կողմից տեղեկացրել են, որ կառուցապատողն ունի համապատասխան շինարարական թույլտվություն, իսկ տեսչական մարմինը պատասխան նամակում գրել է՝ քանի որ գործը ներկայումս քննվում է դատական կարգով, վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը։

– Իրո՞ք կեղծված փաստաթղթեր էին ներկայացվել կառուցապատողի կողմից։

-Տեսչական մարմինը մեզ ուղարկել էր մի փաստաթուղթ, ըստ որի ես իբր տվել եմ շինարարության կառուցման համաձայնություն։ Այդ փաստաթուղթը նայելիս, անզեն աչքով էլ պարզ է, որ դա իմ ստորագրության բնօրինակը չէ։ Ավելին՝ փաստաթղթի վրա դրված է կես կնիք այն էլ՝ աղավաղված։ Նույնիսկ զարմանալի է, որ այսպիսի փաստաթուղթը պատկան մարմինները օգտագործել են որպես հիմք։

-Այս պահին շինարարական աշխատանքները շարունակվո՞ւմ են:

– Այս պահին դրանք կասեցված են, սակայն այդ կիսակառույց շենքը ամբողջությամբ փակում է հոգեբանական սենյակի «հույսի պատուհանը»։ Ներկա պահին, մեր հոգեբանը չի կարողանում օգտագործել այդ նպատակով հատկացված սենյակը, քանի որ պատուհանից բացվող գորշ ու մութ տեսարանը ավելի է անհանգստացնում ու վախեցնում երեխաներին։

Ես այս անօրինականության դեմ պայքարում միայնակ չեմ, բազում սրտացավ քաղաքացիներ եւ լրատվականներ հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու։

 

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829